Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախում ազատագրված հայրենիքի տարածքները նաև նրա համար էին, որ տեղի բնակչությունը կարողանար իր ֆինանսական, տնտեսական հարցերը հոգալ՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի «Ապառաժ» պաշտոնաթերթի խմբագիր Արա Պուլուզյանը։
Նա ապրում է Ստեփանակերտում և վերջին պատերազմի ցավը թարմ է՝ որդին 40 օրից ավելի է անհետ կորած է։
Պուլուզյանը տեսել է կադրերը, ինչպես է հայը շնորհակալություն հայտնում թուրք զինվորին, որ թույլ է տալիս իր տան ապրանքը դուրս բերել։ Մտածում է՝ ընդամենը մեկ տարի առաջ այդ նույն հայը կասեր՝ սա ի՛մ հողն է, այստեղ ապրել եմ, ստեղծագործել եմ, իրավունք ունեմ այստեղ ապրելու, որովհետև այն կողքը Տիգրանակերտն է՝ Տիգրանակերտը հայկական է եղել, մինչդեռ այսօր այս հոգեվիճակը փոխված է։
«Հիմա այդ մթնոլորտը պիտի կոտրել, չի կարելի այսպես։ Այսինքն, եթե ես շնորհակալություն եմ հայտնում թուրքին, որ թույլ է տալիս․․․ ես այլևս չեմ կարող մտածել, որ իմ երեխան մի օր պիտի գնա այնտեղ՝ իմ հայրենի հողում պիտի ապրի»,-ասաց նա։
Արա Պուլուզյանի կարծիքով՝ 70 տարի հետո մենք հենց դա՛ էինք կարողացել անել՝ ազատագրական պայքարը մեր մեջ որպես գաղափարական հիմք էր հանդիսացել և կարողացել էինք դա հաղթանակի հասցնել և հիմա չպետք է դրանից հրաժարվենք։ Նա կարևոր է համարում, որ այս պարտությունը չլինի լրիվ հուսահատություն և վերջ։
Ինչո՞վ պիտի ապրի արցախցին՝ հարցը ևս առաջնահերթություն է դարձել և պետք է տնտեսությունը շարժման մեջ դնելու լուծումներ մտածվեն։
Բանն այն է, որ Խորհրդային Միության ժամանակ Արցախում գործել են պայմանական 10 մեծ գործարաններ, եղել է Սովետական Միության հետ կապի երկաթգծի կայարան Ստեփանակերտի մոտ և այդ գործարանների արտադրանքը լրիվ ցրվել է Խորհրդային Միությունում, պայմանական այդ 10 գործարաններից ամեն մեկն ունեցել է պայմանական 3000 աշխատող, նաև մոտիկ գյուղերից են եկել Ստեփանակերտ՝ աշխատելու։
Խորհրդային Միության փլուզումից հետո այդ գործարաններն այլևս չեն աշխատել և մեր հայրենիքի տարածքների ազատագրումը դարձել է արցախցու տնտեսական հարցերը հոգալու հնարավորություն։
«Արցախցին օգտվում էր այդ տարածքների բնական հարստությունից՝ այգի էր հիմնում, արոտավայրերից էր օգտվում, հանքերից էր օգտվում և տնտեսություն էր ստեղծում։ Հիմա որ չունենք, նաև դրանք էլ չկան, ժողովուրդն ինչո՞վ պիտի ապրի»,-հարցադրում է անում Արա Պուլուզյանը։
Նա ինքը թեև ապրում է Ստեփանակերտում, բայց ուներ այգի, այգին նուռ էր տալիս, հիմա դա չկա՝ Աղդամի շրջանի հետ հանձնվել է թուրքերին։
Ազատագրված տարածքների օգտագործումը պտտեցնում էր Արցախի տնտեսության անիվը՝ ինքն իր եկամուտը ծախսում էի խանութում, խանութը հարկեր էր տալիս և դա անընդհատ պտտվում էր։
«Հիմա դա չկա։ Եվ սրա մասին Հայաստանի, Արցախի իշխանությունները պետք է մտածեն, առաջադրանքներ տան իշխանություններին և այդ տնտեսությունը աշխուժացնելու միտումներ մտածվեն»,-ասաց Արա Պուլուզյանը։
Նա գիտակցում է, որ հարևանների հետ, համենայն դեպս, պետք է ապրել, իսկ դրա համար պետք է ճիշտ հիմունքների վրա դրվի երկկողմ հարաբերությունները։
«Հայաստանի հիմիկվա իշխանությունների և Ղարաբաղի իշխանությունների այս պարտվողական կեցվածքով մենք չենք կարողանա դա անել»,-մտահոգություն ունի Արա Պուլուզյանը։
Նա կարևոր է համարում վերականգնել այն մթնոլորտը, որն ստեղծվել էր՝ Սփյուռք, Հայաստան, Արցախ եռամիասնությունը մի գաղափարական փարոս էր դարձել և ժողովուրդն այդ ուղղությամբ գնում էր։
«Համահայկական հիմնադրամ էր՝ Արցախի անունով էր փող հավաքում ամբողջ աշխարհում, համահայկական խաղեր էր՝ բոլորն Արցախում էին գալիս համախմբվում, այդ համախմբվածության կետն էր, մարդիկ մայիսի 9-ին հավաքվում էին Արցախում, որ մասնակցեն Շուշիի ազատագրման տոնին։ Հիմա դա չկա, հիմա ի՞նչ պիտի լինի, մենք ինչո՞վ պիտի սերունդին սնուցենք։ Գաղափարական հենքը, նախ և առաջ, պետք է նորոգենք»,-ասաց Արա Պուլուզյանը։
Աննա Բալյան
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով․