Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բռնի տեղահանված արցախցիների բնակապահովման ծրագիրը հարցեր լուծելու փոխարեն հաճախ նոր՝ ավելի լուրջ հարցեր է առաջացում։ Օրինակ, նոր վարկեր, քանի որ հատկացված գումարը չի բավարարում բնակարան գնելու համար, կամ գործազուրկ գյուղաբնակներ, քանի որ Արցախում անասնապահությամբ կամ հողագործությամբ չեն զբաղվել, ի վերջո, վարկից բացի նաեւ վարձ՝ Երեւանում սովորող ուսանող զավակի համար։ Միակ հնարավոր ելքը թվում է ծրագրից չօգտվելն ու արտագաղթը։
Արտյոմ Գրիգորյանը հատկացվելիք գումարով անգամ Տաշիրում բնակարան գնել չի կարողանա
ՀՀ Կառավարության հաստատած բնակապահովման ծրագիրը արցախցիներին բնակարանով ապահովելու խնդիրը չի լուծի։ Համացանցում և բանավոր խոսակցություններում շահառուների դժգոհության ալիքը չի հանդարտվում։
-Բազմաթիվ ընտանիքներ մտադիր չեն օգտվել այս ծրագրից,- ցավով նշում է արցախցի Արտյոմ Գրիգորյանը։
26-ամյա Արտյոմն ընտանիքի և բարեկամների հետ Արցախից բռնի տեղահանվել է սեպտեմբերի 26-ին։ Մարտունու շրջանի Մուշկապատ գյուղից ՀՀ են հասել 2 օր անց միայն․ նախկինում 6 ժամ տևող ամենահանգիստ ու հարազատ ճանապարհը այդ անգամ ամենադժոխայինն էր՝ կորուստներով և փորձություններով լի։
Տեղահանվելուց հետո առաջին ժամանակավոր կացարանը Աբովյան քաղաքում էր։ Փոքր և հարմարություններից զուրկ բնակարանում մի քանի ընտանիքից բաղկացած խմբով երկար մնալ չկարողացան՝ տեղափոխվեցին Տաշիր։
-Իմ ընտանիքը 4 հոգանոց է։ Տաշիր քաղաքը մտնում է մեկ անձի հաշվով 3 մլն․ դրամ հատկացնելու բնակավայրերի մեջ։ Մեզ հասանելիք 12 մլն․-ով նույնիսկ այստեղ նորմալ բնակարան չենք կարող ձեռք բերել,-պատմում է մեր զրուցակիցն ու հավելում՝ այս պահին գործող շուկայական գներն ուռճացված են։
Նա նշում է, որ վերանորոգված ու կահավորված բնակարան այդ գնով գնելն անիրատեսական է, իսկ քիչ բարենպաստ պայմաններով բնակարան ձեռք բերելու պարագայում էլ՝ իրենք ինքնուրույն հավելյալ գումար չեն կարող հատկացնել վերանորոգելու և կահավորելու համար։
-Եթե այսպես շարունակվի, մենք չենք օգտվելու պետության կողմից առաջարկվող բնակապահովման ծրագրից, քանի որ Տաշիր քաղաքում գործազրկության մեծ խնդիր կա։ Այստեղից շատ են մեկնում արտագնա աշխատանքի,- ասում է Արտյոմը։
Արցախի իշխանությունների տեղեկություններն ու փորձը շատ օգտակար կլինեին ծրագրերի մշակման համար․ Արթուր Խաչատրյան
Դժգոհությունները շատ մեծ են Արցախի Հանրապետությունից տեղանված մեր հայրենակիցների համար չակերտավոր «մշակված աջակցության ծրագրերից»՝ նկատում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Այն տպավորությունն է, որ մեր իշխանությունները, կառավարության ներկայացուցիչները գրասենյակներում նստած ծրագրեր են քննարկում առանց պոտենցիալ շահառուների հետ խոսելու, առաց Արցախի Հանրապետության իշխանության ներկայացուցիչների հետ քննարկելու, որովհետեւ հասկանում եք, չէ՞, որ Արցախի Հանրապետության իշխանությունները ունեն շատ ավելի մեծ տեղեկություններ եւ այդ տեղեկություններն ու փորձը շատ օգտակար կլինեին ծրագրերի մշակման համար»,-լուծում է առաջարկում ընդդիմադիր պատգամավորը։
Բնակարանային ապահովման ծրագրին հատկացված գումարները չեն կարող հասնել իրենց նպատակին, վստահ է նա, որովհետեւ այն գումարը, որ հատկացվում է եւ անշարժ գույքի այն գները, որ այսօր Հայաստանում ունենք՝ անհամատեղել են։
Արցախցիների համար զբաղվածության խնդիրը սուր է և օրախնդիր
Առհասարակ, Հայաստանի բոլոր համայնքներում զբաղվածության խնդիր կա՝ ասում է Արտյոմ Գրիգորյանը, նույնիսկ այդ բնակավայրերում մինչ այդ էլ ապրող մեր հայրենակիցների համար։ Այս պայմաններում արցախցիների զբաղվածության խնդիրն ավելի սուր է և օրախնդիր, քանի որ օրվա հացից բացի, նրանք 0-ից պետք է տուն և կենցաղ հավաքեն։
Կառավարության առաջարկած ծրագրի երկրորդ կարևոր խնդիրն էլ, արցախցիների համոզմամբ, շահառուներին սահմանամերձ կամ քիչ զարգացած համայնքներ ուղղորդելն է, որտեղ զբաղվելու և օրվա հացի փողը վաստակելու հնարավորությունը գրեթե բացակայում է։
-4մլն․ և 5մլն․ առաջարկում են միայն սահմանամերձ համայնքներում տուն ձեռք բերելու համար, սա ավելի է խորացնում արցախցիների սոցիալական բեռը, որովհետև նշված համայնքներում հնարավոր է զբաղվել միայն անասնաբուծությամբ և հողագործությամբ, իսկ օրինակ՝ 6 հոգանող ընտանիքից միայն 1-2-ը կարող է անել այդ գործը, մնացածները պետք է նստեն տանը,-ասում է Արտյոմ Գրիգորյանը։
Քաղաքային բնակչին գյուղ ուղարկելը կենսագործունեության համար հարմար չէ
Արցախի քաղաքային բնակչին գյուղ ուղարկելը, Արթուր Խաչատրյանի համոզմամբ, բազմաթիվ խնդիրներ կարող է առաջացնել՝ հոգեբանական-ադապտացիոնից մինչեւ պարզ աշխատունակության հարց։
«Հասկանում ենք, չէ՞, որ մարդը, որը ծնվել, մեծացել է քաղաքում՝ գյուղում ուղղակի չի կարողանա ապրել, ուղղակի քաղաքային բնակչի կենսագործունեության համար այդ միջավայրը հարմար չէ»,-ասում է Արթուր Խաչատրյանը։
Այս պատճառով էլ նա համոզված է, որ հետագայում ծրագրեր մշակելիս կամ լրամշակելիս պետք է խոսեն շահառուների հետ։
«Այլապես ստեղծվում է տպավորություն, որ այդ ծրագրերի նպատակն ընդամենը ցույց տալն է, որ ծրագիր կա եւ վերջ»,-ասում է Արթուր Խաչատրյանը։
Սահմանամերձում ապրող արցախցիներն ուսանող երեխաների համար ստիպված են նաև Երեւանում տուն վարձակալել
Հաջորդ կարևոր խնդիրը, որը նշում է մեր զրուցակիցը, ուսանող երեխաներ ունեցող ընտանիքներն են։ Այդ ընտանիքները սահմանամերձ համայնքներում տուն ձեռք բերելու պարագայում, ստիպված կլինեն նաև մայրաքաղաքում տուն վարձակալել իրենց ուսանող երեխաների ուսումը չընդհատելու համար։ Սա ֆինանսական լրացուցիչ մեծ բեռ է առանց այն էլ սոցիալական խոցելի խմբում հայտնված արցախցիների համար։
Բռնի տեղահանումից հետո մեր հայրենակիցները հաստատվել են տարբեր համայնքներում և արդեն որոշակի սոցիալականացման փուլ անցել են նոր միջավայրում։ Բնակապահովման ծրագրի «ուղղորդումներով» նոր միջավայր տեղափոխվելը, վստահ են, որ սոցիալականացման փխրուն գործընթացը կտապալի։
Մեկ այլ կարևոր խնդիր է առաջացնում հրատապ աջակցության ծրագրի կասեցումը։ Ծանր սոցիալական և սթրեսային իրավիճակում գտնվող մեր հայրենակիցները վախենում են բանկային գործարքներից և պարտքի տակ ընկնելուց։ Նրանք չեն կարողանում ինչ-որ տեղից գումար հայթայթել և տարբեր գործարքներ անել։
-Հիմա 2023-ին տեղահանված արցախցիներին պետական աջակցություն են տրամադրում 40+10 հազարի ծրագրով։ Այն կշարունակվի մինչև տարեվերջ։ Փաստացի դրանից հետո էլ տեղահանվածների մեծ մասը դեռևս առանց բնակարան է լինելու։ Այդ ծրագիրը պետք է այնքան շարունակվի մինչև որ այդ ընտանիքը կարողանա արդեն բնակարան ձեռք բերել․ ո՛չ թե սերտիֆիկատ, այլ բնակարան,- ընդգծում է Արտյոմ Գրիգորյանը։
Պետք է հարգվեն արցախահայերի քաղաքական իրավունքները․ Արթուր Խաչատրյան
Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան էջի գլխավոր նկարում Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին է։ Հրապարկումների մեջ զավակի լուսանկարներն են, որին սրբազան մյուռոնով կնքում են Գանձասարի եկեղեցում 2022 թ-ին։
«Արենիս կնունքը Գանձասարի վանքում․․․ Պատերազմից հետո ընտանիքով առաջին այցն էր Արցախ։ Համ էլ օրվա հերոսն էր առաջին անգամ Արցախում։ Դեռ չծնված խոստացել էինք Արցախում կնքել։ Ավետին Շուշիում կնքեցինք 2017-ի աշնանը։ Երևան վերադառնալիս, ինչպես միշտ, այցելեցինք Դադիվանք։ Հենց այնտեղ էլ ուխտ արեցինք․․․ Ոչինչ, հարսանիքը Դադիվանքում կանենք»,-նշել է Արթուր Խաչատրյանը։
Խաղաղությունը պետք է հիմնված լինի արդարության վրա, ասում է նա, պետք է հարգվեն արցախահայերի քաղաքական իրավունքները, նրանց վերադարձի իրավունքը, Արցախի գոյության իրավունքը։
«Նրանք պետք է վերադառնան Արցախ՝ պատշաճ միջազգային անվտանգային երաշխիքների ներքո։ Պետք է վերսկսվեն Արցախի քաղաքական-իրավական կարգավիճակի շուրջ բանակցությունները՝ հիմնված ԵԱՀԿ Հելսինկիի եզրափակիչ ակտի երեք հիմնարար սկզբունքների վրա»,-համոզված է Արթուր Խաչատրյանը։
Իրինա Հայրապետյան
Աննա Բալյան
Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է: Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱ-ի, Եվրոպական հանձնաժողովի եւ International Alert-ի տեսակետների հետ: