կարևոր
706 դիտում, 1 ամիս առաջ - 2024-11-01 17:18
Աշխարհ

Ռուսաստանը կարող է միջնորդ դառնալ Լիբանանի եւ «Հըզբոլլահի» հետ Իսրայելի բանակցություններում

Ռուսաստանը կարող է միջնորդ դառնալ Լիբանանի եւ «Հըզբոլլահի» հետ Իսրայելի բանակցություններում

Newsweek պարբերականը, հղում անելով մերձավորարեւելյան աղբյուրներին, հայտնել է՝ Իսրայելը դիմել է Ռուսաստանին «Հըզբոլլահի» հետ զինված հակամարտության խաղաղ կարգավորման հարցում միջնորդության խնդրանքովԻր հերթին Սաուդյան Արաբիային պատկանող Asharq Al-Awsat պորտալը պնդում է՝ բացի այդ, Իսրայելը խնդրել է Ռուսաստանին մասնակցել Լիբանանում հրադադարի մասին համաձայնագրին, որը մշակվում է ԱՄՆ նախագահի խորհրդականներ Ամոս Հոխշտեյնի եւ Բրեթ Մաքգուրքի աջակցությամբ:

Այս կապակցությամբ ռուսական կողմից պաշտոնական մեկնաբանություններ դեռ չեն ստացվել։ Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը հայտարարել է՝ Մոսկվան բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի հետ՝ պատանդներին, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիներին ազատ արձակելու նպատակով, եւ որ Քաթարում եւ Իսրայելում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները ակտիվ աշխատանք են տանում այդ ուղղությամբ: Արդյո՞ք սա նշանակում է Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի քաղաքականության ակտիվացման սկիզբ ավելի լայն աշխարհաքաղաքական համատեքստում։ Այս մասին Ստանիսլավ Տարասովի մեկնաբանությունը։

«Ընդհանրապես Newsweek-ի եւ մերձավորարեւելյան մի շարք պարբերականների հաղորդագրություններին Իսրայելի եւ Լիբանանի եւ «Հըզբոլլահի» միջեւ զինված հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդությանը Ռուսաստանի մասնակցության հնարավորության մասին կարելի էր վերաբերվել որպես զոնդավորման հատկաբիշով տեղեկատվության օպերատիվ արտահոսքի: Բայց ի հայտ եկան անուղղակի նշաններ՝ Իսրայելի դիրքորոշումը Լիբանանի եւ «Հըզբոլլահի» նկատմամբ սկսեց փոխվել։ ԱՄՆ դեսպանորդ Ամոս Հոխշտեյնի հետ հանդիպման ժամանակ Նեթանյահուն հայտարարել է,՝ «Լիբանանում «Հըզբոլլահի» հետ ցանկացած հրադադար պետք է երաշխավորի Իսրայելի անվտանգությունը»: Մեկնաբանելով այս հայտարարությունը՝ Sky News Arabia պորտալը պնդում է․ «Լիբանանում հրադադարի վերաբերյալ լավատեսության մակարդակը նվազել է ԱՄՆ դեսպանորդ Ամոս Հոխշտեյնի այցից հետո», եւ որ «Լիբանանում լուծման հասնելու հույսը կապված է շարունակական դիվանագիտական ջանքերի հետ, որոնք հետագայում կարող են հաջողությամբ պսակվել»: The New York Times-ը պնդում է` «Նեթանյահուն սպասում է, թե ով կփոխարինի Բայդենին, նախքան որեւէ դիվանագիտական քայլ կատարելը»:

Մյուս կողմից՝ Իսրայելի ռադիոհեռարձկման եւ հեռուստատեսության վարչությունը հրապարակել է Հոխշտեյնի ներկայացրած համաձայնագրի փաստաթուղթը, որը պարունակում է կարեւոր կետեր, այդ թվում՝ Իսրայելի եւ Լիբանանի կողմից ՄԱԿ-ի 1701 բանաձեւի կարեւորության ճանաչումը եւ այն, որ լիբանանյան բանակը կլինի միակ զինված ուժը Լիբանանի հարավում՝ համաձայնեցնելով ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի հետ։ Համաձայնագրի նախագիծը չի նախատեսում Լիբանանի հարավում անվտանգության գոտու ստեղծում։ Փաստաթղթում նաեւ ասվում է՝ անհրաժեշտ է զինաթափել Լիբանանի հարավում գտնվող բոլոր ոչ պաշտոնական զինված կազմավորումները համաձայնագրի ստորագրումից հետո 60 օրվա ընթացքում: Փորձագետներն ասում են՝ «առաջիկա մի քանի օրվա ընթացքում Իսրայելի եւ Լիբանանի միջեւ համաձայնության հասնելու հնարավորություն չկա»: Հենց այս համատեքստում են խոսել Ռուսաստանի հնարավոր միջնորդական առաքելության մասին, մի իրավիճակում, որը ըստ Նեթանյահիի, «Լիբանանում շուտափույթ կարգավորման հասնելու համար ճնշում գործադրելու դեպքում, բայց միայն «ութոտնուկի շոշափոկների վրա ազդելու դեպքում՝ առանց Իրանում նրա գլխին հարվածելու»։

Եթե իրավիճակը գնահատենք այլ տեսանկյունից, ապա, ըստ Raseef22-ի, «Իսրայելը հասկանում է՝ Իրանի դեմ հարձակումերը նրան կհեռացնեն Ռուսաստանից եւ չեն մոտեցնի ԱՄՆ-ին»։ Ուստի չի կարելի բացառել՝ Նեթանյահուն «սկսում է քայլել ճոպանով՝ հավասարակշռելով Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ»։ Ի դեպ, այս կապակցությամբ Raseef22-ը նշում է՝ «Մոսկվան մեծ «գաղտնի ջանքեր» է գործադրել Իրանի վրա իսրայելական հարվածի ազդեցությունը սահմանափակելու, լայնածավալ առճակատումից խուսափելու համար՝ չկորցնելով իր հեղինակությոնն ու քաղաքական ազդեցությունը տարածաշրջանի երկրների վրա»: Ուստի Ռուսաստանը կարող է միջնորդի դեր կատարել, որը կարող է «փափուկ ուժ» կիրառել Իսրայել-Լիբանան-«Հըզբոլլահ» եռանկյունում։

«Այստեղ թաքնված է «նուրբ հավասարակշռությունն» Իրանին աջակցելու եւ Իսրայելի հետ հարաբերկանորեն կայուն հարաբերությունների պահպանման միջեւ։ Չնայած Մոսկվայի եւ Թել Ավիվի միջեւ առկա հակամարտող շահերին՝ նրանք, այնուամենայնիվ, ի վիճակի են խուսափել իրական առճակատումից։ Այլ բան է, որ Իսրայելի որոշումների վրա Ռուսաստնի հնարավոր ազդեցությունը կարող է բախվել ԱՄՆ-ի կողմից լուրջ հակազդեցության հետ։ Տեսնենք, թե հետագայում ինչպես կզարգանան իրադարձությունները։ Առայժմ Գազայում եւ Լիբանանում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները մնում են երկիմաստ եւ ուղեկցվում են միայն տեղեկատվության արտահոսքերով», - ամփոփել է Տարասովը։

 

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի