կարևոր
754 դիտում, 1 ժամ առաջ - 2025-09-25 09:30
Հասարակություն

Ե՞րբ հնարավոր կլինի կենսաթոշակները բարձրացնել 50 տոկոսով. «Փաստ»

Ե՞րբ հնարավոր կլինի կենսաթոշակները բարձրացնել 50 տոկոսով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մի քանի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե մարդիկ Հայաստանում շուրջ 50 տոկոսով ավելի լավ են ապրում, քան 2018-ին։ Զուգահեռ նա ասում էր, որ «եթե 2025 թվականի ապրիլին ամբողջ պետական համակարգը զրո աշխատավարձ ստանար, ապրիլին թոշակները հնարավոր կլիներ բարձրացնել 1400 քանի դրամով»:

Տարբեր մասնագետներ ոչ մեկ անգամ փաստերով ապացուցել են, որ այս բոլոր պնդումները, մեղմ ասած, մանիպուլ յացիաներ են: Օրերս այդ մասին հայտարարեց նաև «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը՝ նշելով, որ Հայաստանում հնարավոր է նվազագույն կենսաթոշակը 36 հազար դրամից դարձնել 54 հազար դրամ, այսինքն՝ բարձրացնել 50 տոկոսով: Ըստ «ՀայաՔվեի» ներկայացուցիչների, դա հնարավոր է անել պետական կառույցներին պետբյուջեից հատկացվող գումարների, ինչպես և վարչապետի պահուստային ֆոնդի կրճատումների հաշվին:

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը նշում է, որ անցած 7 տարում կենսաթոշակների աճը կազմել է 22 տոկոս, այնինչ նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ գնաճը եղել է 26 տոկոս: Ընդ որում, խոսքը սպառողական գնաճի մասին է, որի մեջ ներառված չեն օրեցօր բարձրացող տարբեր հարկերն ու տուրքերը (օրինակ՝ գույքահարկը), որոնց հետևանքները հատկապես սուր են զգում կենսաթոշակառուները:

Ի դեպ, նշվում է, որ տարածաշրջանի երկրներից ամենացածր կենսաթոշակը Հայաստանում է՝ մոտ 93 դոլար, այնինչ Վրաստանում 148 դոլար է, Ադրբեջանում՝ 188 դոլար, իսկ Թուրքիայում՝ 505 դոլար:

«ՀայաՔվեն» սկսելու է ստորագրահավաք և հանրագրով դիմելու է իշխանություններին՝ կենսաթոշակը բարձրացնել 50 տոկոսով: Ի դեպ, ուշագրավ է, որ «ՀայաՔվեի» այս հայտարարությունից հետո իշխանությունները որևէ կերպ չեն հակադարձել, չեն փորձել հերքել, որ հնարավոր է կենսաթոշակները 50 տոկոսով բարձրացնել: Ամենայն հավանականությամբ, փաստերը չափազանց ծանրակշիռ են՝ հակառակը պնդելու համար: