Փոխարժեքներ
11 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Ֆրանսիան լրացուցիչ 3 միլիոն եվրո կհատկացնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին Լեռնային Ղարաբաղում մարդասիրական գործունեությանն աջակցելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը՝ մանրամասներ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հեռախոսազրույցից։
Ֆրանսիայի ԱԳ նախարարը խորը մտահոգություն է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն արդեն ավելի քան ութ ամիս է, ինչ տառապում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով։
Կոլոննան ափսոսանք է հայտնել Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակման կապակցությամբ, որը հակասում է հրադադարի մասին համաձայնագրերի շրջանակներում ստանձնած պարտավորություններին և վնաս է հասցնում բանակցային գործընթացին:
Նա ընդգծել է, որ չլուծված հարցերը կարող են լուծվել միայն բանակցությունների միջոցով, ինչն արդար և տևական խաղաղության հասնելու հնարավորություն կտա: Այդ մասին նախարարը նշել էր նաև ապրիլի 27-ին և 28-ին Ադրբեջան և Հայաստան կատարած իր այցերի ժամանակ:
Նախարարը կրկնել է Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը երկու ուղղություններով վերականգնելու, բնակչությանն անխափան գազ և էլեկտրականություն մատակարարելու իր կոչը:
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը պետք է կատարի իր միջազգային պարտավորությունները, մասնավորապես, իրականացնի Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը, որն ունի պարտադիր կատարման ուժ։
Երկու նախարարներն անդրադարձել են նաև օգոստոսի 15-ին Հայաստանի սահմանին ԵՄ դիտորդական առաքելության պարեկության ժամանակ ադրբեջանական կրակոցներին: Կոլոննան մտահոգություն է հայտնել այդ միջադեպերի կապակցությամբ և լիակատար աջակցություն հայտնել Եվրոպական առաքելությանը։