Փոխարժեքներ
08 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.28 |
EUR | ⚊ | € 442.38 |
RUB | ⚊ | ₽ 4.8166 |
GBP | ⚊ | £ 519.46 |
GEL | ⚊ | ₾ 141.87 |
Ադրբեջանական շրջափակման ու հրաշքով փրկվելու պատմությունը՝ մեկ գրքում․ ՀՀ ԳԱԱ-ում ներկայացվեց Կոլյա Ստեփանյանի «Որտե՞ղ» գիրքը։
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը և «Հայոց տուն» նախաձեռնությունը «Կենդանի պատմություն» միջոցառման շրջանակում հյուրընկալել էին 44-օրյա պատերազմի մասնակից և հրաշքով փրկված Կոլյա Ստեփանյանին և իր հինգ ընկերներին։
Արսեն Այվազյանը, Արման Արմաղանյանը, Դավիթ Սահակյանը, Արթուր Հարությունյանը և Ռուսլան Թումանյանը և Կոլյա Ստեփանյանը 70 օր ադրբեջանական շրջափակումից փրկված տղաներն են, Կոլյա Ստեփանյանի «Որտե՞ղ» գրքի իրական հերոսները։ Նրանց 70-օրյա պայքարի ու ողջ մնալու ճանապարհի մասին պատմող գիրքը ներկայացվեց «Կենդանի պատմություն» միջոցառմանը։
Միջոցառմանը ներկա էին նաև տղաների ծնողները։
«Մենք իրենց ենք կյանք պարգևել, իրենք էլ իրենց վերադարձով են մեզ կյանք պարգևել։ Հիմա ավելի ուժեղ եմ, քան երբևէ»,- արցունքները զսպելով ասաց Ռուսլան Թումանյանի մայրը՝ տիկին Կարինեն։
Կոլյա Ստեփանյանը պատմեց, որ գիրքը, թեև գեղարվեստական է ու որոշակիորեն վերաշարադրումն է իրադարձությունների, բայց նկարագրված բոլոր գործողությունները իրականությունն են՝ վերաիմաստավորված դեպքերից տարիների հետո։ Մանկուց գրող դառնալու երազանքն իրականացրած Կոլյան իսկապես արձանագրել է կենդանի պատմությունը, որն ապագա սերունդներին՝ զուտ նկարագրությունից բացի՝ շատ ասելիք ու պատմելիք ունի։
«Հայոց տուն» նախաձեռնության համահիմնադիր, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը տղաներին հորդորեց ընտանիք կազմել, սերունդը շարունակել․ «Դուք հաղթել եք մահվանը, հիմա պիտի հաղթեք կյանքում և պետք է հաղթեք՝ սերունդ ունենալով»,-ասաց պրոֆեսորը։
«Գիրքը իսկապես կենդանի պատմություն է այն մասին, թե ինչ ոգու տեր են հայ երիտասարդները։ Ամեն էջում արձանագրված պատմություն է»,-ասաց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և «Հայոց տուն» նախաձեռնության հիմնադիր անդամ Աշոտ Մելքոնյանը։
«Դուք կենդանի լեգենդներ եք։ Դուք ձեր օրինակով, հայկական պետականությանը ձեր նվիրվածությամբ դարձաք հերոսներ»,- իր խոսքում նշեց «Հայոց տուն» նախաձեռնության նախաձեռնող խմբի անդամ, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը։