կարևոր
4066 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-15 11:09
Քաղաքական

Հարգելի ժողովուրդ, մի՛ քծնիր․ «Հրապարակ»

Հարգելի ժողովուրդ, մի՛ քծնիր․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․

«Եթե ես լինեի ուսուցիչ, ամեն օր դասարան մտնելիս մի նախադասություն կկրկնեի. «Սիրելի աշակերտներ, չի կարելի քծնել մեծ ու փոքր պաշտոնյաներին, դա նրանց փչացնում է եւ դուք ակամայից նպաստում եք, որ վատ իշխանություն ունենաք»: 

Եթե ես դասագիրք գրեի կամ հանրային հարթակներից ելույթ ունենալու հնարավորություն ունենայի, պատգամավոր ու դասախոս լինեի` բոլոր հնարավոր առիթներով կկրկնեի. «Հարգելի ժողովուրդ, մի փչացրու քո իշխանությանը` մի քծնիր, մի շողոքորթիր, լայնաբերան մի ժպտա, մի գրկախառնվիր, հետը մի լուսանկարվիր...այդ բոլորն անդառնալիորեն փչացնում են նրան»: Որովհետեւ երբ դու որեւէ պաշտոնյայի ժպտում ես ու ողջագուրվում, նա դա շփոթում է անկեղծ սիրո ու համակրանքի հետ: Երբ նրա հետ լուսանկարվում ես, նա կարծում է, թե այդ լուսանկարը դառնալու է քո տան ամենաթանկ մասունքը: Անգամ երբ դու նրան հարգալից տոնով ես դիմում, չես առարկում, քո դժգոհությունները չես բարձրաձայնում` նա կարծում է, թե համաձայն ես իր հետ, իր վարած քաղաքականության ու իր որդեգրած քաղաքական կուրսի հետ: Նա կարծում է, թե դու գոհ ես քո կյանքից եւ այդ ուրախ կյանքը հենց ինքն է քեզ պարգեւել: 

Պետք է հիշել, որ այսօրվա պաշտոնյաներն այնքան հասուն եւ խելացի չեն, որ տարբերեն պարզ քաղաքավարությունը` սիրուց ու համակրանքից, հայկական ավանդական հյուրասիրությունը` իրենց քաղաքական հայացքները կիսելուց, իր պաշտոնից ակնկալվող օգուտն ու քծնանքը` իր անձի, իր կուսակցության, իր կառավարության հանդեպ հարգանքից: 

Եթե ես ընդդիմադիր քաղաքական գործիչ լինեի` կոչով կդիմեի մեր հանրությանը. «Հարգելի ժողովուրդ, մի աշխատեք ջերմ ընդունելության արժանացնել ձեր մարզ, գյուղ այցելած վարչապետին», դա նրա ոտքը կտրում է գետնից, նրան թվում է, թե ինքը ջերմորեն սիրված է ժողովրդի կողմից: Նրան թվում է, թե ինքը ոչ մի սխալ բան չի արել այս 6 տարիների ընթացքում, ոչ մի մեղք չունի, երկիրն էլ հոյակապ վիճակում է:

Մի աշխատեք բարեմաղթանքներ ու դրական գնահատականներ շռայլել, մի թաքցրեք ձեր դժգոհությունները, մտահոգությունները, քննադատությունը: Մի վախեցեք ձեր համայնքի-թաղի ոստիկանից, համայնքապետից, գողականից: Խոսեք երկրի վիճակի, ձեր մարզի-գյուղի խնդիրների մասին: Նա ձեր վճարած հարկերից է վարձատրվում եւ ձեր համայնքում իրականացվող ծրագրերն էլ ֆինանսավորվում են պետական բյուջեից, այլ ոչ թե անձամբ վարչապետի գրպանից` պետք չէ դրա համար առանձնահատուկ երախտագիտության զգացում ունենալ եւ ավելորդ ջանքեր գործադրել, որ նա ձեր համայնքից գոհ հեռանա»: