կարևոր
553 դիտում, 4 ժամ առաջ - 2025-05-06 23:29
Հասարակություն

Տառերը, գրել, կարդալ չիմացողը միանգամից նստելու է 2-րդ դասարան․ Կյուրեղյանը՝ ԿԳՄՍ նախարարի հրամանի մասին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի ելույթը՝ ԱԺ հայտարարությունների ժամին

«Սիրելի հայրենակիցներ, ձեզ եմ ներկայացնելու ԿԳՄՍ նախարարի հերթական հրամանի հնարավոր բացասական հետևանքները:

Միաժամանակ հրավիրում եմ ԱԺ կրթության հարցերով մշտական հանձնաժողովի ուշադրությունը բարձրացված հարցին:

 Եվ այսպես. 

ԿԳՄՍ նախարարի հրամանով «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման … կարգի» մեջ կատարվել է փոփոխություն, համաձայն որի 

«Հանրակրթության մասին» օրենքով սահմանված ժամկետից ուշ 

սովորողը հանրակրթության մեջ ընդգրկվում է մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 7 և 8 տարին լրանալու դեպքում տարիքային խմբին համապատասխան դասարան՝ ընդհանուր հիմունքներով՝ 2025-2026 ուսումնական տարվանից սկսած:

Փաստորեն ըստ այս հրամանի.

Եթե երեխան որևէ պատճառով, նաև խիստ հիմնավոր, չի գնացել դպրոց , ապա հաջորդ տարի միանգամից երկրորդ դասարան է գնալու։ Տառերը, գրել, կարդալ չիմացողը, մաթեմատիկայում մինչև 20-ի սահմանում գումարում, հանում չիմացողը նստելու  է միանգամից երկրորդ դասարան, որի ծրագրով  անցնում են բազմապատկման աղյուսակը, երկար տեքստերի վարժ ընթերցանություն, ուղղագրական կանոններ և այլն։

Այս ամենը հարցեր են առաջացնում.

 • Ինչպե՞ս է լրացվելու 1 տարվա բացթողումը։

 • Ո՞վ է լրացուցիչ օգնելու երեխային 2-րդ դասարանի ծրագրին զուգահեռ։

 • Կա՞ մշակված ծրագիր, մեթոդաբանություն։

 • Եթե այդ պարտականությունները դրվելու են դասվարի վրա, ապա վճարվելու է՞ արդյոք դասվարը լրացուցիչ ծանրաբեռնվածության համար: Հակառակ պարագայում արդյոք կապահովվի անհրաժեշտ որակ:

 Արդյունքում ունենալու ենք.

  Կրթությունից հիասթափված երեխա, 0 մոտիվացիա սովորելու նկատմամբ, «վատ սովորող»-ի պիտակ, 

 Ծնողի համար ֆինանսական մեծ ծախս լրացուցիչ մասնագետի մոտ պարապելու համար։

 • Ուսումնասիրվե՞լ են արդյոք աշակետների՝ ուշ տարիքում դպրոց հաճախելու պատճառները:

• Ի՞նչ ռիսկեր կարող են առաջանալ այս հրամանի կիրարկման պայմանններում և ի՞նչ քայլեր են առաջարկվում նման ռիսկերի հաղթահարման ուղղությամբ:

 Արդյունքում ունենալու ենք կրթության ոչ բավարար մակարդակ, անգրագիտության աճ: 

Թե՞ հենց սա է այս հրամանի նպատակը:

Չէ՞ որ չկրթված մարդուն ավելի հեշտ է կառավարել»: