կարևոր
4642 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-11 17:55
Աշխարհ

Թեհրանի համբերությունն անսպառ չէ

Թեհրանի համբերությունն անսպառ չէ

Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքին բարձրացնում է մերձավորարեւելյան հակամարտության աստիճանը։

Հարձակումն իրականացվել է։ Պետք է խոստովանել՝ վերջին տարիներին Իրանը Սիրիայում կորցրել է բավականին շատ բարձրաստիճան զորահրամանատարներ: Եվ եթե Բաշար Ասադի կառավարությանն օգնություն ցուցաբերելու համար իրենց զորքերը մտցնելու սկզբնական շրջանում ԻՀՊԿ-ի կորուստների մեծ մասը կապված էր մարտական գործողություններին մասնակցության հետ, ապա ընթացիկ տարվա սկզբին իրանցի ուժայինները ստիպված են բախվել զգայուն զոհերի հետ: Եվ դա, ցավոք, կապված է իսրայելական հատուկ ծառայությունների որակյալ աշխատանքի, արդյունավետ աշխատող ռեզիդենտուրաների առկայության եւ, ընդհակառակը, Իրանի հակահետախուզական մարմինների թույլ գործունեության հետ, ինչպես Իրանում, այնպես էլ Սիրիայում։

Հրեական պետության ներկայացուցիչները հայտնել են, որ Դամասկոսում հերթական դիվերսիան, իբր, պատասխան է Էյլաթի ռազմածովային բազայի վրա հրթիռային հարվածի փորձին, որը մարտի 30-ին ձեռնարկել էին Իրաքի իրանամետ իսլամական դիմադրության գրոհայինները: Իրականում, Իսրայելի բարձրաստիճան զինվորականներից մեկի խոստովանությամբ՝ ազգային հատուկ ծառայությունները երկար ժամանակ հետեւել են Սիրիայում «Դողս» ուժերի հրամանատարի բոլոր տեղաշարժերին եւ գտնվելու վայրերին, եւ սպասել են նրա ոչնչացման ամենահարմար պահին: Ցինիկ է հնչում, բայց Իսրայելի ղեկավարությունը հաշվի չի նստում այն հնարավոր մեղադրանքների հետ, որ երկիրն ուղղակի զինված հարձակում է գործել այլ պետության տարածքում Իրանի դիվանագիտական ներկայացուցչության վրա: Հասկանալի է՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում Սիոնի բանագնացը, ի պաշտպանություն իր երկրի, վկայակոչելու է Իրանին մոտ զինյալների կողմից հրեական դիվանագիտական առաքելությունների վրա հարձակումների փաստերը, Օրինակ՝ Աֆրիկայում կամ այլուր։ Եվ առավել հավանական էր, որ անգլոսաքսերը հերթական անգամ վետո կնախաձեռնեին Իսրայելին միջազգային իրավունքի կոպիտ խախտման մեջ մեղադրելու որոշման վրա։

Ըստ էության, Դամասկոսում զինված հարձակումը կարելի է գնահատել որպես Իսլամական Հանրապետության դեմ ագրեսիայի ուղղակի գործողություն, որի պատասխանը կարող է լինել Իսրայելին պատերազմ հայտարարելը: Սակայն, փաստորեն, այդ երկրներն արդեն տեւական ժամանակ է, ինչ պատերազմական վիճակում են։ Հրեական պետության ղեկավարությունը Իրանը դիտարկում է որպես անվտանգության գլխավոր սպառնալիք եւ շուրջ 40 տարի ոչ միայն երազում է, այլեւ ծրագրեր է նախապատրաստում պարսիկների արդյունաբերական եւ ռազմական օբյեկտներին ջախջախիչ հարվածներ հսցնելու համար: Թել Ավիվը կարծում է եւ ցանկանում է համոզել միջազգային հանրությանը, որ Թեհրանը սեփական միջուկային զենք ստեղծելու շեմին է, որն ուղղված կլինի առաջին հերթին Իսրայելի դեմ: Ընդ որում, իսրայելցիներն ամեն կերպ ձգտում են Իրանին հարվածներին ներգրավել իրենց դաշնակիցներին, առաջին հերթին՝ ԱՄՆ-ին։ Իրանում հստակ գիտակցում են՝ Սիոն պետությունը ներկայումս չունի անհրաժեշտ ուժեր եւ միջոցներ իր տարածքին հզոր հարված հասցնելու համար։ Բացառությամբ միջուկային գլխամասով հրթիռների կիրառման։ Բայց ողջ ծայրահեղական քաղաքականությամբ հանդերձ հրեական ղեկավարությունը նման խելահեղ քայլի չի գնա եւ իր «միջուկային մահակը» պահում է ամենածայրահեղ դեպքի՝ երկրի գոյության իրական սպառնալիքի համար։

Հարձակման միակ միջոցը մնում է մարտական ավիացիան։ Բայց այն չի կարող օգտագործվել թիրախներից մեծ հեռավորության պատճառով։ Իսրայելի հաշվարկն արվել է Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները կարգավորելու, միապետությունից Սաուդյան օդային տարածքում իսրայելական ռազմական ավիացիան թռչելու թույլտվություն ստանալու եւ նույնիսկ դրա օդանավակայանի ցանցը օգտագործելու համար: Պաղեստինի Գազայի հատվածում տեղի ունեցած իրադարձությունները խախտեցին իսրայելցիների ծրագրերը: Այդ պատճառով Թեհրանում առանձնապես չեն վախենում իսրայելական սպառնալիքներից։ Իր հերթին, պարսիկներն այժմ չեն ցանկանում ուղղակի ռազմական հակամարտության մեջ մտնել հրեաների հետ։ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեին Գազայի հատվածում իրադարձությունների սկսվելուց հետո երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը նախազգուշացրել է պատերազմի մեջ անմիջական մտնելու վաղաժամ լինելու մասին, որի սահմանագիծը կարող է լինել միայն ԱՄՆ-ի կամ Իսրայելի անմիջական հարձակումն Իրանի վրա: Արտասահմանյան վերլուծաբանների գնահատականներով՝ իրանցիները վերջին տարիներին խոշոր տեխնոլոգիական առաջընթաց են գրանցել բանակը եւ ԻՀՊԿ-ն ժամանակակից զենքով եւ ռազմական տեխնիկայով զինելու գործում: Մասնավորապես՝ հրթիռային զենքի, անօդաչու թռչող սարքերի եւ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ոլորտներում։ Սակայն դա դեռ բավարար չէ արտաքին ագրեսիային արդյունավետ դիմակայելու համար։

Անվտանգության ապահովման եւ հակառակորդի դեմ հաջող ռազմական գործողությունների վարման թույլ օղակներ են մնում նոր միջոցներով անբավարար հագեցած ՀՕՊ զորքերը եւ ռազմաօդային ուժերը։ Այսպես, իրանցիները Սիրիայում ռազմական ներկայության ավելի քան 10 տարվա ընթացքում ոչ մի անգամ իսրայելական ավիացիոն թեւավոր հրթիռների դեմ չեն կիրառել սեփական մշակման եւ արտադրության զենիթային արտադրանք։ Եվ դա, չնայած բազմաթիվ հայտարարություններին եւ զենիթային զենքի առանձին նմուշների ցուցահանդեսային ցուցադրությանը, որն, իբր, իր մարտավարատեխնիկական բնութագրերով գերազանցում է այլ երկրների ՀՕՊ եւ հակահրթիռային պաշտպանության առաջատար համակարգերին։

Ինչ վերաբերում է մարտական ավիացիային, ապա ԻԻՀ ՌՕՈՒ սպառազինության մեջ արտասահմանյան արտադրության հնացած կործանիչներ կան, այդ թվում՝ խորհրդային տարիների: Իրանցիների ողջ հույսը 4++ սերնդի ռուսական Սու-35 եւ հինգերորդ սերնդի Սու-57 կործանիչների վերազինումն է։ Իրանցիները չեն թաքցնում, որ արդեն սկսել են այդ ինքնաթիռների եւ Մի-28 մարտական ուղղաթիռների իրենց օդաչուներին ու տեխնիկական մասնագետներին պատրաստել, ինչպես նաեւ ստանալ այդ տեխնիկայի առաջին օրինակները։ Թեհրանն ակնկալում է Ռուսաստանից ստանալ մինչեւ 160 միավոր ավիացիոն տեխնիկա, ինչը չափազանց ծանրակշիռ ներդրում կլինի պետության պաշտպանունակության ամրապնդման գործում:

Ինչ վերաբերում է Իսրայելին «կոշտ պատասխանին», ապա Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ամենայն հավանականությամբ, կգնա Իրաքում, Սիրիայում եւ Լիբանանում տեղակայված պարսիկներին հավատարիմ շիա միլիցիայի կազմավորումների գործողությունների ակտիվացման ճանապարհով: Նրանք ավելի արդյունավետ դիվերսիոն գործողությունների կանցնեն ոչ միայն Իսրայելի, այլեւ Իրաքում եւ Սիրիայում ԱՄՆ ռազմական օբյեկտների դեմ։ Հատկանշական է 2024ի ապրիլի 2-ին Թեհրանում Շվեյցարիայի դեսպանատան միջոցով ԱՄՆ պետքարտուղարությանը բողոքի նոտա հանձնելու փաստը։ Այս դեմարշը պետք է դիտարկել որպես Վաշինգտոնի նախազգուշացում՝ Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակվելու հարցում Իսրայելին անձնատուր լինելու հարցում։ Իր հերթին, միանգամայն հնարավոր է ռազմական փոխգործակցություն հաստատել Իրաքի իսլամական դիմադրության, Լիբանանի Հզբոլլահ եւ Հյուսիսային Եմենի Անսար Ալլա կազմակերպությունների միջեւ՝ նպատակ ունենալով խմբակային հարվածներ հասցնել Իսրայելի ռազմա-վարչական կենտրոններին՝ կիրառելով հրթիռային եւ այլ զենքի ավելի կատարելագործված եւ հզոր նմուշներ։

 

Յուրի Վեսելով, ռազմական մեկնաբան

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի