Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԵՄ երկրների Եվրոպական հարցերով նախարարները մտադիր են հոկտեմբերի 15-ի նիստում քննարկել իրավիճակը Վրաստանում: Հոկտեմբերի սկզբին հաղորդվել էր՝ Եվրամիությունը որոշում է կայացրել բարձր մակարդակով հանդիպումներ չանցկացնել Վրաստանի քաղաքական ղեկավարության ներկայացուցիչների հետ:
Ավելի վաղ Եվրախորհրդարանը ընդունել էր «հետքայլ ժողովրդավարությունից եւ սպառնալիք Վրաստանում քաղաքական բազմակարծությանը» բանաձեւը: Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, մեկնաբանելով այդ փաստաթուղթը, հայտարարել է․ «դա Վրաստանի վերաբերյալ ԵՄ-ի վեցերորդ բանաձեւն էր, սակայն այն դարձել է Եվրամիության առաջին պաշտոնական հրապարակային փաստաթուղթը, որում բացահայտ ամրագրված է այն, ինչ երկրից պահանջում էին փակ դռների հետեւում»: Թբիլիսիի առջեւ ներկայացվել են հետեւյալ պահանջները՝ բացել «երկրորդ ճակատը» Ռուսաստանի դեմ, ազատ արձակել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, չեղարկել «օտարերկրյա գործակալների եւ ԼԳԲՏ քարոզչության դեմ» օրենքները։ Միեւնույն ժամանակ, կոչ է արվել ԵՄ-ին սառեցնել Վրաստանի կառավարության համար բոլոր ֆինանսավորումը, պատժամիջոցներ սահմանել «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի եւ «ժողովրդավարության խարխլման համար» բոլոր պատասխանատուների դեմ: Թվում է, թե ԵՄ-ն լկտիաբար վա-բանկ է գնացել Վրաստանի դեմ՝ բացահայտ միջամտելով նրա ներքին գործերին։ Ի՞նչ է հաջորդելու: Այս մասին Ստանիսլավ Տարասովի դիտարկումը:
«Պաշտոնական Թբիլիսին արձագանքում է նման հարձակումներին, որպեսզի չեզոքացնի «Միասնական ազգային շարժում» խոշորագույն ընդդիմադիր կուսակցության օգտին ընտրողների կամքի ձեւավորման վրա ազդելու ԵՄ-ի փորձերը։ Այդ կապակցությամբ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Արեւմուտքի դժգոհությունն առաջացրած «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքն անվանել է «հեղափոխության թափանցիկության մասին» օրենք։ Նրա խոսքով՝ «ՀԿ-ների մասնակցությամբ երկու անգամ փորձեցին հեղափոխություն իրականացնել Վրաստանում։ Մենք բոլորին ասում ենք, խնդրում եմ, կարող եք փորձել Վրաստանում հեղափոխություն անել, բնականաբար, այդ փորձերն անհաջող կլինեն, բայց եթե ուզում եք Վրաստանում հեղափոխություն անել՝ թույլ տվեք դա անել թափանցիկ»։
Քաղաքագետի կարծիքով՝ «թափանցիկ է արվում առայժմ հետեւյալը։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քաղաքական խորհրդակցություններ է անցկացնում ընդդիմության ներկայացուցիչների հետ, որոնք ստորագրել են «վրացական խարտիան» վարչապետի պաշտոնի թեկնածության եւ գործողին զուգահեռ, այսպես կոչված, տեխնիկական կառավարության կազմի վերաբերյալ: Դրանից հետո Վրաստանում նախատեսվում է արտահերթ ընտրություններ անցկացնել։ Բանավեճն ընթանում է այն հարցի շուրջ, թե երբ ստեղծել նման «կառավարություն»՝ մինչեւ հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություննե՞րը, թե՞ դրանց անցկացումից հետո։ Սա նշանակում է՝ ընդդիմությունը, հետեւելով արտաքին հրահանգներին, անվավեր կհայտարարի ընտրությունները եւ կիրականացնի Վրաստանում երկիշխանություն ստեղծելու «հեղափոխական սցենարը»։ Ի պատասխան՝ «Վրացական երազանք» կուսակցության կառավարությունը Զուրաբիշվիլիին նախազգուշացրել է նոր իմպիչմենտի մասին՝ «իրավական նորմերի կոպիտ խախտման համար»:
Նշվում է՝ ներկայացումը Վրաստանի Սահմանադրական դատարան կներկայացվի մինչեւ խորհրդարանական ընտրությունները, սակայն հարցը քվեարկության կդրվի արդեն նոր խորհրդարանի կողմից, որը կընտրվի հոկտեմբերի 26-ին: Գլխավորն այն կլինի, որ իշխող «Վրացական երազանքը» ընտրություններում ստանա ձայների մեծամասնությունը, որպեսզի Զուրաբիշվիլիի դեմ պայքարը հասցնի ավարտին։ Խորհրդարանում քվեարկության ընթացքում Զուրաբիշվիլիի նախկին իմպիչմենտին աջակել է 86 պատգամավոր՝ նվազագույն անհրաժեշտ 100-ի փոխարեն: Սակայն, ընդհանուր առմամբ, իրավիճակը Վրաստանում դեռ գտնվում է քաղաքական անորոշության մեջ։ Մոսկվայում մեծ ուշադրությամբ հետեւում են անդրկովկասյան այդ հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքին։ Չնայած դիվանագիտական կապերի բացակայությանը՝ Վրաստանն ու Ռուսաստանն այս տարիների ընթացքում հաջողությամբ զարգացնում են առեւտրային հարաբերությունները, եւ այսօր Ռուսաստանը Վրաստանի գլխավոր առեւտրային գործընկերների ցանկում երկրորդ տեղում է», - ամփոփել է Տարասովը։
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի