կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-14 16:15
Քաղաքական

Մակրոնը զրուցել է Ալիևի հետ, վստահեցրել, որ իրենք չեն հավատում, որ այդ մշակույթն ալբանական է

Մակրոնը զրուցել է Ալիևի հետ, վստահեցրել, որ իրենք չեն հավատում, որ այդ մշակույթն ալբանական է

2022 թվականի ապրիլին Ֆրանսիայում կկայանան նախագահական ընտրություններ, որին նաև կմասնակցի ֆրանսահայ համայնքը, որը ծանրակշիռ դերակատարում ունի երկրում։ Վերջերս Ֆրանսիայում կայացած CCAF- ի՝ ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի  կազմակերպած ընթրիքի ժամանակ կազմակերպության համանախագահ Մուրադ Փափազյանը բավականին խիստ ելույթ է ունեցել: 


«Հրապարակը» զրուցել է Մուրադ Փափազյանի հետ եւ հետաքրքրվել նրա ելույթի բովանդակությամբ ու պատճառներով: 

«Իմ ելույթը բավականին կոշտ է եղել, այո, քանի որ Մինսկի խմբի երեք համանախագահները, որոնց առաքելությունն էր խաղաղություն ստեղծելն ու պահպանելը, զենք են վաճառել Ադրբեջանին։ Իսկ Ադրբեջանը զինվելուց հետո նրանց առաջ խաղաղության կոչեր է անում։ Բայց մենք միամիտ չենք, և գիտենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան խաղաղություն չեն ուզում։ Իրենք ուզում են շարունակել պատերազմը և պատրաստ չեն խաղաղ ճանապարհով լուծում գտնել ոչ միայն Արցախի հիմնահարցի հետ կապված, այլ նաև վտանգի մեջ են դնելու Հայաստանը»,- ասաց Մուրադ Փափազյանը: 

Մ․ Փափազյանը գտնում է, որ երբ խոսվում է հայ-թուրքական հարաբերությունների մասին և հարց է դրվում՝ ո՞րն է Թուրքիայի նպատակը, պետք է հիրավի ասել, որ նպատակը մեկն է՝ «ձեռքը դնել Հայաստանի վրա»։ «Նրանք խաղաղությամբ հետաքրքրված չեն, երբեք չեն դառնա Հայաստանի բարեկամ, հարևան։ Նրանց նպատակը մեկն է՝ բացվեն սահմանները, առևտրային և դիվանագիտական հարաբերությունները կարգավորվեն, իրենք իրենց տնտեսությունը հաստատեն Հայաստանում, ընկերություններ գնեն, իշխեն Հայաստանի տնտեսության վրա, որպեսզի վերջիվերջո «ձեռքը դնեն Հայաստանի վրա»,-ասաց պրն Փափազյանը:

Նրա խոսքով, Հայաստանը փոքր երկիր է և պատրաստ չէ ունենալ առևտրային հարաբերություններ Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Նաև անվտանգության հարց է, և չի կարող ՀՀ կառավարությունը այսպիսի որոշումներ կայացնել առանց Սփյուռքի հետ համաձայնեցնելու: Հայաստանը ոչ միայն հայաստանցիների երկիրն է, այլև ամբողջ հայության, որը սփռված է աշխարհով մեկ: Սփյուռք-Հայաստան մեկ ամբողջություն են եւ Սփյուռքը թույլ չի տա առանց իր հետ խորհրդակցելու՝ Հայաստանը սխալ քայլ անի: 

«Մեր կապերն իսկապես մեծ են և ամուր քաղաքական բոլոր կուսակցությունների, Ֆրանսիայի նախկին և ներկա նախագահների հետ: Տասնյակ տարիներ աշխատելով նրանց հետ, ունենք մշտական երկխոսություն։ Մակրոնը գիտի, որ Ֆրանսիայում մեր կազմակերպության թիվ մեկ նպատակն է պաշտպանել Հայաստանի, Արցախի շահերը և Հայ դատի հետապնդման աշխատանքը»,- մեզ հետ զրույցում ասաց Փափազյանը։ «Հրապարակի» այն հարցին, թե արդյոք CCAF-ը քայլեր կձեռնարկի՞ Ադրբեջանի՝ Արցախի մշակույթի դեմ ուղղված վանդալիզմի դեմ, Մուրադ Փափազյանն ասաց, որ իրենք արդեն այս թեմայի շուրջ խոսել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ փետրվարի 1-ի հանդիպման ժամանակ: «Մակրոնը տեղյակ էր, որ Ադրբեջանը այսպիսի նախաձեռնություններ է սկսել: Ֆրանսիայի նախագահն արդեն իսկ զրուցել է Ալիևի հետ և վստահեցրել, որ իրենք չեն հավատում, որ այդ մշակույթը ալբանական, և որ չփորձեն խաբել իրենց: Ալիևն ընդունել է, որ սխալ քայլ է արվել: Որքան էլ ընդունել է, մենք զգույշ են, որպեսզի այդ քարոզչությունը չտարածվի Ֆրանսիայում», -զրույցի վերջում ասաց Մուրադ Փափազյանը: 

Նարինե Ղուկասյան