կարևոր
4186 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-19 13:56
Քաղաքական

Հուլիսի 1-ն անցել է, ինչո՞ւ չկա համաձայնեցված կանոնակարգի նախագիծը

Հուլիսի 1-ն անցել է, ինչո՞ւ չկա համաձայնեցված կանոնակարգի նախագիծը

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների ութերորդ հանդիպման արդյունքների վերաբերյալ մամուլի հաղորդագրության կետերից մեկում նշված է հետևյալը. «Զուգահեռաբար պայմանավորվածություն են ձեռք բերել ավարտին հասցնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները մինչև 2024 թ. հուլիսի 1-ը և մեկնարկել դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացը՝ Կողմերի՝ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և պահանջների համաձայն»:

Փաստենք, որ ոչ միայն մինչև հուլիսի 1-ը, այլև մինչ օրս տեղեկություն չկա այն մասին, որ «սահմանազատող-սահմանագծող» կողմերը հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքներն ավարտին են հասցրել և սկսել դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացը: Չկա՛ նման բան: Ապրիլի 19-ից հետո՝ մայիսի 15-ին, եղել է ևս մեկ՝ 9-րդ հանդիպումը, որտեղ կրկին քննարկել են կատարված աշխատանքները կամ, ավելի ճիշտ, Ադրբեջանին հայրենիք հանձնելու դավադիր գործարքը, և վերջ:

Ինչո՞ւ կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները մինչև 2024 թ. հուլիսի 1-ը տեղի չունեցան, ո՞րն է պատճառը: Արդյո՞ք հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի և դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացի բացակայության պայմաններում մինչ օրս տեղի ունեցած սահմանազատումն ու սահմանագծումը, որի արդյունքում թշնամուն հանձնվեց 4 գյուղատեղի, չի համարվում ապօրինի և հանցավոր արարք: Արդյո՞ք հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի և դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացի բացակայության պայմաններում թույլատրելի է և հնարավոր է շարունակել այսպես կոչված սահմանազատման և սահմանագծման գործընթացը, ինչի մասին հայտարարում է Նիկոլ Փաշինյանը:  

Պարզ է՝ նշված ժամկետների ու պայմանավորվածությունների մասին հայտարարությունները հայ հասարակության աչքին թոզ փչելու համար են, խաբելու, որ  գործընթացը, իբր, ընթանում է քաղաքակիրթ աշխարհում ընդունված նորմերի և ձևաչափերի հիման վրա, և, որ ամեն ինչ երկկողմանի է:

Իրական գետնի վրա, ինչպես տեսնում ենք, գործընթացը, որն իրականում ՀՀ տարածքների դավաճանաբար հանձնում-շանտաժներով զավթում է, ընթանում է այնպես, որ շահում է միմիայն Ադրբեջանը:

Տպավորություն է՝ Ալիևի դիմաց կանգնածը ոչ թե ինքնիշխան պետության ղեկավարն է, այլ Մինգեչաուրի քաղաքագլուխը, ով հլու-հնազանդ կատարում է Բաքվի որոշումները:

Հավելենք, որ նշված հարցադրումներն ուղարկել ենք փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, և պատասխաններն ստանալուն պես կներկայացնենք: Մհեր Գրիգորյանին հարցրել ենք նաև, թե նշված գործընթացները «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի և «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի ո՞ր հոդվածներով են կարգավորվում:

Եվ վերջում ապագայի համար հռետորական հարցեր. արդյո՞ք Ադրբեջանի՝ օրավուր ավելացող նախապայմանների ու շանտաժների պայմաններում թույլատրելի է իրականացնել սահմանազատում-սահմանագծում, և արդյո՞ք նման պայմաններում իրականացվող գործընթացն ունի իրավական ուժ:

 

Վահե Սարգսյան