Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում՝ բացահայտվել է կազմակերպված խմբի կողմից մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրամիջոցներ ներմուծումը, պարզվել խմբի անդամների ինքնությունը, անհատականացվել նրանց գործողությունները։
Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժից, նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2015թ. մայիսից մինչև հունիսի 10-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպված խմբի կողմից մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցներ են ներմուծվել ՀՀ և դրանք իրացվել տարբեր անձանց:
Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կազմակերպված խմբի անդամների ինքնությունը, ապացույցներ ձեռք բերվել, որ այն ձևավորվել է ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալների նախաձեռնությամբ, ովքեր ունեցել են նաև օժանդակողներ ազատության մեջ։
Մասնավորապես՝ Հ.Կիրակոսյանը «Հրազդան» ՔԿՀ-ում պատիժը կրելու ընթացքում համաձայնություն է ձեռք բերել նույն ՔԿՀ-ի դատապարտյալ Վ.Կարապետյանի հետ՝ Բ.Մկրտչյանի միջոցով Հայաստան թմրամիջոցներ տեղափոխելու և դրանք իրացնելու վերաբերյալ: Նրանց երեքի կազմում ստեղծված կազմակերպված կայուն խմբի հանցավոր գործունեությունն իրականացնելու նպատակով՝ որպես հանցագործության օժանդակողներ են ներգրավվել ազատության մեջ գտնվող քաղաքացիներ Ա.Հարությունյանը և Հ.Նիկոյանը:
Ըստ կատարված դերաբաշխման՝ Բ.Մկրտչյանը, մաքսային հսկողությունից թաքցնելով, Հունաստանից Հայաստան է առաքել ապօրինի ձեռք բերած թմրամիջոցները, որոնք Հայաստանում ստացել է Հ.Կիրակոսյանը՝ Հ.Նիկոյանի օժանդակությամբ, և փոխադրել, իսկ իրացումից ստացված գումարները հավաքել և ուղարկել է Բ.Մկրտչյանին: Վ.Կարապետյանը պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ-ում թմրամիջոց ձեռքբերողների հետ, կազմակերպել Ա.Հարությունյանի և Հ.Նիկոյանի օժանդակությամբ դրանց իրացումները:
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Հ.Կիրակոսյանին, Վ.Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի, 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի հատկանիշներով, Ա.Հարությունյանին և Հ.Նիկոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով:
Բ.Մկրտչյանի մասով քրեական գործն անջատվել է առանձին վարույթ, նա որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի, 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի հատկանիշներով և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: