Մարտակերտի թիվ 1 դպրոցի ուսուցչուհի Նատաշա Պողոսյանն ընդունել է Արցախի ԿԳՄՍ նախարարի՝ Արցախի հայոց լեզվի և գրականության ուսուցիչներին ուղարկված մարտահրավեր֊առաջարկը՝ ամառվա ընթացքում կարդալ Վահան Թոթովենցի «Բաքու» եռահատոր վեպը։ Այն խորհրդային տարիներին արգելված է եղել, և պահպանվել են վեպի եզակի օրինակներ։ Ուսուցչուհին այդ առիթով նշել է.
«Ընդունում եմ Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի մարտահրավերը, որ վերջերս ուղարկել էր Արցախի հայոց լեզվի և գրականության բոլոր ուսուցիչներին՝ Վահան Թոթովենցի «Բաքու» վեպի ընթերցանությամբ:
Ճիշտն ասած, ուսուցիչներին դեպի ընթերցանություն տանելու այս մոտեցումը շատ ողջունելի է, հիացմունքս մեր հարգարժան նախարարին: Մյուս կողմից ինձ շատ հետաքրքրեց գիրքը՝ այս տողերով.
«Վեպ սիրո, նավթի, սև փողերի, կարգերի բախման և այլ մութ անցքերի մասին, հայաշատ Բաքու, որտեղ նույնիսկ չկար «ադրբեջանցի» հասկացությունը»:
Թոթովենցի «Բաքու» եռահատոր վեպը ժամանակին արգելվել է և շուրջ իննսուն տարի մնացել ընդհատակում։ Գրողը ստալինյան անհիմն հալածանքների զոհ է դարձել, գնդակահարվել: Գրքի առաջին հրատարակությունից պահպանվել է մի քանի օրինակ։
Բայց գիրքը նոր հրատարակություն ունի, «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը վերահրատարակել է եռահատոր վեպը մեկ գրքով:
Շնորհակալությունս տիկին Ղարախանյանին, այս գիրքն իննսուն տարի անց մեզ պարտավորեցնում է ընթերցել՝ ի հեճուկս մեր թշնամիների: Երևի նրանց համար էլ «աչքալուսանք» կլինի, թե իր ժամանակ հայերն ինչպիսի մեծ ազդեցություն են ունեցել Բաքվում:
Շնորհակալություն Մարտակերտի կենտրոնական գրադարանի տնօրենությանը, երբ գիրքը գրադարանում չկար, բայց շտապ հետաքրքրվել, նոր հրատարակության մեկ օրինակ է ձեռք բերել, փոխանցել ընթերցողիս»: