կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-17 14:51
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հնարավոր է՝ Սիսիանի մոտ լինի երկրորդ միջանցքը, քանի որ Փաշինյանը թշնամուն երկու միջանցքի խոստում է տվել․ Հրանտ Բագրատյան

Նոյեմբերի 9-ի հայտարարությունից բացի կա հունվարի 11-ին ստորագրված երկրորդ փաստաթուղթը և, բացի այդ, կա 3 պրոտոկոլ․ մենք առայժմ գտել ենք մեկը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մամուլի ասուլիսում։

Նա պահանջեց հրապարակեք բոլոր այն փաստաթղթերը, որն այս իշխանությունները ստորագրել են։

«Հնարավոր է, Սիսիանի մոտ լինի երկրորդ միջանցքը, քանի որ թշնամին պնդում է, որ Փաշինյանը երկու միջանցքի խոստում է տվել, չնայած այսօր Փաշինյանն ասաց՝ այդպիսի բան չկա։ Եթե այդպիսի բան չկա, ապա մենք Զարուհի Փոստանջյանի և Գառնիկ Իսագուլյանի հետ հայտարարել ենք՝ հրապարակեք բոլոր այն փաստաթղթերը, որն ստորագրել եք»,-ասաց Հրանտ Բագրատյանը։

Նա արձանագրեց, որ Սյունիքում հակառակորդը մտել է, գրավել է դիրքեր, վերահսկողություն սահմանել Սև լճի նկատմամբ․ լիճ, որտեղից խմելու ջուր են ստանում Գորիս և Սիսիան քաղաքները։

«Ակներևաբար, լճից այն կողմ թշնամին ռազմականացված բնակավայր է կառուցելու և այդ բնակավայրին ջուր է պետք»,-ասաց Բագրատյանը։

Նա հիշեցրեց, որ բանակցության ժամանակ ադբեջանական կողմը հայտարարել է, որ Փաշինյանը խոստում է տվել, որ Տավուշում 8 գյուղ պետք է տա և մեկ գյուղ էլ Արարատի մարզում՝ դա Քյարքին է, իսկ Քյարքին տալով՝ մենք արդեն ճանապարհ չենք ունենա դեպի Սյունիք։

«Ինքը տալու է՝ մեկ է, ժողովո՛ւրդ, դա, ես վստահ եմ այդ դևի վրա»,-ասաց Հրանտ Բագրատյանը։

Նա նշեց, որ անելու է այնպես, որ ամենաձեռնտուն լինի Ադրբեջանին։

«Նրանք 250 հոգով մտել էին Սյունիք․ էլ ի՞նչ առիթ է պետք, բոլոր բարձունքների վրա հայ զինվորները նստած են՝ շրջապատիր, վերցրու, գերիների հարցն էլ կլուծես, ամբողջ աշխարհը քո կողմն է։ Վերևից դնում ես՝ «ԴՇԿ»-ով սատկացնում ես բոլորին․․․ բայց հրաման չի տրվում»,-ասաց նա։

Հրանտ Բագրատյանը նաև հիշեցրեց, որ թշնամին մտել է, և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է՝ դիմում եմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, բայց Փաշինյանը տոն չի տալիս՝ Մակրոնին չի պատասխանում։

«Հլա տես, հազիվ ձեռք է մեկնում․․․ հերթական անգամ Մակրոնն իր շրջապատին ասում է՝ իմ տպավորությունն այն է, որ մի ապուշի եմ ձեռք մեկնել»,-ասաց Բագրատյանը։

Իբրև Փաշինյանի ադրբեջանանպաստ հաջորդ գործողություն նա նշեց, որ հենց ինքն է զանգել Պուտինին, հետո դիմել է ՀԱՊԿ-ին, հետո, պատասխանը ստացած, գնացել՝ բանակցել է։

«Բանակցում ես ո՛չ դու։ Ի վերջո, գալիս է գեներալ Մուրադովը, ադրբեջանցիներն ասում են՝ մի քանի տեղից գնում ենք, բայց ամենաբարձր պոստը մնում է։ Մենք ասում ենք՝ Ադրբեջա՛ն, մենք համաձայն ենք, որ դուք ՀՀ տարածքում պոստ ունենաք»,-ասաց Բագրատյանը։

Նա արձանագրեց, որ մենք արել ենք այնպես, որ Ադրբեջանը հաղթանակած դուրս գա։

Բագրատյանը նաև նկատեց, որ երկրի անվտանգության պատասխանատուն ՀՀ նախագահն է, որը, սակայն, փախած է։

«Ռուսաստանում է, և ռուսները չեն հասկանում՝ ՀՀ նախագահը 15-20 օր ի՞նչ է անում այնտեղ»,-ասաց Հրանտ Բագրատյանը։

Հրանտ Բագրատյանը կոչ արեց այսօր և հաջորդ օրերին՝ ժամը 19։00-ին, գնալ Ազատության հրապարակ․ «Թուղթ ու գրիչ ենք բերելու։ Ովքեր աշխարհազոր են ուզում գրվել, կփորձենք զորամիավորում ձևավորել։ Ուրիշ ճար չկա»։

Մանրամասն՝ տեսանյութում․