Փոխարժեքներ
12 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.35 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.8 |
GBP | ⚊ | £ 501.73 |
GEL | ⚊ | ₾ 139.79 |
Փաշինյանի առաջարկած փրայմերիզն ի վերջո իրականացավ. երեք օրում 1050 հոգու շրջանակում անցկացված քվեարկության արդյունքում՝ 253 ձայնով Սարիկ Մինասյանը հաղթեց Գյումրու քաղաքապետի նախնական ընտրություններում: Մինասյանը 2018 թ. ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակով:
Գյումրեցի քաղաքագետ, Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը Yerkir.am-ի հետ զրույցում խոսելով անցկացված նախնական ընտրությունների մասին ասաց՝ Փաշինյանի փրայմերիզ անցկացնելու որոշումը խայտառակություն էր: Փաշինյանն, ըստ Համբարյանի, այս քայլով ցանկացել է հանրությանը համոզել, թե ինքն այնքան արդար քաղաքական գործիչ է, որը քաղաքապետի ԺՊ է նշանակում ՔՊ-ի հետ իբրև թե կապ չունեցող ինչ-որ մեկի:
«Փաշինյանն այս քայլով ուղակիորեն ոչնչացրեց Շիրակի իր թիմակիցներին: Նա ցույց տվեց, որ իրենք ոչնչություն են: Իրականում՝ Շիրակի մարզի «քայլիստներին» քարտ-բլանշ տալով, պարզվեց, որ նրանք այնքան թույլ ու անճար էին, որ կարող էին ներիշխանական փրայմերիզում պարտվել մեկին, որն ուղղակի ՔՊ-ի աջակիցն էր»,- ասաց Համբարյանն ու ընդգծեց նաև մեկ այլ կարևոր հանգամանք՝ Սարիկ Մինասյանի՝ ՔՊ-ին աջակից լինելը բացահայտվել է այս փրայմերիզի դիմումների ժամանակ, որովհետև նա երբեք ցույց չի տվել, որ աջակցում է ՀՀ ներկա իշխանություններին:
«Նա միշտ էլ բարձր պաշտոն է զբաղեցրել սոցիալական ոլորտում: Գյումրեցիների համար փաստ էր, որ նա խորն ընդդիմադիր չէ, բայց այն, որ ինքը կարող էր ՔՊ-ի աջակիցը լինել, շատերի, այդ թվում ինձ համար, անակնկալ էր»:
Այս ամենի համատեքստում Համբարյանը մեկ այլ կարևոր հանգամանք նկատեց՝ նախնական ընտրությունների քվեաթերթիկների ընդհանուր թիվը եղել է 1050, անվավեր քվեաթերթիկների թիվը` 34, անճշտությունները` 11։ 1050 հոգու շրջանակներում քվեարկություն անցկացնելը, Համբարյանի խոսքով՝ խայտառակություն է եղել:
«100.000-ից ավելի ընտրող ունեցող Գյումրիում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում մեկը, որը 1050 հոգու հարցման արդյունքում 200-ից մի փոքր ավելի ձայներ է տանում: Սա ինձ համար զարմանք էր…»,- փաստեց քաղաքագետը:
Ավելին՝ Համբարյանի ունեցած տեղեկությունների համաձայն՝ Գյումրիում շատ վաղուց խոսակցություներ են եղել այն մասին, որ Փաշինյանը հենց Սարիկ Մինասյանին պիտի կարգի Գյումրու քաղաքապետի պաշտոնում:
«Այսպիսով մենք կարող ենք արձանագրել, որ Փաշինյանը «բեսպրեդելով» է զբաղված: Եթե քաղաքապետը հրաժարական է տալիս, իսկ ավագանին լուծարվում է, ապա 40 օրվա ընթացքում պիտի նշանակվեր նոր ՏԻՄ ընտրություններ: Ինչու՞, և ի՞նչն էր խանգարում Նիկոլին ու նրա թիմին, որ չգնացին այս քայլին»:
Այս հարցի պատասխանը քաղաքագետը գիտի. ասում է՝ չէին կարողանա համապատասխան ձայներ հավաքել և մարդկանց համոզել, որ Գյումրու համար այս կամ այն գործը հենց իրենց «սրտի» թեկնածուն է արել: Այնուամենայնիվ, հարցին՝ կառավարման ճգնաժամ տիրե՞լ է Հայաստանի երկրորդ քաղաքում, Համբարյանը պատասխանեց՝ այո՛, կառավարման ճգնաժամ եղել է:
Սիլվի Մուրադյան