Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նոյեմբերի 28-ին Աստանայում տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։
Հայտնի է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նույն օրը Ղազախստանի մայրաքաղաքում մասնակցելու է ԱԳՆ խորհուրդների, պաշտպանության նախարարությունների և ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։
Միաժամանակ անհասկանալի է մնում՝ արդյոք կազմակերպությունում աշխատանքը սառեցրած Հայաստանը որեւէ մասնակցություն կունենա՞ միջոցառմանը։ Այդ առիթով «Իզվեստիա»-ն հարց է ուղղել Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին, թե որո՞նք են ՀԱՊԿ-ում երկրի լիարժեք գործունեության վերսկսման հեռանկարները, և արդյոք սառեցումն ազդե՞լ է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների զարգացման դինամիկայի վրա։
«Խոսելով Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրների մասին՝ մենք հավատարիմ ենք այն դիրքորոշմանը, որ ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանը համեմատելի իրական այլընտրանքներ չկան, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Ռուսաստանը հավատարիմ է մնում իր պարտավորություններին` ապահովելու Հայաստանի անվտանգությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ-ի միջոցով», - նշել է Կոպիրկինը՝ հավելելով, որ ակնկալում են նաև հայ գործընկերների գործուն ներգրավումը Եվրասիական մայրցամաքում անվտանգության հավասար և անբաժանելի համակարգի մշակման համատեղ ջանքերին, որի գաղափարը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից առաջ քաշվեց այս տարվա հունիսի 14-ին Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ և կրկին հնչեց վերջերս Կազանում կայացած BRICS գագաթնաժողովի ժամանակ:
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը ժամանել էր Կազան՝ մասնակցելու BRICS-ի ղեկավարների գագաթնաժողովին։ Հանրապետության կառավարության ղեկավարի՝ այդ գագաթնաժողովին մեկնելուց հետո տեսնո՞ւմ եք միավորման նկատմամբ Երեւանի դիրքորոշման փոփոխություն, Կոպիրկինը պատասխանել է, որ շատ քիչ ժամանակ է անցել Կազանում կայանալիք գագաթնաժողովից հետո BRICS-ի գործունեության հետ կապված պաշտոնական Երևանի դիրքորոշման նոր ասպեկտները դատելու համար։
«Մենք հասկանում ենք, որ մեր հայ բարեկամներին ժամանակ է պետք միջպետական այս ակումբի գործունեությանը ավելի մոտիկից նայելու համար։ Օբյեկտիվորեն, BRICS-ի ընտանիքում Հայաստանի կարևորագույն գործընկերների՝ Ռուսաստանից բացի, Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի և ԱՄԷ-ի ներկայությունը, անկասկած, մեծացնում է այս հարթակի գրավչությունը Երևանի համար։ Դրան միանալու իրենց մտադրությունը հայտնել են նաև Ադրբեջանն ու Թուրքիան։ Սա թույլ է տալիս ասել, որ ողջ Հարավային Կովկասը զգում է BRICS-ի ձգողականությունը», - ասել է Սերգեյ Կոպիրկինը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել էր, որ երկիրը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին: Այս տարվա սեպտեմբերին Փաշինյանը ՀԱՊԿ-ն անվանել էր «անվտանգության սպառնալիք» Հայաստանի համար, հայտարարել, որ կազմակերպության հետ հարաբերություններում անդառնալիության սահմանն անցել է։ Այս հայտարարությանն արձագանքել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անհամաձայնություն էր հայտնել Հայաստանի վարչապետի գնահատականների հետ։