Փոխարժեքներ
21 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Մինչ Փաշինյանը սոխով ձվածեղ է պատրաստում, թշնամի երկրի ղեկավարը ևս մեկ անգամ մատ է թափ տալիս Հայաստանի վրա ու սպառնալիքի լեզվով խոսում: Երեկ՝ հունվարի 7-ի ուշ երեկոյան, Ալիևը հարցազրույց է տվել տեղական հեռուստաալիքներին: Նախ հոխորտացել է, որ Հայաստանը չպետք է «աշխարհագրական խոչընդոտ լինի» Թուրքիայի և Ադրբեջանի միջև՝ կրկին սպառնալով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ: Հետո հայտնել իր երազանքներն ու ցանկությունները, թե լավ կլիներ, որ ՀՀ վարչապետն ընդուներ «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի ներկայացուցիչներին:
«Որքան ինձ հայտնի է, նրանք պատրաստ են գնալ նաև Երևան»,- հայտարարել է Ալիևը:
Սա առաջին դեպքը չէր, որ թշնամի երկրի ղեկավարը նման խոսույթներով է հանդես գալիս: Սրանով նա ևս մեկ անգամ ապացուցում է, որ «խաղաղության օրակարգը» կեղծ է և մեռելածին, որովհետև հենց նա՝ Ալիևը, օկուպացիոն գործողության է պատրաստվում: Yerkir.am-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Արա Պողոսյանը:
«Հիմա նոր տարածաշրջան է ձևավորվում: Հենց Ալիևն է խոսում այդ մասին: Հատկապես մեր տարածաշրջանի համար չափազանց կարևոր էին սիրիական զարգացումները, որտեղ իշխանության եկան այնպիսի ուժեր, որոնք իրենց հպատակությունն են հայտնել Թուրքիային և գործում են թուրքական առաջնորդությամբ. սա հիմա շատ կարևոր հանգամանք է»,- ասաց քաղաքագետը: Նրա խոսքով՝ ստացվում է, որ ըստ Ալիևի՝ իր համար բավականին նպաստավոր պայմաններ են ստեղծվել, որը կարող է օգտագործել ՀՀ-ից իր առավելապաշտական նկրտումները ստանալու համար
Քաղաքագետը Ալիևի հարցազրույցից մեկ այլ՝ մեր օրերում առավել կարևոր դիտարկում առաջ բերեց, թե ՀՀ-ն չպետք է զինվի: Սրա դեպքում, ըստ թշնամի երկրի ղեկավարի, ՀՀ-ն դառնում է ֆաշիստական պետություն ու սպառնալիք՝ հենց Ադրբեջանի համար: Այստեղ քաղաքագետը մի դիտարկում արեց. «Հաճախ հիշում եմ Մուսթաֆա Քեմալի՝ 1920-ի ամենատարբեր նամակագրությունները… Այնտեղ կարմիր թելի նման անցնում էր այն միտքը, որ ՀՀ-ն Թուրքիայի և թուրքական աշխարհի միջև խրված «սեպ» է, որից պետք է ազատվել: Այս միտքն, ի դեպ, հարցազրույցում արտահայտել է նաև Ալիևը: Սրանք ինքնին խոսում են նրա մասին, որ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղություն հաստատել Հայաստանի հետ»,- շեշտեց Պողոսյանը:
Քաղաքագետի խորը համոզմամբ՝ առաջիկայում թշնամին նորանոր պահանջներ է դնելու ՀՀ- ի առաջ: Ուժի կիրառման սպառնալիք կամ էլ հենց դրա կիրառումը… Պողոսյանը թշնամու քայլերում այլ ենթատեքստ չի տեսնում: Հենց սրանք 2025-ի ընթացքում լինելու են Ադրբեջանի հիմնական զինանոցում: Ալիևը նախորդիվ ձեռք բերած բոլոր պայմանավորվածությունները դիտարկելու է որպես մեր երկրի կողմից միակողմանի ստանձնած պարտավորություններ: Իրեն դուրս է թողնելու ցանկացած պարտավորվածությունից: Քաղաքագետը վստահ է՝ Ալիևը ՀՀ-Ադրբեջան հարաբերությունները տանելու է երկկողմ բանակցությունների ճանապարհով՝ դուրս թողնելով երրորդ երկրի առկայությունը: Նա պնդեց՝ ՀՀ իշխանությունները ցույց չեն տվել կամք ու ցանկություն, որոնք կապացուցեին, որ իրենք սպասարկում են Հայաստանի շահերը: Ընդհակառակը՝ Փաշինյանի իշխանությունը ցույց է տվել, որ ցանկացած իրավիճակում պատրաստ են սպասարկել թշնամու շահերը:
«ՀՀ-ի իշխանության վարքագիծը սպառնալիք է ՀՀ-ի կենսական շահերի համար: Այստեղ պետք է ընդգծել, որ ցանկացած նորմալ իշխանության պարագայում Ալիևի այս հայտարարությունները կարող էին «երկնային մանանաներ լինել»…»,- շեշտեց Պողոսյանը: Նրա դիտարկմամբ՝ այս դեպքում ցանկացած այլ իշխանություն, որը կօգտագործեր այս հայտարարությունները, իր դաշնակիցներից և կամ շահակիցներից կրող էին ստանալ աջակցություն, որոնց պայմաններում մեր երկրի անվտանգային համակարգն ավելի կամրապնդվեր:
Զրուցակիցը մինչ եզրափակելը նկատեց՝ Ալիևի այս հայտարարություններն ուղղված էին ոչ միայն ՀՀ-ի, այլև հիմնական դերակատարներից մեկի՝ Ֆրանսիայի դեմ, որի հասցեին, ի դեպ, Ալիևն ամենատարբեր մեղադրանքներն է հնչեցրել:
«Հիմա առնվազն հնարավորություն է ստեղծվում Ֆրանսիայից ստանալ այնպիսի սպառազինություն, որը կանխարգելիչ կլինի դեպքերի բոլոր հնարավոր զարգացումների համար»,- եզրափակեց Պողոսյանը:
Սիլվի Մուրադյան