կարևոր
1672 դիտում, 1 ամիս առաջ - 2024-12-18 13:29
Քաղաքական

Կարևորը հակիրճ՝ օկուպանտ Ալիևի հարցազրույցից

Կարևորը հակիրճ՝ օկուպանտ Ալիևի հարցազրույցից

Օկուպանտ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն համաձայնության չեն եկել խաղաղության պայմանագրի 17 հոդվածից 2-ի շուրջ։

Ըստ նրա՝ «դրանցից մեկը վերաբերում է միմյանց նկատմամբ միջազգային հայցերից զերծ մնալուն», իսկ «մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչների սահմանին չտեղակայելուն»։

Թշնամի երկրի ղեկավարը նորից կրկնել է նախկինում հնչեցրած պայմանները, այն է՝ մինչ խաղաղության պայմանագիր ստորագրելը, Հայաստանը պետք է փոխի սահմանադրությունը և համաձայնի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։ 

Հաջորդիվ Ալիևը հայտարարել է, որ ԵՄ դիտորդների անվան տակ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք է ստեղծվել։

Նրա խոսքով՝ դիտորդներ ուղարկելու հարցը Բաքվի հետ համաձայնեցվել է 2022 թվականին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպման ժամանակ, ըստ որի՝ Եվրամիության ներկայացուցիչները պետք է երկու ամսով տեղակայվեին։

Անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմում Հայաստանի մնալ կամ չմնալուն՝ օկուպանտ ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանը փաստացի արդեն լքել է ՀԱՊԿ-ը և իբրև թե սպասում է Վաշինգտոնի համաձայնությանը, որպեսզի վերջնական լքի այն։

Հարցազրույցի ընթացում Ալիևն անդրադարձել է նաև Ֆրանսիայի կողմից դեպի Հայաստան զենքի մատակարարմանը։ Նրա խոսքով՝ դրանք հարձակողական մահաբեր զենքեր են, որոնք գործնական վտանգ են ներկայացնում Ադրբեջանի համար։

Եվ վերջում ցեղասպան Ալիևը տեղեկացրել է, որ օկուպացված Արցախում բնակվող ազգությամբ հայ քաղաքացիները սոցիալական աջակցություն են ստանում Ադրբեջանից։ Նրա խոսքով՝ երկու ամիս առաջ այնտեղ մոտ 20 մարդ է մնացել։