կարևոր
1546 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-12 16:51
Աշխարհ

Մերձավոր Արևելքում գալիս է որոշումների ընտրության պահը

Մերձավոր Արևելքում գալիս է որոշումների ընտրության պահը

Թեհրանում Ռուսաստանի դեսպանատունը Իրանում գտնվող ռուսաստանցիներին խորհուրդ է տվել պահպանել անվտանգության միջոցները՝ կապված Իսրայելի կողմից իրանական տարածքին հարվածներ հասցնելու հավանականության հետ: Արդյո՞ք սա նշանակում է, որ մեծ է Իսրայելի կողմից Իրանին հարվածելու հավանականությունը։ Այս մասին Ստանիսլավ Տարասովի դիտարկումը։

«Ընդհանրապես ինչ-որ տարօրինակ իրավիճակ է ստեղծվում։ Մի կողմից, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի հետ այլ երկրների միջոցով բաց դիվանագիտական խորհրդակցությունների մասին՝ հակամարտությունը դադարեցնելու համար: Ընդ որում՝ Թեհրանն արձանագրում է Գազայի հատվածից Իրանի ուղղությամբ հակամարտության էսկալացիայի տեղափոխման փաստը՝ փորձելով իր սահմաններից հետ մղել հակամարտության բոցը, խուսափել Իսրայելի հետ բացահայտ բախումներից: Այս տեսակի առճակատման դեպքում ժամանակը կարող է Իրանի օգտին խաղալ, եթե աշխատի աշխարհաքաղաքական «մեծ տրամաչափի երկընտրանքը», եթե ԱՄՆ - ն ու Իրանը որոշակի «գործարք» կնքեն, որպեսզի նախագահական ընտրությունների նախաշեմին իրադարձությունները չտարածեն պատերազմի ընդլայնման ուղղությամբ։

Մյուս կողմից՝ ԱՄՆ-ն Իսրայելի հետ քննարկում է Իրանին նրա ենթադրյալ հարվածի սցենարները։ Այսպիսով՝ Բայդենը երկու ամսվա ընթացքում առաջին անգամ 30 րոպեանոց հեռախոսային բանակցություններ է անցկացրել Նեթանյահուի հետ: Այս կապակցությամբ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը նշել է՝ բանակցություններն անցել են «արդյունավետ»: Այլ մանրամասներ չեն հաղորդվում, բայց Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է՝ երբ Իսրայելը հարձակվի, Իրանը «չի հասկանա, թե ինչ է պատահել իր հետ կամ ինչպես է դա տեղի ունեցել», եւ սպառնացել է՝ հարձակումը կլինի «մահացու, զգայուն եւ հատկապես անսպասելի»: Axios պորտալը, վկայակոչելով իսրայելցի պաշտոնյաներին, գրում է՝ Նեթանյահուի կառավարությունը հարձակումը դիտարկում է որպես «Իրանում ռազմական թիրախներին ավիահարվածների եւ բարձրաստիճան անձանց սպանությունների համադրություն»: Բայց բաց է մնում հարցը՝ արդյո՞ք ԱՄՆ-ի դիրքորոշումը փոխկապակցված է Իրանի եւ Իսրայելի հետ բանակցություններում։

Միեւնույն ժամանակ, Պարսից ծոցի երկրները՝ ներառյալ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Քաթարը, տեղեկացրել են ԱՄՆ-ին, որ թույլ չեն տա Իսրայելին օգտագործել իր օդային տարածքը Իրանին հարվածելու համար: Reuters-ը հայտնում է՝ Ծոցի երկրները Վաշինգտոնից պահանջում են ճնշում գործադրել Իսրայելի վրա, որպեսզի ստիպեն նրան հրաժարվել Իրանի նավթային օբյեկտների վրա հարձակումներից՝ վախենալով, որ հակամարտության սրման դեպքում իրենց սեփական նավթային ենթակառուցվածքը հարվածների կենթարկվի իրանական պրոքսի խմբերի կողմից», -  նշում է քաղաքագետը:

Այսպիսով՝ իրավիճակը շարունակում է մնալ անորոշ վիճակում։ Աշխաբադում «Ժամանակների եւ քաղաքակրթությունների փոխկապակցվածությունը՝ խաղաղության եւ զարգացման հիմք» ֆորումի ձեւաչափով կկայանա Պուտինի եւ Իրանի նախագահի առաջին հանդիպումը: Նրանք կքննարկեն թեմաների լայն շրջանակ՝ երկկողմ հարաբերություններից մինչեւ Մերձավոր Արեւելքի իրադրությունը։ «Տարածաշրջանային իրադարձությունների բարդ համալիրի լույսի ներքո բոլորը ստիպված կլինեն մոտ ապագայում որոշումների ընտրություն կատարել, որպեսզի Մերձավոր Արեւելքում իրավիճակը չվերածվի համապարփակ առճակատման», - ամփոփում է Տարասովը:

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի