Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2017 թվականի` երկրի սոցիալ-տնտեսական ցուցանիշների ամփոփման ժամանակ հայտարարել է, որ 2018 թվականին Ադրբեջանը շարունակելու է սպառազինության նոր տեսակների ձեռք բերման գործընթացը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի բանակն աշխարհի ամենաուժեղներից է:
Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Միհրան Հակոբյանն ասաց, որ, նախագահական ընտրություններին ընդառաջ, Իլհամ Ալիևը փորձում է Ադրբեջանի ժողովրդի ուշադրությունը կրկին կենտրոնացնել, այսպես կոչված, հզորագույն բանակի վրա:
«Ալիևը հասկանում է, որ Ադրբեջանի ժողովուրդը չի համարձակվում բարձրաձայն հարցեր ուղղել իրեն, չունի հարցեր ուղղելու հասարակական, քաղաքական և լրատվական խողովակներ, բայց խոհանոցներում խոսում են և հարց բարձրացնում՝ ինչպե՞ս եղավ, որ նավթային հսկայական եկամուտներ ունեցող պետությունը չի կարողանում հաղթել հայկական բանակին, արդյո՞ք Ալիևն ու շրջապատը չեն գրպանել այդ միջոցները: Սրանք շատ վտանգավոր հարցեր են, որոնց պատասխանը մի օր քլունգի տեսքով իջնելու է Ալիևների գլխին»,- նշեց Հակոբյանը` հավելելով, որ Ալիևն այս հարցից խուսափելու համար փորձում է հերթական անգամ Ադրբեջանի ժողովրդի ուշադրությունը կենտրոնացնել բանակի, այսպես կոչված, հզորության վրա:
Պատգամավորը նշեց, որ Ալիեւը խոստանում է շարունակել բանակի համալրումը թանկարժեք զինատեսակներով՝ հույս տալով ադրբեջանցիներին, որ Արցախի հարցը կարող է լուծել զինված ճանապարհով: «Եթե Ադրբեջանում ոչ բոլորն են դա հասկանում, և նա կարող է շատերին խաբել ու ապակողմնորոշել, ապա մեզ հայերիս և միջազգային հանրությանը պարզ է, որ Ադրբեջանի լավագույն տարիներն արդեն թիկունքում են. նավթի գինն այլևս մեկ բարելի դիմաց 100 դոլար չի լինելու, Ադրբեջանը չի կարողանալու գերշահույթներ ստանալ նավթի վաճառքից: Եվ եթե նախկինում չի կարողացել նավթադոլարների միջոցով բանակային հզորությամբ անցնել Հայաստանին ու Արցախին, ապագայում առավել ևս չի կարողանալու»,- ասաց Հակոբյանը:
Պատգամավորը վստահ է՝ Ալիևի հայտարարություններին պետք է վերաբերվել նախընտրական հերթական գլուխգովանության տրամաբանությամբ, ոչ ավելի: