կարևոր
784 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-10-29 14:44
Քաղաքական

Դեմարկացիայի առաջին փորձերը և ՀՅ Դաշնակցությունը

Դեմարկացիայի առաջին փորձերը և ՀՅ Դաշնակցությունը

ՀՅ Դաշնակցութիւնը գոյացաւ Հայաստանը լիարժէք ազատագրելու նպատակով։ Սա էր եւ է գլխաւոր կենսափիլիսոփայութիւնը՝ Հայաստանը տեսնել ազատուած ազգային, կրօնական, սոցիալ-տնտեսական, դասակարգային, մշակութային ամեն տեսակի բռնութիւններից ու խտրականութիւններից։ Ի սկզբանէ, սակայն, հարց ծագեց Դաշնակցութեան համար, թէ ի՞նչն է ազատագրման իրաւաքաղաքական օբյեկտը կամ ո՞րն է Հայաստանի քաղաքական աշխարհագրութիւնը։ Պատասխանի ընդհանուր կոնտեքստում առաւել որոշակի էր Արեւմտեան Հայաստան հասկացութիւնը, ինչն էլ յետագային իրաւական ոյժ ստացաւ վիլսոնեան իրաւարար վճռով։ Սակայն Արեւելեան Հայաստանի դեմարկացիան՝ սահմանագծումը, ըստ էութեան, մնում էր բարդ, խրթին եւ չափազանց վիճահարոյց։

ՀՅԴ «Կովկասեան Նախագիծ»-ը, 1904թ․, արդէն կայացրել էր վճռական որոշումը․ «Անդրկովկասը բաժանւում է գաւառների, որոնք վայելում են ամենալայն տեղական ինքնավարութիւն: Գաւառների սահմանները գծագրելիս՝ ի նկատի պիտի առնել ազգաբնակութեան ցեղագրական (տպագրական այլ տարբերակներում նշուած է նաեւ՝ ազգագրական - ԿԽ) եւ կուլտուրական կազմը, ըստ կարելւոյն միաձոյլ համախմբումներ կազմելու համար» (1)։ Սոյն որոշման լոյսի ներքոյ Դաշնակցութիւնը մոբիլիզացրեց գիտական իր ողջ զինանոցը․ Գարեգին Խաժակը, Սիրական Տիգրանեանը, Եղիշէ Թոփչեանը, Ա-Դօ-ն (Արեւմտեան Հայաստանի մասով), Գէորգ Խատիսեանը, Արտիմի Փիրալեանը, Արտաշէս Աբեղեանը ձեռնարկեցին Հայաստանի դեմարկացիայի դժուարին, դեռ կասէի՝ անհնարին գործը, եւ այս գործում առիւծի բաժինն էլ հասաւ Աւետիք Շահխաթունեանին։

Նրանց ջանքերով յաջողուեց սահմանագծել Անդրկովկասեան Հայաստանը, հաշուի առնելով, ոչ միայն տնտեսա-արդիւնաբերական պայմանները, այլեւ գերազանցապէս՝ էթնոգրաֆիկական եւ մշակութային հիմնաւորումները։ Այսպիսով Արեւելեան Հայաստանի կազմում նկատի առնուեցին՝ Երեւանը, Էջմիածինը, Նախիջեւանը, Վայոց ձորը, Սեւանի աւազանը, Կարսը, Գիւմրին, Կաղզուանը, Լոռին, Ախալքալաքը, Սիսականը, Լեռնային Արցախը (Շուշի), Քարվաճառը, Լեռնային Գանձակը․․․

Իհարկէ սա գիտահետազօտական հսկայական թեմա է։ Այստեղ միայն ցանկանում ենք ՀՅԴ տուեալ ջանքերի կապակցութեամբ ներկայացնել խիստ ուշագրաւ մի գնահատական, որը տուել է հայ մարքսիստ, սպեցիֆիկ սոցիալ-դեմոկրատ՝ Դաւիթ Անանունը (1879-1942թթ․), իր հեղինակաւոր՝ «Ռուսահայերի հասարակական զարգացումը» աշխատութեան երրորդ հատորում։

«․․․ Հայ մարքսիստները,- գրում է Դաւիթ Անանունը,- դէմ էին արտայայտւում Անդրկովկասի ֆեդերացիային։ Բայց մարքսիստների կարծիքը պարտադիր չէր դաշնակցականների համար, եւ նրանք շարունակեցին Ռուսական Հայաստանի տեղն ու դիրքը որոշել․․․ Սա ազգահաւաքման այն ձեւերից մէկն էր՝ որ հայրենիքի եւ նրա պետականութեան գործերին մասնակից էր անում ազգի 2/3-ին» (2):

«Ահա այսպէս,- շարունակում է Անանունը,- ազգաշինութեան գաղափարն ու ծրագիրը Դաշնակցութեան շարքերում նուաճեց ամուր հող: Մի կողմից նա կերպարանաւորուեց իբրեւ ազգային կուլտուրական ինքնօրէնութիւն (աւտօնոմիա - ԿԽ)՝ խարսխուած անձային կապի վրայ, միւս կողմից դարձաւ տերիտորիայի եւ հայրենիքի որոնումն Ռուսական Հայաստանում: Ազգային հարցը յուզական էր հայ ժողովրդի համար։ Մնացած քաղաքական հոսանքները կամ նոր բան չէին ասում նրա հոգուն ու սրտին, կամ հինը կրկնելով, նրա ձգտումները մաշում էին չափաւորութեան ուղիներում, եւ այսպիսով չէին կարողանում տիրանալ նրա հասարակական համակրանքներին։ Միայն Դաշնակցութիւնն էր, որ չէր հրաժարւում որոնումներից եւ ինքնամփոփ հայրենիքի հեռանկար էր բանում հայութեան առաջ» (3)։

Վերը նշուած գնահատականը վերստին ու վերստին պէտք է ուշադրութեան կիզակէտում պահել՝ ներկայիս հակադաշնակցական նորագոյն արշաւանքների թունաւոր մթնոլորտում։

 

Կարեն Խանլարյան 

Իրանի Իսլամական Հանրապետության Խորհրդարանի նախկին պատգամավոր (2012-2020թթ.), տեխնիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, պատմական գիտությունների թեկնածու,

ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»-ի նախկին խմբագիր