կարևոր
577 դիտում, 15 ժամ առաջ - 2025-01-14 10:47
Քաղաքական

Նորից լսումներ․ «Հրապարակ»

Նորից լսումներ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ հունվարի 10-ին 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպել են ԱԺ պատգամավոր, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հետ։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ անցկացնել խորհրդարանական լսումներ, որպեսզի ծնողներն ու հարազատները պատկան կառույցների ղեկավարներին ուղղեն իրենց հուզող հարցերը, սպառիչ պատասխաններ լսեն։

Նախատեսվում է լսումներն անցկացնել ամսվա վերջին՝ կա՛մ հունվարի 29-ին, կա՛մ 30-ին։ Լսումները կանցկացնի Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովը, հրավիրվելու են ԱԱԾ տնօրենը, գլխավոր դատախազը եւ այլ պաշտոնյաներ։ Պատերազմից ավելի քան չորս տարի անց մոտ 200 մարդ անհետ կորած է համարվում։

Հիշեցնենք՝ անհետ կորածների ծնողներն ու հարազատները տարեվերջին՝ դեկտեմբերի 27-ին, ժամեր շարունակ փակել էին Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում Անդրանիկ Քոչարյանի հետ։ Նրանք հայտնել են, որ արդեն երկար ժամանակ փորձում են հանդիպել Քոչարյանին, սակայն չեն ստացել դրական արձագանք։

Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպել էր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, որից հետո հայտարարել էր, որ առաջիկայում բարձրացված խնդրի կապակցությամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ»: