կարևոր
3412 դիտում, 3 ամիս առաջ - 2024-07-25 22:23
Հասարակություն

Մարդկանց վստահեցրել են, որ այդ տարածքների հետ խնդիր չի լինի, բայց ցորենը ադրբեջանցիներն են հնձում. Գառնիկ Դանիելյան

Մարդկանց վստահեցրել են, որ այդ տարածքների հետ խնդիր չի լինի, բայց ցորենը ադրբեջանցիներն են հնձում. Գառնիկ Դանիելյան

Կիրանց տանող նոր ճանապարհին ադրբեջանցի և հայ սահմանապահների վեճը ևս մեկ ապացույց է, որ այն ինչ կատարվել է Կիրանցում՝ սահմանազատում և սահմանագծում չէ, այլ՝ միակողմանի զիջում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ ավելացնելով, որ միակողմանի զիջել են ադրբեջանցիներին, հիմա էլ նրանք ասում են, որ նոր կառուցված ճանապարհն իրենց տարածքով է անցնում։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ նախօրեին միջադեպ էր գրանցվել Կիրանցում՝ հայ եւ ադրբեջանցի սահմանապահների միջեւ. Վերջիններս պնդել են, թե նոր կառուցվող ճանապարհն անցնում է, այսպես կոչված, Ադրբեջանի տարածքով։

«Սա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ ադրբեջանցիներն ամենևին էլ խնդիր չունեն խաղաղ գոյակցել Հայաստանի հետ, ամեն անգամ մի պատրվակ, պատճառ բերելու են՝ կոնֆլիկտ հրահրելու, մի իրավիճակ ստեղծելու համար, որ կիրանցի մեր հայրենակիցների համար այդտեղ բնակվելն անհնար լինի ու մարդիկ ստիպված դուրս գան։ Սա այնքան ակնհայտ է։ Մենք միշտ ենք զգուշացրել, որ ադրբեջանցին չի կարող այդտեղ գալ ու խաղաղ ապրել, անընդհատ նման միջադեպեր են տեղի ունենալու»։

Նա նաև հայտնեց, որ այս պահին ճանապարհի շինարարությունը շարունակվում է, սակայն որևէ երաշխիք չկա, որ վաղը նույն իրավիճակը չի լինելու։

Դանիելյանի փոխանցմամբ՝ հայկական վերահսկողության տակ մնացած հողերում ցորենի դաշտերը ադրբեջանցիները հնձել են։ «Այսինքն, մարդկանց վստահեցրել են, որ այդ տարածքների հետ խնդիր չի լինի, բայց մարդիկ այսօր դրանից էլ են զրկված։ Սա մեծ խնդիր է, մարդիկ զրկվել են արոտավայրերից, իրենց ցորենը ադրբեջանցիներն են հնձում, տարածքները անվտանգ չեն, սեպտեմբերից էլ երեխաները պետք է դպրոց գնան, ու դեռ պարզ չի, թե ինչ անվտանգային պայմաններում են գնալ-գալու։ Մարդիկ վստահ են եղել, որ այդ ցորենը, որ իրենց ձմեռվա պաշարն է, հնարավորություն են ունենալու հավաքել, բայց այսօր դրանից էլ են զրկված։ Հիմա ինչպե՞ս կարող է այդտեղ նորմալ կյանք լինել։ Եթե կարծում են, որ այնտեղ կարող է նորմալ կյանք լինել՝ ՔՊ-ականները թող գնան ապրեն իրենց երեխաներին էլ այդտեղ դպրոց ու մանկապարտեզ տանեն»։

Դանիելյանը տեղեկացրեց, որ ցորենի հետ առաջացած խնդրի շուրջ նամակ է հղել էկոնոմիկայի նախարարությանը, որտեղից պատասխանել են, որ իրենց գործառույթների մեջ չի մտնում։ Թե ինչն է իրենց գործառույթների մեջ մտնում՝ չգիտեմ։ Գյուղատնտեսության նախարարությունը լուծարելուց հետո այն մտել է էկոնոմիկայի նախարարության կազմի մեջ»։

Դանիելյանն ընդգծեց, այն, ինչ արել են Արցախում՝ Ադրբեջանը փորձելու է նույնն իրականացնել Հայաստանում։ «Նրանք, ովքեր ջայլամի քաղաքականություն են վարում ու չտեսնելու են տալիս, թե ինչ է կատարվում, շատ շուտով կտեսնեն իրավիճակի լրջությունը։ Շուտով կտեսնեք, որ «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտը ևս իրականացվում է ու 300.000 հայ է բնակվում արդեն Հայաստանում»։

Աղբյուր` Փաստինֆո