կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-24 11:26
Քաղաքական

Պանթյուրքիզմը և Հայաստանը

Պանթյուրքիզմը և Հայաստանը

Հայաստանն այսօր կանգնած է ներքին և արտաքին վտանգավոր զարգացումների շեմին, երբ մեր դարավոր թշնամիները կարծես թե հասել են իրենց գլխավոր նպատակի` պանթյուրքիզմի (համաթուրանականության) իրագործմանը շեմին: Իսկ ի՞նչ է պանթյուրքիզմը, և ի՞նչ կապ ունի դրա հետ Հայաստանը:

Պանթյուրքիզմը թյուրքալեզու ժողովուրդների ազգային գաղափարախոսությունն է և, որքան էլ տարօրինակ է,  սկիզբ է առել ոչ թե Օսմանյան կայսրությունում, այլ  Ռուսական կայսրության տարածքում՝ կայսրության  թյուրքալեզու ժողովուրդների շրջանում, 1880-ական թթ., որոնց նպատակն էր «ազատագրվել» օտար(այս դեպքում` ռուսական) տիրապետությունից, թուրք ժողովուրդներին համախմբել մեկ միասնական պետության մեջ, որը ձգվելու էր Բալկաններից մինչև Սիբիր ու Չինաստան: Պանթյուրքիզմի առավել հայտնի գաղափարախոսներից էին Ահմեդ Աղաևը, Յուսուֆ Աքչուրայը, Զիա Գյոքալփը, Ֆուադ Քյոփրյուլուն և ուրիշներ:

Պանթյուրքիզմի  գաղափարախոսներն  առաջարկում էին  թյուրքալեզու բոլոր ժողովուրդների ընդհանուր և պարտադիր լեզու դարձնել Պոլսի թուրքերենը, քարոզել թուրքերի «փառավոր» անցյալն ու մշակույթը: Որպես այդ օրերին գոյություն ունեցող միակ անկախ թուրքական պետություն` Օսմանյան Թուրքիան ընկալվում էր որպես պանթյուրքիզմի իրագործման, այսինքն` թյուրքալեզու ժողովուրդների միավորման միջուկ: Օսմանյան կայսրությունում թուրքերը քրիստոնյա ժողովուրդներից հետ էին մնում ոչ միայն սոցիալ-տնտեսական ու մշակութային, այլև ազգային ինքնագիտակցության, ինքնաճանաչման, ազգային գաղափարների զարգացման մակարդակով: Բավական երկար ժամանակ պահանջվեց թուրքերի շրջանում ազգային «ես»-ի ձևավորման համար: Դրան նպաստեցին պանիսլամիզմը, պանօսմանիզմը և դրանց հաջորդած պանթյուրքիզմը: Պանթյուրքիզմը ռասիստական, շովինիստական կարելի է ասել` նաև ծայրահեղ ազգայնամոլական գաղափարախոսություն է: Այն փորձում է ապացուցել, որ թուրք էթնոսը բարձր է կանգնած մյուս ժողովուրդներից և ստեղծված է իշխելու համար: Պանթյուրքիստները նշում էին, որ Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի բոլոր առաջնորդները սերում են թուրքական, իսկ եվրոպական երկրների ղեկավարները` գերմանական ռասաներից:

Մարդկային քաղաքակրթության բոլոր նվաճումները վերագրվում էին թուրք էթնոսին: Դա ինքնանպատակ չէր. սեփական ռասայի գովերգումը հող էր նախապատրաստում հետագա հավակնությունների համար: 1903թ. Կահիրեի «Թյուրք» թերթում հրապարակվում է պանթյուրքիզմի հիմնադիր և խոշորագույն գաղափարախոս Յուսուֆ Աքչուրայի` «Երեք քաղաքական համակարգ» խորագրով ծրագրային ծավալուն հոդվածը, որում մերժելով պանօսմանիզմը և պանիսլամիզմը՝ պանթյուրքիզմի հիմնադիրը թուրքերի նոր ազգային գաղափարախոսության կենսագործման ճանապարհին հիմնական հակառակորդ էր համարում Ռուսական կայսրությանը:

Աքչուրայը, բնականաբար, մեկ հոդվածի շրջանակներում չէր կարող խորությամբ ու բազմակողմանիորեն շարադրել պանթյուրքիզմի բոլոր հիմնադրույթները: Այդ խնդիրը լուծել է պանթյուրքիզմի խոշոր տեսաբան Զիա Գյոքալփը իր «Թուրքիզմի հիմունքները» աշխատության մեջ: Պանթյուրքիզմը նա դիտում է որպես եռաստիճան համակարգ: Դրանում առանձնացված են թուրքիզմը՝ որպես թյուրք ժողովրդի ազգային գաղափարախոսություն, և պանթյուրքիզմը՝ որպես թյուրքալեզու ժողովուրդների գաղափարախոսություն: Ըստ պանթյուրքիստական գաղափարախոսության՝ թյուրքալեզու ժողովուրդների միավորումը մեկ պետության մեջ պետք է իրականացվի եռաստիճան ծրագրով: «Պանթյուրքիզմը,- գրել է Գյոքալփը,- գաղափարի մեծության տեսանկյունից կարելի է բաժանել երեք աստիճանի՝ թուրքիզմ, օղուզականություն կամ թուրքմենականություն և թուրանականություն»: Պանթյուրքիզմի նպատակը թուրքական ռասայի ժողովուրդների միասնական պետության՝ Մեծ Թուրանի ստեղծումն է: Պանթյուրքիզմի առաջին աստիճանը՝ թուրքիզմը, թուրքերի ազգային գաղափարախոսությունն է: Այն գաղափարախոսական հիմնադրույթների համակարգ է, որի նպատակը Թուրքիան էթնիկապես միատարր պետություն դարձնելն է և թուրքացնելը: Այդ գաղափարախոսության համաձայն՝ Թուրքիան պետք է մահմեդականացվի, ինչը նշանակում է քրիստոնյաների, առաջին հերթին` արևմտահայության ֆիզիկական  ոչնչացում:

Ըստ թուրքիզմի գաղափարախոսության՝ Թուրքիան  միատարր պետք է դառնա առաջին  հերթին կրոնական առումով և ապա միայն՝ ազգային: Այդ թեզից հետևում է, որ Օսմանյան կայսրության ոչ թուրք ժողովուրդների ֆիզիկական ոչնչացման ծրագիրը պետք է իրագործվի երկու փուլով: Առաջին փուլում պետք է ոչնչացվեն Օսմանյան կայսրության ոչմահմեդական, երկրորդ փուլում՝ մահմեդական ոչ թուրք ժողովուրդները: 

1910-1911թթ. Սալոնիկում տեղի ունեցած ընդհանուր ժողովների ժամանակ «Իթթիհադ վե Թերաքքի» («Միություն և առաջադիմություն») կուսակցությունը որդեգրեց պանթյուրքիզմի քաղաքականությունը: Կայսրության մահմեդական ժողովուրդները պետք է թուրքացվեին, իսկ քրիստոնյաները՝ բնաջնջվեին: Ապա Թուրքիային էին միացվելու Ատրպատականը (Իրանական Ադրբեջան), Ղրիմը, Թաթարստանը, Միջին Ասիան, Սիբիրը, Թուրքմենստանը, Մանջուրիան, և ստեղծվելու էր Մեծ Թուրանը: Երիտթուրքերը նշում էին, որ եթե սուլթանները նախկինում ձուլած կամ ոչնչացրած լինեին հպատակ ժողովուրդներին, ապա կայսրությունը չէր բռնի քայքայման ուղին:

Պանթյուրքիզմի իրագործման ճանապարհին սեպի պես խրված էին և են Հայաստանը և հայ ժողովուրդը, որը դարձավ դրա առաջին զոհը: Իշխանությունները թուրք բնակչության մեջ սկսեցին սերմանել ամենավայրենի  շովինիզմ ու հայատյացություն. Կոչ էին անում, քանի դեռ ուշ չէ, թուրքացնելու Անատոլիան, իսկ հայերին ոչնչացնելու:

Պանթյուրքիզմի ազգայնամոլական, ռասիստական, ծավալապաշտական գաղափարախոսությունն իր սուր ծայրով ուղղված էր հայ ժողովրդի դեմ և դարձավ ցեղասպանության գլխավոր գործոններից մեկը: Թուրքերի ազգային գաղափարախոսությունը պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես մշտապես եղել է պետական գաղափարախոսության հիմքում: Թուրքերի պետական քաղաքականությունը դարեր շարունակ ղեկավարվել է միայն ազգային գաղափարախոսության հիմնադրույթներով:

Դրանով է բացատրվում այն հանգամանքը, որ Օսմանյան կայսրության, իսկ հետագայում Թուրքիայի Հանրապետության բոլոր իշխանություններն ազգային հարցում վարել են նույն քաղաքականությունը: Այդ առումով տրամաբանական է, որ Հայոց ցեղասպանության կազմակերպիչների աճյունները տասնամյակներ անց վերաթաղվում են Թուրքիայում: Թուրքական իշխանություններն արդարացնում են իրենց նախորդների ցեղասպանական քաղաքականությունը: Թուրքերի ազգային գաղափարախոսության առանցքը հողի և ժողովրդի գաղափարն է:

Թուրքիայի Հանրապետության քաղաքականությունն ու պանթյուրքիստական նպատակները այսօր էլ մնում են նույնը, և պատահական չէ, որ Թուրքիան և Ադրբեջանը այսօր ամեն կերպ ձգտում են ստանալու պանթյուրքիզմի շղթան կտրող Զանգեզուրը, որպեսզի կարողանան միավորվել և սկիզբ դնել պանթյուրքիզմի երկրորդ փուլին՝ թյուրքալեզու ժողովուրդների միավորմանը, որին, ըստ տրամաբանության, պետք է հաջորդեն մինչև Ալթայ և Չինաստան ընկած տարածքների, այսինքն` «թուրքական հայրենիքի» նվաճումը և Մեծ Թուրանի հռչակումը:

Պանթյուրքիզմը, ըստ իր գաղափարախոսների և իրագործողների, իրականացվելու էր երեք փուլով`թուրքիզմ, օղուզականություն և թուրանիզմ կամ պանթուրանիզմ:

Առաջին փուլում Թուրքիան պետք է մահմեդականացվեր, ինչը նշանակում էր քրիստոնյաների, առաջին հերթին` արևմտահայության ֆիզիկական ոչնչացում: Ըստ թուրքիզմի գաղափարախոսության` Թուրքիան միատարր պետք է դառնար առաջին հերթին կրոնական առումով և ապա միայն` ազգային: Այդ թեզից հետևում էր, որ Օսմանյան կայսրության ոչ թուրք ժողովուրդների ֆիզիկական ոչնչացման ծրագիրը պետք է իրագործվեր երկու փուլով. Առաջին փուլում պետք է ոչնչացվեին կայսրության ոչ մահմեդական ժողովուրդները: 

Երկրորդ փուլում պետք է միավորվեին օղուզ թյուրքերը՝ օսմանյան թուրքերը, Հյուսիսային Պարսկաստանի ու Այսրկովկասի թյուրքալեզու մահմեդականները և թուրքմենները: Այս փուլը ենթադրում էր արևելահայության ամբողջական կամ մասնակի բնաջնջում. Արևելյան Հայաստանից նվազագույնը գրավվելու էին Կարսը, Արդահանը, Սուրմալուն, Նախիջևանը, Զանգեզուրը և Արցախը, որպեսզի կապ ստեղծվեր կովկասյան թյուրքերի(1936 թվականից`ադրբեջանցիներ) հետ:

Ըստ այդմ էլ. «Կյանքի էր կոչվում ոչ միայն «Թուրքիան`թուրք-օսմաններին» լոզունգը, այլև թուրքախոս ժողովուրդներին իրենց ենթարկելու, Անդրկովկասը զավթելու, Միջին Ասիայի, Ռուսաստանի, Պարսկաստանի հսկայածավալ տերիտորիաներն Օսմանյան կայսրությանը կցելու կարգախոսը»:

Երրորդ փուլում պետք է միավորվեին թյուրքալեզու բոլոր ժողովուրդները, և ստեղծվելու էր մեկ միասնական թյուրքական պետություն՝ Մեծ Թուրանը:

Պանթյուրքիզմը Օսմանյան կայսրության պետական գաղափարախոսություն դարձրին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կոչերով իշխանության եկած երիտթուրքերը: Պանթյուրքիզմը դառնում է Թուրքիայի քաղաքականությունը:

Սալոնիկի 1910 և 1911 թվականների համաժողովների որոշումները՝ կայսրությունն օսմանցիականացնելու և մահմեդականացնելու մասին, նշանակում էին հայ ժողովրդի ցեղասպանության ծրագրի ընդունում: Ինչպես նշեցինք, պանթյուրքիզմի ծրագրի իրականացման ճանապարհին «սեպի պես խրված» էր Հայաստանը, և հայժողովուրդը պետք է դառնար դրա առաջին զոհը: Դա էր գլխավոր պատճառը, որ «Իթթիհադը» առանձնահատուկ թշնամությամբ էր լցված հայ ազգային-ազատագրական պայքարի նկատմամբ, որը համարում էր առավել վտանգավոր Օսմանյան կայսրության համար, իսկ հայ ժողովուրդը, երիտթուրքերի ընկալմամբ, խոչընդոտելու էր «թուրք ազգի և էթնիկ թուրքական պետության» ձևավորմանը:

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին արդեն մշակվել և ավարտուն տեսք էր ստացել երիտթուրքերի պանթյուրքիստական գաղափարախոսությունը.«….1908-1914 թթ.`երիտթուրքական պետական ու քաղաքական կառավարման մոտավորապես վեց տարիների ընթացքում, որոշակի դարձավ նրանց թուրքիստական ու պանթուրքիստական գաղափարախոսությունը…. 

Բեռլինում դաստիարակված երիտասարդ թուրքերը Ալթայ գնալու, կումիս խմելու երազներ էին հյուսում: Ըստ նրանց`Թուրքիայի տիրապետությունը պետք է տարածվեր մինչև թուրքերի նախահայր Էրթողրլուի ծննդավայրը, մինչև գորշ գայլի հայրենիքը՝ Սինցզյանի անապատները»: Մեծ Թուրան ստեղծելու, իրենց պատմական հայրենիք`Ալթայ վերադառնալու թուրքական այս «մեծ երազանքը» արտացոլված է նաև թյուրքալեզու ժողովուրդների «Էրգենեկոն» էպոսում: Թուրքական նկարագիր ունեցող Թուրքիա պետության կազմավորման ու պանթյուրքիզմի գաղափարախոսության կենսագործման ճանապարհին որպես գլխավոր խոչընդոտ Թուրքիան տեսնում էր և տեսնում է Հայաստանն ու հայ ժողովրդին: Պանթյուրքիզմի երկրորդ փուլով արևելահայությանը բնաջնջելու և կովկասյան թյուրքերին միանալու թուրքական ծրագիրը չիրականացավ 1918թ. Մայիսյան հերոսամարտերի շնորհիվ, որոնք փակեցին պանթյուրքիզմի ճանապարհը:

Պանթյուրքիզմի ծրագիրը վիժեցնելու հնարավորությունները

Ինչպես ասացինք, պանթյուրքիզմի երկրորդ փուլը ենթադրում էր արևելահայության ամբողջական կամ մասնակի բնաջնջում. Արևելյան Հայաստանից նվազագույնը գրավվելու էին Կարսը, Արդահանը, Սուրմալուն, Նախիջևանը, Զանգեզուրը և Արցախը, որպեսզի կապ ստեղծվեր կովկասյան թյուրքերի (1936թվականից`ադրբեջանցիներ) հետ: Մոսկվայի անօրինական պայմանագրով Թուրքիային հաջողվեց Հայաստանից պոկել և Ադրբեջանին կցել Նախիջևանը, որն ապահովում է Ադրբեջանի կապը Թուրքիայի հետ, և կարելի է ասել, որ Կարսի և Մոսկվայի պայմանագրերով Թուրքիան իրականություն կդարձներ իր պանթյուրքիստական ծրագրի երկրորդ մասը, մանավանդ որ կարճ ժամանակ անց մի անօրինական որոշմամբ էլ Ադրբեջանին միացվեց նաև հայկական Արցախը: Մնում էր Զանգեզուրը, որի` Ադրբեջանին միացվելու դեպքում  պանթյուրքիզմի երկրորդ մասը կարելի կլիներ հաջողված համարել, բայց Զանգեզուրի պաշտպանները Նժդեհի գլխավորությամբ, կարող ենք ասել, որ խառնեցին պանթյուրքիստների խաղաքարտերը՝ հերոսական պայքար մղելով այնքան, որ ի վերջո խորհրդային իշխանությունը տեղի տվեց, և Զանգեզուրը մնաց Հայաստանի կազմում:

Այսպիսով` Հայաստանը փրկվեց լիակատար օղակումից ու աստիճանական ոչնչացումից: Պանթյուրքիզմի շղթայից մի կարևոր օղակ էլ կտրվել է 1990-ականներին, երբ հայ ժողովուրդն ազատագրեց Արցախը: Սակայն այն, ինչ տեղի ունեցավ 2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը և շարունակվում է առ այսօր, Թուրքիային հաստատուն քայլերով առաջնորդում է դեպի պանթյուրքիզմի իրագործում: Արցախի դավաճանական հանձնումից, կապիտուլյացիայի ստորագրումից և Զանգեզուրի(Մեղրիի) ճանապարհը Ադրբեջանի ու Թուրքիայի առաջ բացելուց հետո Թուրքիան առավել, քան երբևէ, մոտ է իր պանթյուրքիստական ծրագրի իրագործմանը, և եթե ավելի քան մեկ դար առաջ`1918թ. մայիսին, հայ զինվորականության վճռականության և դիկտատոր Արամ Մանուկյանի նվիրումի ու տքնաջան աշխատանքի շնորհիվ վիժեցվեց պանթյուրքիզմը, ապա այսօր նաև Հայաստանի ղեկավարության հանցավոր անտարբերության ու դավաճանական պահվածքի պատճառով Թուրքիան իրականացնում է այն, ինչը չէր կարողացել իրականացնել ավելի քան 100 տարի: Վերջին խոսքն այսօր հայ զինվորականությանն ու ռազմական ղեկավարությանն է. Այս անգամ ևս կհաջողվի՞ արդյոք հայ զինվորականությանը փակել պանթյուրքիզմի ճամփան և ապահովել Հայաստանի գոյությունը…

Ինչպես տեսանք, սա է թյուրքալեզու ժողովուրդների ազգային գաղափարախոսությունը, իսկ երբևէ մտածե՞լ ենք, թե որն է մե՛ր` հայերիս ազգային գաղափարախոսությունը:

1. https://www.hayagitaran.am/2014/08/id-4634.html
2.ԿիրակոսյանՋ.,Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ, հատ. Ա, Եր., 1982,էջ 208:
3.ԽուրշուդյանԼ., Հայկական հարցը.բովանդակությունը, ծագումը, Եր., 1995, էջ 38-39:
4.ԿիրակոսյանՋ., նշվ. աշխ., էջ 208:

Անի Մելքոնյան
ԵՊՀ պատմության ֆակուլտետ, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ

«Դրօշակ», թիվ 3 (1649), մարտ, 2021 թ.