կարևոր
5548 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-07 13:52
Քաղաքական

Ռուս-չինական հարաբերությունները նոր աշխարհակարգում

Ռուս-չինական հարաբերությունները նոր աշխարհակարգում

Ռուս-չինական հարաբերությունները թևակոխել են նոր դարաշրջան:

2023-ի մարտի 21-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինը արել են համատեղ հայտարարություն համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության խորացման վերաբերյալ : Կողմերը հաստատել են, որ երկկողմ հարաբերությունները զարգանում են.

2001-ի հուլիսի 16-ի Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև բարիդրացիության, բարեկամության և համագործակցության պայմանագրի հիման վրա :

Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության 2021-ի հունիսի 28-ի համատեղ հայտարարության հիման վրա, որը ընդունվել է երկու երկրների միջև բարիդրացիության, բարեկամության և համագործակցության պայմանագրի ստորագրման քսանամյակի առթիվ:

Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նոր դարաշրջան մտնող միջազգային հարաբերությունների և գլոբալ կայուն զարգացման վերաբերյալ համատեղ հայտարարության հիման վրա, որը հրապարակվել է 2022 թվականի փետրվարի 4-ին ։

Համաձայն հայտարարության՝ համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության ռուս-չինական հարաբերությունների ամրապնդումն ու խորացումը, նոր դարաշրջան մտնելը արտաքին ազդեցությունից անկախ ռազմավարական ընտրություն է, որը հիմնված է կողմերից յուրաքանչյուրի ազգային առանձնահատկությունների վրա և համապատասխանում է հիմնարար շահերին, որոնք չեն ենթարկվում արտաքին գործոնների ազդեցությանը։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել վճռականորեն պաշտպանելու միջազգային համակարգը, միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգը և միջազգային հարաբերությունների հիմնարար նորմերը՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների վրա: Կողմերը մտադիր են.

– ամուր փոխադարձ աջակցություն ցուցաբերել միմյանց հիմնարար շահերը պաշտպանելու համար, առաջին հերթին՝ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անվտանգությունը և զարգացումը,
– հավատարիմ մնալով փոխշահավետության սկզբունքին՝ խորացնել և ընդլայնել գործնական համագործակցությունը արդիականացման գործընթացում համատեղ զարգացման և բարգավաճման նպատակով:
– խթանել բազմաբևեռ աշխարհակարգին, տնտեսական գլոբալիզացիային և միջազգային հարաբերությունների ժողովրդավարացմանը, նպաստել ավելի արդար և ռացիոնալ ձևով գլոբալ կառավարման զարգացմանը:

Չինական կողմը դրական է գնահատում միջազգային հարաբերությունների արդար, բազմաբևեռ համակարգ ձևավորելու ռուսական կողմի կառուցողական և հետևողական ջանքերը։ Ռուսաստանը շահագրգռված է կայուն և բարգավաճ Չինաստանով, իսկ Չինաստանը՝ ուժեղ և հաջողակ Ռուսաստանով։

Կողմերը կոչ են անում միջազգային հանրությանը կոլեկտիվ քննարկումների և համատեղ գործողությունների սկզբունքի հիման վրա ակտիվորեն մասնակցել անվտանգության գլոբալ կառավարմանը, ապահովել կայուն անվտանգություն՝ օգտագործելով համապատասխան միջազգային մեխանիզմներ:

Կողմերը դեմ են յուրաքանչյուրի ներքին գործերին արտաքին ուժերի միջամտությանը, որ մի պետություն իր արժեքները պարտադրի այլ պետությունների, ժողովրդավարությունն ու ազատությունը օգտագործի որպես քաղաքական գործիք՝ այլ պետությունների վրա ճնշում գործադրելու համար։

Կողմերը խորապես մտահոգված են միջազգային անվտանգության ոլորտում առկա լուրջ մարտահրավերներով․ ոչ մի պետություն չպետք է ապահովի իր անվտանգությունը այլ պետությունների անվտանգության հաշվին։

Համաձայն հայտարարության՝ ՌԴ-ն և ՉԺՀ-ն կշարունակեն սերտ համագործակցությունը տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցերի շուրջ՝ ամրապնդելու համար ՇՀԿ-ի (ШОС) դերն ու ազդեցությունը նրա տարածքում խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման գործում։

Ռուսաստանը բարձր է գնահատում Չինաստանի կողմից ԲՐԻԿՍ (БРИКС) XIV գագաթնաժողովի հաջող հյուրընկալումը։ Կողմերը ասոցիացիայի մյուս անդամների հետ պատրաստ են իրականացնել BRICS-ի նախորդ գագաթնաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, խորացնել գործնական համագործակցությունը բոլոր ոլորտներում :

ՌԴ և ՉԺՀ-ն մտադիր են զարգացնել համագործակցությունը «Ռուսաստան-Հնդկաստան-Չինաստան» և «Ռուսաստան-Չինաստան-Մոնղոլիա» ձևաչափերի շրջանակներում, ամրապնդել փոխգործակցությունը Արևելյան Ասիայի տարածաշրջանում (ASEAN-ի ասոցիացիա) :

Կողմերը վճռական են ուժեղացնելու համակարգումը G20-ի և այլ բազմակողմ մեխանիզմների շրջանակներում, խրախուսել G20-ին՝ արձագանքելու միջազգային ֆինանսական և տնտեսական ոլորտում առկա մարտահրավերներին, բարելավել համաշխարհային տնտեսական կառավարման համակարգը արդար և ռացիոնալ հիմունքներով: Կողմերը պաշտպանում են Աֆրիկյան միության լիիրավ անդամակցությունը G20-ին , որը տեղի է ունեցել 2023-ի սեպտեմբերի 9-10-ը Նյու Դելիում՝ Հնդկաստանի նախագահությամբ:

Ավելին՝ 2023 -ի նոյեմբերի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է G20-ի եզրափակիչ գագաթնաժողովին (on-line):

Համաձայն հայտարարագրի՝ ՌԴ-ն և ՉԺՀ-ն խորացնում են միջպետական հարաբերությունները և զարգացնում երկխոսության մեխանիզմները տարբեր ոլորտներում։

Կողմերը մտադիր են իրականացնել ապրանքների և ծառայությունների ռուս-չինական առևտրի որակյալ զարգացման ճանապարհային քարտեզը, աջակցել էլեկտրոնային առևտրի զարգացմանը, բարձրացնել առևտրատնտեսական համագործակցության շրջանակն ու արդյունավետությունը՝ ապահովելով արտադրական, մատակարարման և լոգիստիկ շղթաների կայունությունը և անվտանգությունը։

Վ. Պուտինը իր ելույթում նշել է. «Չինաստանը դարձել է ՌԴ առաջատար գործընկերը Հեռավոր Արևելքի տնտեսական ներուժի զարգացման գործում․ Վլադիվոստոկի ազատ նավահանգստի շրջանակներում Չինաստանի ներդրողները 10,8 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ 52 ծրագիր են իրականացնում» ։

Մինչև 2030-ը Ռուսաստանն ու Չինաստանը մտադիր են ապրանքաշրջանառությունը հասցնել 300 միլիարդ դոլարի ։

Կողմերը մտադիր են սերտ գործընկերություն իրականացնել էներգետիկ ոլորտում, աջակցել ռուսական և չինական ձեռնարկություններին նավթի և գազի, ածխի, էլեկտրաէներգիայի, միջուկային և այլ ոլորտներում էներգետիկ համագործակցության նախագծերի իրականացման գործում:

Էներգետիկ փոխազդեցությունը ընդլայնվում է: Ռուսաստանը Չինաստանին նավթի, բնական գազի՝ ներառյալ հեղուկ գազ (СПГ), ածխի և էլեկտրաէներգիայի ռազմավարական մատակարարն է: Ատոմային էներգիայի օբյեկտների շինարարությունն ընթանում է ըստ ժամանակացույցի. ռուսական բիզնեսն ի վիճակի է բավարարել Չինաստանի տնտեսության կողմից էներգառեսուրսների աճող պահանջարկը:

Գազի մատակարարումների ընդհանուր ծավալը մինչև 2030 թվականը կկազմի առնվազն 98 միլիարդ խորանարդ մետր՝ գումարած 100 միլիոն տոննա հեղուկ բնական գազը։ Ռուսաստանից «Սիբիրի ուժը- 2» («Сила Сибири – 2») գազատարը Մոնղոլիայով դեպի ՉԺՀ կապահովի 50 միլիարդ խորանարդ մետր գազի հուսալի, կայուն մատակարարումներ :

Կողմերը կամրապնդեն փոխգործակցությունը տրանսպորտի ոլորտում, կբարելավեն միջսահմանային ենթակառուցվածքները, կավելացնեն անցակետերի թողունակությունը և կապահովեն դրանց կայուն գործունեությունը։

Մտադիր են շարունակել աջակցությունը Ռուսաստանի Դաշնության տարածքով Չինաստան-Եվրոպա տարանցման երկաթուղային և ծովային բեռնափոխադրումների զարգացմանը և բարձրացնել դրանց արդյունավետությունը։

Բարելավվում են տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքները։

Շահագործման են հանձնվել Բլագովեշչենսկ-Հեյհե (Благовещенск – Хэйхэ) ճանապարհային և Նիժնելենինսկոյե-Տունցզյան (Нижнеленинское – Тунцзян) երկաթուղային կամուրջները, որոնք կնվազեցնեն Ռուսաստանի և Չինաստանի միջև ապրանքների փոխադրման ծախսերն ու ժամանակը, կընդլայնեն առևտրի աշխարհագրությունը և կմեծացնեն Ասիա-խաղաղօվկիանոսյան երկրների (АТР-Азиатско-Тихоокеанский регион) հետ տարանցման ծավալները ։

Ռուսաստանի եվրոպական մասում ձևավորվում է միջազգային «Հյուսիս-Հարավ» միջանցք՝ կապելով բալթյան և Արկտիկայի ռուսական նավահանգիստները Պարսից ծոցի ափերի և Հնդկական օվկիանոսի նավահանգիստների հետ. հյուսիսային Մուրմանսկ քաղաքից մինչև իրանական Բանդար Աբբաս ապահովվելու է անխափան երկաթուղային հաղորդակցություն ։

Միևնույն ժամանակ Կենտրոնական Սիբիրից հարավային ուղղությամբ երկաթուղային երթուղիներ են կառուցվում դեպի Չինաստան, Մոնղոլիա, Հնդկական և Խաղաղ օվկիանոսների նավահանգիստներ ։
Նախատեսվում է Մոնղոլիայի տարածքով Ռուսաստանից Չինաստան նոր գազատարի կառուցման նախագծի ուսումնասիրման և համաձայնեցման աշխատանքների իրականացումը։

Կողմերը կխորացնեն փոխշահավետ համագործակցությունը տիեզերական ոլորտում. տիեզերական գործունեության ոլորտում համագործակցության զարգացման ծրագրի իրականացման շրջանակներում՝ «Ռոսկոսմոս» («Роскосмос») տիեզերական գործունեության պետական կորպորացիայի և Չինաստանի ազգային տիեզերական կազմակերպության միջև 2023–2027 թթ.:

Կողմերը հաստատում են եվրասիական մեծ գործընկերության համակարգված ձևավորման և «Մեկ գոտի, մեկ ճանապարհի» կառուցման հիման վրա եվրասիական մայրցամաքի ժողովուրդների երկկողմ և բազմակողմ ինտեգրացիոն գործընթացների զարգացումը։ Չինական կողմը աջակցում է ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների խթանմանը, ռուսական կողմը՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը։ Համատեղ ջանքեր են գործադրում՝ միավորելու ԵԱՏՄ զարգացման ծրագրերը և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը՝ եվրասիական տարածաշրջանում փոխկապակցվածությունն ամրապնդելու և առևտրի համաձայնագրերի իրականացման ուղղությամբ։

2023-ի հոկտեմբերի 17-18-ը Պեկինում անցկացվել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողովը․ ավելի քան 150 երկիր և 30 միջազգային կազմակերպություն ստորագրել են «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակներում համագործակցության փաստաթղթեր ։

Անդրադառնալով միջուկային զենք ունեցող հինգ պետությունների ղեկավարների համատեղ հայտարարությանը (միջուկային պատերազմը և սպառազինությունների մրցավազքը կանխելու մասին)՝ ՌԴ-ն և ՉԺՀ-ն կոչ են անում այդ երկրներին գործնականում հետևել հայտարարության հիմնական դրույթներին, նվազեցնել միջուկային պատերազմի ռիսկը և միջուկային զենք ունեցող պետությունների միջև ցանկացած զինված հակամարտության հավանականությունը:

Կարևորվում է այն, որ միջուկային ուժերը չպետք է միջուկային զենք տեղակայեն իրենց ազգային տարածքներից դուրս և պետք է դուրս բերեն արտերկրում տեղակայված բոլոր միջուկային զենքերը:
Կողմերը հաստատում են, որ միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը միջուկային զինաթափման միջազգային մեխանիզմների և միջուկային զենքի չտարածման միջազգային ռեժիմի հիմնաքարն է։
Համաձայն հայտարարության՝ վերահաստատում են իրենց հավատարմությունը սույն պայմանագրով ստանձնած պարտավորություններին և կշարունակեն համակարգել ջանքերը պայմանագրի պահպանման և ամրապնդման ուղղությամբ՝ ի շահ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման:

Կողմերը լուրջ անհանգստություն են հայտնում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ռազմավարական կայունության վրա ունեցած հետևանքների և ռիսկերի վերաբերյալ՝ կապված ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի (АУКУС) միջև անվտանգության եռակողմ գործընկերության ստեղծման և միջուկային սուզանավերի կառուցման նրանց ծրագրերի հետ:

Կողմերը վերահաստատում են Իրանի միջուկային համաձայնագրի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի կատարման շուտափույթ վերսկսման կարևորությունը և բոլոր շահագրգիռ կողմերին կոչ են արել ընդունել քաղաքական որոշումներ, որոնք կնպաստեն բանակցությունների վերսկսման դրական արդյունքին:

Ռուսաստանն ու Չինաստանը մտահոգություն են հայտնում ԱՄՆ-ի կողմից գլոբալ հակահրթիռային պաշտպանության համակարգեր ստեղծելու և դրա տարրերն աշխարհի տարբեր շրջաններում տեղակայելուն ուղղված ջանքերի ակտիվացման, ինչպես նաև ասիական-խաղաղօվկիանոսյան և եվրոպական տարածաշրջաններում միջին և ավելի կարճ հեռահարության ցամաքային հրթիռների տեղակայման առիթով:

Ռուսաստանը և Չինաստանը դեմ են առանձին երկրների՝ արտաքին տարածքը զինված առճակատման ասպարեզի վերածելու փորձերին, ինչպես նաև դեմ են ռազմական գերակայության հասնելուն և այն ռազմական գործողությունների համար օգտագործելուն։ Կոչ են անում ԱՄՆ-ին դադարեցնել միջազգային և տարածաշրջանային անվտանգության և գլոբալ ռազմավարական կայունության խաթարումը:

Ռուսական կողմը վերահաստատում է իր հավատարմությունը «մեկ Չինաստանի» սկզբունքին, ընդունում է, որ Թայվանը ՉԺՀ-ի անբաժանելի մասն, դեմ է Թայվանի անկախությանը ցանկացած ձևով և վճռականորեն աջակցում է չինական կողմի գործողություններին՝ պաշտպանելու իր պետական ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Ռուսաստանը ողջունում է Չինաստանի պատրաստակամությունը՝ դրական դերակատարություն ունենալու ուկրաինական ճգնաժամի քաղաքական և դիվանագիտական կարգավորման գործում և չինական կողմի կազմած «Ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման վերաբերյալ Չինաստանի դիրքորոշման մասին» փաստաթղթում շարադրված կառուցողական նկատառումները։

Կողմերը նշում են, որ երկխոսությունը ուկրաինական ճգնաժամի կայուն լուծման լավագույն միջոցն է․ միջազգային հանրությունը պետք է աջակցի այդ ուղղությամբ գործադրվող կառուցողական ջանքերին։

Կողմերը կոչ են անում դադարեցնել բոլոր այն քայլերը, որոնք նպաստում են լարվածության սրմանը և ռազմական գործողությունների երկարաձգմանը, դեմ են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը շրջանցող բոլոր միակողմանի պատժամիջոցներին։

ՌԴ-ն և ՉԺՀ-ն պայմանավորվել են ուժեղացնել համագործակցությունը «գունավոր հեղափոխություններին», սահմանային կազմակերպված և տնտեսական հանցագործություններին հակազդելու գործում:
Կողմերը պնդում են, որ ՆԱՏՕ-ն պետք է խստորեն պահպանի հիշյալ կազմակերպության տարածաշրջանային և պաշտպանական բնույթի հետ կապված պարտավորությունները։ Նրանք կոչ են անում ՆԱՏՕ-ին հարգել այլ պետությունների ինքնիշխանությունը, նրանց անվտանգությունն ու շահերը, քաղաքակրթական, պատմական և մշակութային բազմազանությունը և օբյեկտիվ ու անաչառ վերաբերվել այլ պետությունների խաղաղ զարգացմանը։

ՌԴ նախագահը անդրադարձել է ՆԱՏՕ-ի գործունեությունը Ասիա տեղափոխելու Արևմուտքի փորձերին։ Նրա խոսքով՝ այս կազմակերպության գործունեությունը դուրս է գալիս Հյուսիսատլանտյան բլոկի կանոնադրական նպատակներից. «Դա կոչվում է Հյուսիսատլանտյան դաշինք, ի՞նչ պետք է անի Ասիայում, իրենք իրենց ներքաշում են Ասիա, սադրում են այնտեղ, թեժացնում իրավիճակը, ստեղծում տարբեր կազմերով ռազմաքաղաքական նոր դաշինքներ» ։

Կողմերը դեմ են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում փակ բլոկային կառույցների, դաշինքային քաղաքականության և հակադիր ճամբարների ձևավորմանը։ Ռազմական անվտանգության հարցերում կողմերին մտահոգում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ ՆԱՏՕ-ի կապերի շարունակական ամրապնդումը, կազմակերպության կողմից տարածաշրջանային խաղաղության և կայունության խաթարումը:

ՌԴ-ն և ՉԺՀ-ն անդրադարձել են Միացյալ Նահանգների հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի խաղաղության և կայունության վրա բացասական ազդեցությանը՝ պայմանավորված սառը պատերազմի մտածելակերպով։

Կողմերը հանդես են գալիս Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության պաշտպանության օգտին, աջակցում են տարածաշրջանի երկրներին ռազմավարական անկախության ամրապնդման և հրատապ խնդիրները երկխոսության և խորհրդակցությունների միջոցով լուծելու գործին:

Կողմերը ողջունում են Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև երկխոսության միջոցով հարաբերությունների կարգավորումը, պաղեստինյան հիմնախնդրի համապարփակ և արդարացի կարգավորումը՝ հիմնված երկու պետության սկզբունքի վրա։

Կողմերը աջակցում են Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, Լիբիայի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության պաշտպանությանը և նպաստում են քաղաքական կարգավորման համապարփակ գործընթացի առաջխաղացմանը, որն իրականացվում և ղեկավարվում է հենց լիբիացիների կողմից:

Կողմերը նշում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դրական ներդրումը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում։ Կողմերը կամրապնդեն շփումները Պարսից ծոցի տարածաշրջանում՝ ձևավորելու համար Պարսից ծոցի տարածաշրջանի հավաքական անվտանգության ճարտարապետությունը:

Կողմերը պատրաստ են ամրապնդել փոխհամակարգումը Կենտրոնական Ասիայի երկրներին աջակցելու համար՝ ապահովելու իրենց ինքնիշխանությունը և ազգային զարգացումը, չեն ընդունում «գունավոր հեղափոխություններ» ներմուծելու փորձերը և արտաքին միջամտությունը տարածաշրջանի գործերին։

Կամրապնդեն շփումներն ու համակարգումը աֆրիկյան պետություններին առնչվող հարցերի շուրջ, կշարունակեն համագործակցությունը Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում և կշարունակեն խթանել կայունությունն ու բարգավաճումը տարածաշրջանում։

Փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները ռազմաքաղաքական դաշինք չեն, դաշինքային բլոկ կամ առճակատման բնույթ չեն կրում և ուղղված չեն երրորդ երկրների դեմ ։

Հասկանալի է, սակայն, որ այս հարաբերությունների առանցքում զարգանում է ռազմաքաղաքական-տնտեսական հզոր դաշինք, որի շուրջ ձևավորվում է տարածաշրջանային պետությունների, քաղաքական միավորների, դաշինքների կոնսենսուս:

Այսպիսի հզորության առկայությամբ է ՌԴ նախագահը հայտարարում, որ ռուս-չինական հարաբերություններն աշխարհում կայունության էական երաշխավորներից են :

Փաստաթղթում առանցքային է այն փաստը, որ ՌԴ և ՉԺՀ ազգային արժույթները փոխադարձ առևտրում ավելի ու ավելի են օգտագործվում: Երկու երկրների միջև ապրանքաշրջանառության երկու երրորդն իրականացվում է ռուբլով և յուանով ։

Ինչպես նշում է Վլադիմիր Պուտինը. «Մենք կողմ ենք չինական յուանի օգտագործմանը Ռուսաստանի Դաշնության ու Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրների միջև վճարումների ժամանակ: Վստահ եմ, որ վճարումների այս ձևերը կզարգանան ռուս գործընկերների և երրորդ երկրների՝ նրանց գործընկերների միջև, ինչպես արդեն ասացի, յուանով» ։

Սա մարտահրավեր է հավաքական Արևմուտքին, ՆԱՏՕ անդամ երկրներին․ տնտեսապես «կոտրելու է Արևմուտքի մեջքը», խորացնելու է ԵՄ անդամ երկրների միջև անհամաձայնությունները թե՛ տնտեսական, թե՛ ուկրաինական ճգնաժամի հետ կապված հարցերում և այլն:

Այսինքն՝ ՌԴ-ն և ՉԺՀ-ն իրենց որակում են որպես նոր աշխարհակարգի գլխավոր ճարտարապետներ, ժամանակակից աշխարհում խոշոր պետությունների հարաբերությունների օրինակ են՝ նպաստելով նոր տեսակի միջազգային հարաբերությունների, նոր աշխարհակարգի ձևավորմանը։

Արփի Աբրահամյան

«Դրօշակ» թիվ 1, 2024թ.