Փոխարժեքներ
22 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.51 |
EUR | ⚊ | € 449.98 |
RUB | ⚊ | ₽ 4.8075 |
GBP | ⚊ | £ 522.85 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայանը հավասարը չունեցավ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում ավարտվող Եվրոպայի առաջնությունում եւ երկրորդ անգամ նվաճեց չեմպիոնի կոչումը:
Տղամարդկանց +109 կգ քաշայինների պայքարում Լալայանը երկամարտում գրանցեց 450 կգ (210+240): Եվրոպայի կրկնակի չեմպիոնը նվաճեց այս քաշային կարգի բոլոր երեք ոսկե մեդալները:
Պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ պոկեց 200 կգ: Երկրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը պատվիրեց 210 կգ, որը նույնպես պոկեց: Երրորդ մոտեցման համար պատվիրված 218 կգ-ը ձախողեց: Պոկում վարժությունից հետո Լալայանը մրցակիցներից առաջ էր 20 կգ-ով:
Հրում վարժությունն աշխարհի չեմպիոնը մեկնարկեց 240 կգ-ով եւ հաջող բարձրացրեց: Երկրորդ մոտեցման համար պատվիրված 250 կգ-ը ձախողեց: Երրորդ մոտեցումից հրաժարվեց:
Այս քաշային կարգում երկամարտի 415 կգ արդյունքով արծաթե մեդալակիր է էստոնացի Մարտ Սեյմը (180+235):
Երկամարտի 406 կգ արդյունքով բրոնզե մեդալակիր է ուկրաինացի Բոգդան Գոզան (190+216):
Վարազդատ Լալայանը 25 տարեկան է:
2016 թ. Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր է, 2019 թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն, 2019 թ. աշխարհի երիտասարդների չեմպիոն, 2019 թ. Եվրոպայի Մ20 չեմպիոն եւ ռեկորդակիր, 2021 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2021 թ. Եվրոպայի Մ23 չեմպիոն եւ ռեկորդակիր, 2021 թ. աշխարհի փոխչեմպիոն եւ ռեկորդակիր, 2022 թ. Եվրոպայի փոխչեմպիոն, 2022 թ. Եվրոպայի Մ23 չեմպիոն եւ ռեկորդակիր, 2022 թ. Աշխարհի բրոնզե մեդալակիր: 2023 թ. ապրիլին Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում նվաճել է փոխչեմպիոնի կոչումը: Երկամարտում Լալայանը գրանցել է 462 կգ արդյունք (212+250):
2023 թ. աշխարհի փոխչեմպիոն է, 2024 թ. Եվրոպայի չեմպիոն եւ աշխարհի գավաթակիր, Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն:
Ֆրանսիայի մայրաքաղաքում անցկացված 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Վարազդատ Լալայանը երկամարտում գրանցել է 467 կգ արդյունքով (215+252) եւ նվաճել Օլիմպիական խաղերի արծաթե մեդալ: 2024 թ. Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում անցկացված աշխարհի առաջնությունում +109 կգ քաշայինների պայքարում Լալայանը երկամարտի 467 կգ արդյունով հռչակվեց աշխարհի չեմպիոնի (215+252):
Տղամարդկանց +109 կգ քաշայինների A խմբի պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:00-ին:
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում ավարտվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմն արդեն նվաճել է երկամարտի 9 մեդալ՝ 1 ոսկի, 6 արծաթ, 2 բրոնզ:
Ոսկե մեդալակիր է դարձել Գարիկ Կարապետյանը (411 կգ, 185 + 226), արծաթե մեդալներ են նվաճել՝ Ալեքսանդրա Գրիգորյանը (202, 85+117), Գոռ Սահակյանը (338, 153+185), Ռաֆիկ Հարությունյանը (343 կգ, 158+185), Աննա Ամրոյանը (231 կգ, 100+131), Սիմոն Մարտիրոսյանը (406 կգ, 180+225) եւ Լիանա Գյուրջյանը (246 կգ, 106+140):
Բրոնզե մեդալակիրներ են դարձել Գառնիկ Չոլակյանը (275 կգ, 124+151) եւ Դավիթ Հովհաննիսյանը (376 կգ, 173+203):