կարևոր
652 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-10-30 15:57
Հասարակություն Քաղաքական

ՀՅԴ-ի կեցվածքը, «Շողակաթը» և պետականության հետընթացը ՔՊ-ի օրոք

ՀՅԴ-ի կեցվածքը, «Շողակաթը» և պետականության հետընթացը ՔՊ-ի օրոք

Օրերս ՀՀ ԱԺ-ում քննարկում էր «Շողակաթ» հեռուստաընկերութեան եթերի բովանդակութիւնը․․․ ՔՊ-ական պատգամաւորները դժգոհում էին, որ հանրային գումարներ ստացող տուեալ հեռուստաընկերութիւնը, որը կոչուած է հոգեմտաւոր եւ մշակութային նիւթեր սփռել, «քաղաքական իրադարձութիւններ է լուսաբանում»՝ կապուած Սրբազան շարժման հետ․․․

Դեռ մի կողմ թողնենք հարցի նման քննարկումն ու իշխանականների բերած հիմնաւորումները, որոնք, քննադատական խօսքի ազատութեան ոտնահարման յստակ միտումով, ուղղակի ամօթալի են՝ «դեմոկրատիայի բաստիոն» հռչակուած պետութեան համար։ Իրականում նահանջ է ապրում Հայոց պետականութեան դեմոկրատական որակն ու ոգին․․․

Դեռ Հայաստանի առաջին հանրապետութեան օրերին, երբ ՀՀ խորհրդարանի 80 պատգամաւորներից 72-ը (90%) անդամ էր իշխանութիւն ստանձնած Դաշնակցութեան, ՀՅԴ պաշտօնաթերթ՝ «Հայաստանի աշխատաւոր»-ը նոյն այդ խորհրդարանի նորընտիր պատգամաւոր՝ Վահան Խորէնու (1884-1920թթ․) խմբագրութեամբ, գրում էր․

«․․․ Այսպիսի ինքնահակասական դրութիւն ստեղծուել է ամենուրեք, ուր սոցիալիստական իշխանութիւնը վաղաժամ, թէկուզ անխուսափելիօրէն, իր ձեռքն է ձգել բուրժուական հասարակարգի ղեկը։ Այդ նոյն վիճակն է ստեղծուել նաեւ մեր կուսակցութեան համար: Իրերի պատմական ընթացքով եւ անխուսափելիօրէն ստիպուած լինելով իր ձեռքն առնել դժբախտ ժողովրդի քաղաքական կեանքի ղեկը, նա նոյնպէս ենթակայ է «սոցիալիստական վտանգների» եւ յեղափոխական մահացու «սալտօմորտալէ»-ների (մահաթռիչք - ԿԽ)։ Վարելով մի երկրի բուրժուական մասնատիրական, թէկուզ մանր-բուրժուական, պետական նաւը՝ մեր կուսակցութիւնն եւս անխուսափելիօրէն ենթակայ է յեղոփոխական սայթաքումների եւ կապիտալիստական մեղսակցութեան:

«Ահա այս ծանր դրութեան մէջ հարց է առաջ գալիս․ թէ ո՞վ, ո՞ր ոյժը պէտք է նրա յեղափոխական սոցիալիստական յուշարարն ու ռեգուլեատորը հանդիսանայ եւ նրան չթողնի յաճախ եւ շատ շեղուել իր բուն ուղիից։ Պարլամենտական ֆրակցիան միմիայն կամ առհասարակ այդ դերը կատարել չի կարող, որովհետեւ նա էլ կապուած է եւ կաշկանդուած պետական կուսակցութեան մոլորեցնող ու գայթակղեցնող պարտակութիւններով եւ իրաւունքներով:

«Այդ յեղափոխականօրէն գսպիչ եւ վերահսկիչ դերը կատարել կարող է միմիայն կուսակցական մամուլը։ Սա է մնում այդպիսի պայմաններում միակ յեղափոխական օրգանը, որը ե՛ւ միայն կենդանի ե՛ւ յեղափոխական կապ կարող է պահպանել մասսաների հետ ե՛ւ ազդել կապիտալիստական, հակադեմոկրատիկ գայթակղութիւնների ենթակայ պետական դարձած սոցիալիստական կուսակցութեան վրայ։ Ուստի պետական կուսակցութեան մամուլը պէտք է լինի ազատ:

«Նա չպէտք է կառավարութեանն ովսաննա երգող եւ ամեն գնով փառաբանող օֆիցիոզ (պաշտօնական բանբեր - ԿԽ) կամ կիսասօֆիցիոզ դառնայ, եթէ յեղափոխական կուսակցութիւնը չէ կամենում վերջնականապէս փորել իր գերեզմանը։ Իսկական վտանգը այն չէ, երբ սոցիալիստական կուսակցութիւնը պետական կուսակցութիւն է դառնում, վտանգը, մահացու վտանգը սպառնում է այն ժամին, երբ նա զրկւում է նաեւ անկախ եւ յեղափոխականօրէն դատող ու քննադատող մամուլից, երբ՝ «ինքն ածում է, ինքը պար գալիս»։

«Եթէ մենք չենք կամենում, որ կուսակցութիւնն եւս յեղափոխականօրէն մեռնի, ինչպէս

մենշեւիզմն ու բոլշեւիզմը, ապա պէտք է մենք, հասկանալով այդ սոսկալի վտանգը, թողնենք որ մնայ եւ յեղափոխական քննադատական օպպոզիցիայի պատւաւոր եւ օգտակար դերի մէջ - որպէս ցայժմ բացառապէս մնացել է - մեր կուսակցական մամուլը։ Էականը․․․ նա պէտք է ժողովրդի շահը, սոցիալական ճշմարտութիւնն ու արդարութիւնը եւ իր իդէալները աւելի սիրի եւ գնահատի, քան իր ժամանակաւոր իշխանութիւնն ու իր կուսակիցների պաշտօնները: Նա իր պատասխանատու ու քննադատական օպպոզիցիայի դերի մէջ ղեկավար սկզբունք պէտք է ունենայ հետեւեալ ճշմարտութիւնը. «կուսակցութիւնն իմն է, բայց ճշմարտութիւնը (սոցիալիզմն ու յեղափոխականութիւնը) աւելի եմ սիրում»։

«Միմիայն այս ձեւով կարելի է իսկապէս եւ հաւատարմօրէն ծառայել թէ՛ սոցիալիզմին, թէ՛ պետութեանը եւ թէ՛ կուսակցութեանը»:

(«Հայաստանի աշխատաւոր» օրաթերթ, օրգան ՀՅԴ Երեւանի կենտրոնական եւ տեղական կոմիտէների, 1919 օգոստոսի 10, No 116, Ա էջ)

Ահաւասիկ 105 տարի յետոյ անգամ նման սկզբունքային, համարձակ եւ քաջարի կեցուածք պատկերացնելի չէ ՔՊ-ի եւ նրան ովսաննա երգող «օֆիցիոզ կամ կիսասօֆիցիոզ» մունետիկների դէպքում: Նրանք, իրականում, չունեն այնպիսի իդէալ, որն աւելի սիրելի, աւելի գերակայ լինի, քան սեփական կուսակցութիւնն ու կուսակիցների պաշտօնները․․․

Ի թիւս այլոց, այս առումով եւս, պետականութիւնը յետընթաց գլորւում է Հայաստանում։

 

Կարեն Խանլարյան

Իրանի Իսլամական Հանրապետության Խորհրդարանի նախկին պատգամավոր (2012-2020թթ.), տեխնիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, պատմական գիտությունների թեկնածու,

ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»-ի նախկին խմբագիր