կարևոր
418 դիտում, 3 ժամ առաջ - 2025-01-22 10:02
Քաղաքական

ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»

ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է․ Տեւական ժամանակ է՝ Ադրբեջանը պահանջում է 2023-ից Հայաստանում առաքելություն իրականացնող դիտորդներին հանել հայ-ադրբեջանական սահմանից. սա «խաղաղության պայմանագրի» այն կետերից է, որը դեռեւս չի համաձայնեցվել կողմերի միջեւ: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ չեն երկարաձգելու դիտորդների գործունեության ժամկետը՝ երեկ ճեպազրույցի ժամանակ հարցրինք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին:

Նա բացասական պատասխան տվեց՝ ասելով, որ Ադրբեջանը նման պահանջ է ներկայացրել, հայկական կողմն էլ դիտորդների գործունեության շարունակության վերաբերյալ իր տարբերակն է ներկայացրել: Խնդրեցինք բացահայտել, թե ինչ տարբերակ է առաջարկել հայկական կողմը, նա չբացահայտեց՝ ասելով, որ դա կխանգարի բանակցություններին: 

Հնչեցրինք մեր ունեցած տեղեկությունները, որ հայկական կողմն առաջարկում է դիտորդական առաքելության ֆորմատը փոխել` օֆիսային տարբերակով շարունակեն իրենց առաքելությունը, ավելի հեռու սահմաններից: Ալեն Սիմոնյանը նշեց․ «Չեմ բացառում, որ այն կետերում, որտեղ դեմարկացված սահման ունենք, օրինակ՝ Կիրանցի շրջանում, դիտորդական առաքելություն իրականացնելու կարիք չլինի: Չեմ բացառում, բայց որեւէ հստակ բան չեմ կարող ասել»: