կարևոր
20194 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-11 11:18
Աշխարհ Սպորտ

Վարազդատ Լալայանը՝ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր

Վարազդատ Լալայանը՝ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, 2024 թվականի Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի գավաթակիր գերծանր քաշային Վարազդատ Լալայանը Փարիզում անցկացվող ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում երկամարտի 467 կգ արդյունքով նվաճեց արծաթե մեդալը: Բրոնզե մեդալի արժանացավ Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը (461 կգ): Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճեց Լաշա Տալախաձեն (470 կգ):

Գերծանր քաշայինների մրցելույթում հիմնական պայքարը, ինչպես միշտ, ծավալվել էր հայ ծանրորդներ Վարազդատ Լալայանի, Գոռ Մինասյանի (Բահրեյն) և վրացի ծանրորդ Լաշա Տալախաձեի միջև՝ հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:

Լալայանը պոկում վարժությունում 2 հաջող մոտեցում կատարեց և կարողացավ գլխավերևում պահել 215 կգ ծանրաձողը: Նույնքան հաջող մոտեցումներով առաջին տեղը զբաղեցրեց գլխավերևում 216 կգ ծանրաձողը պահած Գոռ Մինասյանը, իսկ Տալախաձեն 215 կգ արդյունքով 2-րդն էր:
Հրում վարժությունում Լալայանը 2 հաջող մոտեցում կատարեց և գլխավերևում ֆիքսեց 252 կգ ծանրաձողը: Գոռ Մինասյանը ընդամենը 1 հաջող մոտեցում կատարեց և ֆիքսեց 245 կգ-ը: Լաշա Տալախաձեն 255 կգ ծանրաձողը հրեց:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Հայաստանի օլիմպիական հավաքականի մյուս ծանրորդներից Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն, 102 կգ քաշային ծանրորդ Գարիկ Կարապետյանը երկամարտի 398 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ տեղը (186+212 կգ):

89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանն էլ զբաղեցրել է 7-րդ տեղը՝ երկամարտում ցույց տալով 370 կգ արդյունք (170+200 կգ):

Այսպիսով՝ 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը Հայաստանի օլիմպիական թիմի համար ավարտված են, մենք ունենք 4 մեդալ. մեր թիմի կազմում ավելի վաղ արծաթե մեդալներ էին նվաճել նաև մարմնամարզիկ Արթուր Դավթյանը և ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, բրոնզե մեդալակիր էր դարձել ըմբիշ Մալխաս Ամոյանը: