կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-21 12:15
Հասարակություն

Մեղադրական դատավճիռներ` սուտ մատնություն կատարելու դեպքերով․ դատախազություն

Մեղադրական դատավճիռներ` սուտ մատնություն կատարելու դեպքերով․ դատախազություն

ՀՀ դատախազությունը, մեծապես կարևորելով հանցագործությունների բացահայտման գործում իրավապահ մարմինների հետ քաղաքացիների սերտ համագործակցությունը, հանցագործության դեպքերի մասին տվյալներ տրամադրելու նախաձեռնողականությունը, միաժամանակ ընդգծում է, որ անձանց կողմից հանցագործություն կատարելու վերաբերյալ կեղծ տվյալներ հաղորդելը, մարդկանց, այդ թվում նաև պաշոնատար անձանց, հանցավոր արարք կատարելու մեջ գիտակցված ձևով հանիրավի մեղադրելը, այսինքն սուտ մատնություն կատարելը, քրեական օրենքով հետապնդելի արարք է, ինչի մասին հանրության իրազեկվածությունն ունի կանխարգելիչ նշանակություն:

Ըստ այդմ՝ 2019թ. հուլիսի 8-ին ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում` Գ. Վ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է` ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի աշխատակիցներին հանիրավի մեղադրել է պաշտոնեկան լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Մասնավորապես, Գ. Վ.-ն հաղորդում է տվել այն մասին, թե իբր բնակարանային գողություններ կատարելու կասկածանքով Ոստիկանության նշված բաժնի ՔՀԲ երեք օպերլիազորները 2019թ. ապրիլի 11-ին` ժամը 13:30-ի սահմաններում, իրեն բաժին բերման ենթարկելուց հետո կազմել են բերման ենթարկելու վերաբերյալ կեղծ արձանագրություն՝ կեղծելով բերման ենթարկելու ժամը: Բացի այդ, ըստ տրված հաղորդման, նույն աշխատակիցները, ինչպես նաև բաժնի պետն իր հասցեին հնչեցրել են «մատները ջարդելու, կալանավորելու, կյանքը դժոխք դարձնելու» սպառնալիքներ` պահանջելով ընդունել Շիրակի մարզի Հացիկ և Առափի գյուղերից կատարված գողություններն իր կողմից կատարելու հանգամանքը:

Դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ ամբողջությամբ հերքվել են Գ.Վ.-ի կողմից հաղորդմամբ հայտնված տղեկությունները: Մասնավորապես, բացի բազմաթիվ վկաների հերքող ցուցմունքներից, Գ.Վ.-ն 2019թ. օգոստոսի 9-ին վարույթն իրականացնող մարմնին հասցեագրված դիմումով և դրա վերաբերյալ նույնաբովանդակ ցուցմունքով ինքն է հերքել հաղորդման և սկզբնական ցուցմունքում նշված հանգամանքները: Բացի այդ, նրա մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն, որի ժամանակ վերջինս առանց որևէ մեկի ուղղորդման Գյումրի քաղաքի Անի թաղամասի շենքերից մեկում և Շիրակի մարզի Հացիկ ու Առափի գյուղերում մատնացույց է արել այն տները և մանրամասը նկարագրել դրանց ներսի հատվածների դասավորությունները, որտեղից կատարել կամ փորձել է կատարել գողություններ:

2019թ. օգոստոսի 15-ին որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու մասին` հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով (սուտ մատնություն) հարուցվել է քրեական գործ: Սեպտեմբերի 6-ին Գ. Վ.-ին մեղադրանք է առաջադրվել նույն հոդվածով, որից հետո քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

2020թ. օգոստոսի 12-ին դատարանի դատավճռով Գ. Վ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ նշանակվել է պատիժ` 2 ամիս ժամկետով կալանք, որը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիմքով պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան 1 տարի ժամկետով:

ՀՀ ՀՔԾ-ում քննված մեկ այլ քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ Վ. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին և գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, ՀՀ ՔԿ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչին հանիրավի մեղադրել է ծանր հանցագործության դեպքով հարուցված քրեական գործով ապացույց կեղծելու՝ իր ցուցմունքում՝ նշված ծանր հանցագործության կատարմանն իր ականատես լինելու վերաբերյալ կեղծ տվյալներ մտցնելու հանցավոր արարք կատարելու մեջ։

Նախաքաննությամբ լիովին հերքվել են քննիչին վերագրված հանցավոր արարքները: Մասնավորապես՝ Վ.Գ.-ն ցուցմունք է տվել այն մասին, որ ավագ քննիչն իր ցուցմունքում կեղծ տեղեկություններ չի մտցրել, իրականում ինքն ականատես է եղել հանցագործության դեպքին, իսկ սուտ հաղորդում տալը պատճառաբանել է նրանով, որ կարծել է, թե դրանով կարող է օգնել գործով որպես տուժող ներգրավված ընկերոջը: Բացի այդ՝ դեպքին Վ.Գ.-ի ականատես լինելու վերաբերյալ ցուցմունք է տվել նաև տուժողը՝ նրա ընկերը, իսկ դեպքի վայրի զննությանը մասնակցած Վ. Գ.-ն առանց որևէ միջամտության մատնացույց է արել դեպքի վայրը, ինչը հաստատվել է ներկաների ցուցմունքներով և լուսանկարներով:    

Նախաքննության արդյունքում մեղադրական եզրակացությամբ քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ այն միացվել է դատարանի վարույթում քննվող՝ Վ.Գ.-ի վերաբերյալ մեկ այլ քրեական գործին՝ նկատի ունենալով, որ վերջինով Վ. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով՝ խմբով` ընկերոջ հետ նախնական համաձայնությամբ, Երևան քաղաքի Շահումյան 4-րդ փողոցի տներից մեկին կից նկուղից ուրիշի գույքի զգալի չափերի գաղտնի հափշտակության փորձ կատարելու համար:

Մինչ դատաքննություն սկսելը Վ.Գ.-ն իրեն մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում և խնդրել կիրառել դատական քննության արագացված կարգ, ինչը բավարարվել է:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 17.08.2020թ. դատավճռով վերջինս մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 34-177-րդ հոդվածի 2-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար և դատապարտվել 6 ամիս ազատազրկման և 800.000 ՀՀ դրամ տուգանքի: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով փորձաշրջան մեկուկես տարի ժամկետով: