Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
Ռիզեի համշենցիներից, ցավոք սրտի, միայն 40 հոգի են կարողանում համշեներեն խոսել։ Այստեղ լեզուն գրեթե անհետացած է, իսկ Արդվինում 40-50 հազար մարդ է համշեներենով հաղորդակցվում։
Մըհեմե Փորգեբոլ
Պատմության ընթացքում մի կողմից անթիվ-անհամար լեզուներ և մշակույթներ ծնած, մյուս կողմից այլ աշխարհներից հասած մշակույթների առջև իր դռները բացած Անատոլիան օրեցօր ցամաքող մի պարտեզի է վերածվել այն օրվանից սկսած, երբ այս տարածքներում պարտադրվեց ազգային պետության գաղափարախոսությունը։ Պատմականորեն Անատոլիայում գոյություն ունեցած լուվիերենի, խեթերենի, արամեերենի, լիդիերենի, փռյուգերենի նման բազմաթիվ լեզուների հետ մեկտեղ, հասարակության շրջանում մինչև իսկ անվանումները մոռացված այնպիսի լեզուներ, ինչպիսիք են ասորերենը, լադինոն և կումիկերենը, այս պարտեզի չորացած կամ չորանալու ընթացքում գտնվող ծաղիկներից են։ Հայերենի բարբառներից մեկը եղող համշեներենը ևս անհետացման վտանգի տակ է գտնվում՝ չնայած արմատ է գցել այս պարտեզի ամենախորքերում։ Թերևս մի բուռ մարդ է մնացել, որ ջանքեր է գործադրում, որպեսզի համշեներենը չմեռնի։ Ուսումնասիրող, գրքերի հեղինակ Մահիր Օզքանն էլ այդ մարդկանցից մեկն է։ Օզքանը համշեներենի պահպանման համար իր ուժերի ներածին չափով աշխատող, պայքարող և ստեղծագործող մեկն է։ Մենք էլ համշեներենի մասին զրուցեցինք Մահիր Օզքանի հետ։
Մեզ կպատմե՞ք համշեներենի ընդհանուր առանձնահատկությունների մասին։ Այն ի՞նչ կապ ունի հայերենի հետ։
Համշեներենը հայերենի բարբառներից մեկն է։ Հայոց լեզուն ունի 2 գրավոր ճյուղ՝ արևմտահայերենը, որն օգտագործում են Թուրքիայի հայերը և այն սփյուռքահայերը, որոնք դուրս են եկել Թուրքիայից, և արևելահայերենը, որով հաղորդակցվում են Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի հայերը։ Այդ գրավոր 2 ճյուղերն էլ ունեն բարբառներ՝ Տիգրանակերտի բարբառը, Սասունի բարբառը, Մուսալեռի բարբառը և այլն։ Համշեներենն էլ արևմտահայերենի բարբառներից մեկն է։ Համշենցիների օգտագործած լեզուն ոչ շատ վաղուց է սկսել համշեներեն կոչվել։ Այսօր դեռևս Չայելիի Ռաշոթ շրջանում այդ լեզուն արմենջե (հայերեն) են անվանում։
Առօրյա կյանքում ի՞նչ մակարդակի վրա է համշեներենի կիրառումը։
Համշենցիների արևմտյան թևը, այսինքն՝ Ռիզեի համշենցիները համշեներեն չեն կարողանում խոսել՝ բացի Չայելիի Ռաշոթ շրջանում բնակվող 40 հոգուց։ Այսինքն՝ մեր մի մասի համար լեզուն արդեն իսկ վերացած է։ Սակայն ներկայում այդ համշենցիների շրջանում օգտագործվող թուրքերենում առկա են համշեներենի հետքերը վկայող հազարավոր արտահայտություններ, տեղանուններ, տոհմանուններ, բույսերի, անասունների անվանումներ, որոշ հիմնական բայեր։
Ինչ վերաբերում է արևելյան թևը հանդիսսցող Արդվինի համշենցիներին, ապա նրանք հաղորդակցվում են համշեներենով։ Սակայն համշեներեն խոսող համշենցի բնակչությունը կազմում է 40-50 հազար մարդ։ Այդ թվի մի էական հատված վերջին 20-30 տարիներին սկսել է ապրել քաղաքներում։ Ուրբանիզացիան տեղիք է տալիս լեզվի միջավայրի (գյուղ-յայլա) կորստյան։ Քանզի ընդհանրապես քաղաքներում առօրյա կյանքը կառուցվում է տիրապետող լեզվի միջոցով։ Ուրբանիզացիան և կրթություն ստացող բնակիչների թվաքանակի մեծացումը միևնույն ժամանակ ավելացրել է նաև խառնամուսնությունների թիվը։ Նույն գործընթացը թուլացրել է երեխաների՝ իրենց պապերի և տատերի հետ կապերը։ Անասնապահության նվազումը քչացրել է նաև յայլաներում անցկացվող ժամաքանակը։ Այդ ամենը բարդացրել է լեզվի՝ նոր սերունդներին փոխանցումը։ Ներկայում համշեներենը մեծավ մասամբ վերածվել է այնպիսի լեզվի, որը կիրառում են 30-ից բարձր տարիքային խմբի մարդիկ։ Հետևաբար, ինչպես երևում է, այժմյան երեխաները դառնալու են այն սերունդը, որն ասում է՝ «Հասկանում եմ, բայց չեմ կարողանում խոսել»։
Համշեներեն խոսողների համար էլ խոսակցության ոլորտները չափազանց նեղացել են։ Համշեներենը արագ կերպով վերածվում է այն լեզվին, որով հաղորդակցվում են միայն գյուղերում և յայլաներում անցկացված ժամանակահատվածում։ Ինչ վերաբերում է սոցիալական մեդիայի հարթակներում այդ բացը լրացնելուն ուղղված թեթև ջանքերին, ապա դրանք անբավարար են մնում։
Թուրքիայում թուրքերենից բացի բոլոր մյուս լեզուները ենթարկվում են ոմանց համատեղ կամ առանձին ճնշումներին ու հարձակումներին։ Կպատմե՞ք, թե համշեներենը նման ինչպիսի դժվարությունների, ճնշումների և հարձակումների է հանդիպում։
Անշուշտ, համշեներենը նույնպես հանդիպում է մյուս լեզուների համընդհանուր խնդիրներին։ Համշեներենի հիմնական խնդիրը ծագում է համշեներենի՝ հայերեն խոսվածք լինելու փաստից։ Մեր հասարակության մեջ այդ լեզվի հետ առնչվող ուսումնասիրությունները, պատմական հետազոտությունները, մշակութային աշխատությունները հանկարծ վերածվում են «հայկականության» մասին բանավեճի։ Հայերի՝ քրիստոնյա լինելը և քրիստոնեության՝ հայկական ինքնության մեջ ունեցած մեծ դերը մուսուլման համշենցիների համար լուրջ բախման թեմա են դառնում։ Աբխազիայում բնակվող համշենցիները քրիստոնյա են, և նրանց համար նման խնդիր գոյություն չունի։ Նրանք իրենց հիմնականում որակում են որպես համշենահայ։ Քանի որ հայկական ինքնությունը Թուրքիայի հասարակության մեջ ընկալվում է որպես «կներեք հայ լինել», այդ հակասությունն ավելի է մեծանում։ Հետևաբար՝ լեզվի, ինքնության, մշակույթի բնագավառներում կատարված ուսումնասիրությունները միանգամից սկսում են պիտակավորվել որպես «հայկականություն», «անջատողականություն» և սպառնալիքների ու վիրավորանքների թեմա դառնում։ Այդ վիճակն առկա է նաև համշենցիների ներսում։ Հետևաբար՝ լեզվի պահպանման հետ կապված դժվարություններին ավելանում են նաև վերոնշյալ հանգամանքների հետ առնչվող բարդությունները։
Ե՞րբ և ինչպե՞ս ի հայտ եկավ համշեներենի վերացման վտանգը։
Լազիստանի մյութեսարիֆ Ահմեդ Ֆաիք Գյունդայն իր հուշերում նշում է, որ ինքն անձամբ 1920 թ․ Ռիզեի համշենցիներին արգելել է հայերեն խոսել։ Իսկ դա նշանակում է, որ արևմտյան ճյուղի համշենցիներն այդ տարիներին Համշենի հայերենով էին հաղորդակցվում։ Մի գործընթացում, որը կարելի է 1915 թվականի շարունակությունը համարել, արևմտյան Համշենում հայերենը դադարել է կիրառվել։ Ինչ վերաբերում է արևելյան ճյուղի համշենցիներին, ապա նրանք պահպանել են իրենց լեզուն՝ ամեն ինչից անկախ։ Սակայն արևելյան համշենցիներն էլ վերջին 30-40 տարվա մեջ սկսել են արագ կերպով իրենց լեզուն կորցնել՝ ուրբանիզացիայի, գյուղերի դատարկման, անասնապահության ու յայլայի մշակույթի վերացման հետևանքներով։
Ձեր հարցազրույցներից մեկում ասել էիք, թե «Վերջին 50 տարում համշեներենն ավելի մեծ կորստի է ենթարկվել, քան վերջին 500 տարում»։ Մի փոքր կմանրամասնե՞ք։
Հանրապետության հիմնադրումից հետո կրթական հաստատությունների՝ գյուղերում տարածումը, տեղանունների փոփոխումը, մեկ լեզվի և մեկ ինքնության պարտադրումն արդեն իսկ մեծ դժվարություններ էին հարուցում լեզուների պահպանման համար։ Սակայն ասիմիլացիան արագացրած իրական պատճառը տնտեսական միավորների միաձուլումն է։ Այսինքն՝ այն դեպքում, երբ համշենցիները համեմատաբար փակ տնտեսական միջավայրում էին ապրում, գյուղերն ու յայլաները գործում էին որպես մեկական արտադրական ոլորտներ և փակ տնտեսություն ունեին։ Այդ բնագավառները նաև լեզվի բնական պահպանման գործառույթն էին կատարում։ Վերջին տարիներին գյուղերը դատարկվեցին, անասնապահությունը անկում ապրեց, մարդկանց մեծ մասը տեղափոխվեց մեծ քաղաքներ կամ քաղաքային կենտրոններ։ Որքան համշենցիների տնտեսությունն ամբողջացավ «ազգային» շուկայում, այնքան էլ այդ «ազգային» շուկայի տիրապետող լեզու թուրքերենի համեմատ համշեներենի հետընթացն անխուսափելի դարձավ։
Համշեներեն գրականությունը
Համշեներեն հրատարակությունները, դժբախտաբար, խիստ սահմանափակ են։ «Համշէնեան պատմուածները», համշեներենով «Փոքրիկ իշխանը» և, ի վերջո, անցյալ տարի հրապարակված համշեներենի և արևմտահայերենի համեմատական վերլուծությունը ներկայացնող «Համշեցնակ/համշեներեն» վերնագրով քերականական գիրքը հեղինակվել են իմ կողմից և տպագրվել «Արաս» հրատարակչատանը։ Բացի այդ, կա նաև Հուրիյե Շահինի հեղինակած մի քերականական գիրք։ Առաջիկա տարվա մեջ Հիքմեթ Աքչիչեքի հետ ծրագրում ենք մի բառարան հրատարակել։ Մեր հրատարակման ծրագրերի մեջ ընդգրկված է նաև տպագրել Հիքմեթ Աքչիչեքի և իմ կողմից ժողովված պատմվածքների, թարգմանությունների և հեքիաթների ժողովածուն։ Այդ հրապարակումների նպատակն առայժմ լեզվի գրանցումն է։ Այսինքն, որոշ առումով, լեզուն գրավոր երաշխիքի տակ վերցնելը։ Լեզուն ապագա սերունդներին փոխանցելու գործառույթը կարող է իրականացնել ժողովրդի՝ սեփական լեզվին տեր կանգնելու կամքը ցուցաբերելու դեպքում միայն։ Իսկ դա, ըստ էության, իրականալի է թվում միայն այն պարագայում, երբ մշակութային աշխատանքներ կատարելուց բացի՝ նաև քաղաքական դիրքորոշում ցուցաբերենք։ Քանի դեռ ազատության օգտին քաղաքական կեցվածք չի որդեգրվել, լեզվի հանդեպ հետաքրքրությունը կարոտաբաղձության մակարդակի վրա կմնա։ Ինչ վերաբերում է կարոտաբաղձությանը, ապա վերջինս թեև կարևոր է լեզվի հետ կապը պահպանելու առումով, սակայն առանձնապես օգուտ չի տալիս լեզվի պահպանման տեսակետից։
«Գոր» հանդեսը
2014 թ․ ի վեր հրապարակվող մեր ամսագրից մինչ օրս տպագրվել է 13 համար, որոնցից մի քանիսը՝ զույգ համարով։ Առաջիկա ամիսներին հրատարակվելու է մեր նոր համարը։ «Գոր» հանդեսը կարևոր գործառույթներ է կատարել արևելյան, արևմտյան և Աբխազիայի համշենցիների փոխադարձ ճանաչողության և միմյանց հետ կապեր հաստատելու տեսանկյունից։ Բացի այդ, այն դարձել է մի հարթակ, որտեղ շուրջ 60 հոգու հեղինակությամբ նյութեր են հրապարակվել։ Ամսագիրը տպագրվելու հնարավորություն է ընձեռել առաջին անգամ հոդված գրած մարդկանց։ Համշեներեն գրելու փորձառություն է ապահովել նրանց։ 20-30 տարեկան երիտասարդներից 4-5 հոգի իրենց կյանքում առաջին անգամ համշեներեն պատմվածքներ, բանաստեղծություններ ու հուշեր են գրել հանդեսում։ Համշեներենի դասընթացի և համշեներենի մասին հոդվածների շնորհիվ ամսագիրը նաև դպրոցի գործառույթ է կատարել։ Հանդեսի ամեն մի համարը փաստաթղթի արժեք ունի, որն ընդմիշտ պահպանելու է իր արդիականությունը։ Հանդեսի հետ նոր ծանոթացածները եթե հրապարակումից 10 տարի անց անգամ այն իր ձեռքը վերցնեն, նրանց կթվա, որ նոր ամսագիր են ընթերցում։ Հուսամ, որ «Գորը» դեռ երկար տարիներ կկարողանա հրատարակվել, և նոր համարներ կավելանան հներին։
Թարգմանեց Մելինե Անումյանը