Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հետխորհրդային տարածությունում թյուրքական պետությունների միավորումը դարձել է քաղաքական գործընթացների անքակտելի մասը: Եվ փաստորեն Թյուրքական պետությունների կազմակերպության մասնակիցները սկսել են ազդեցություն ունենալ ԱՊՀ ոչ թյուրքական պետությունների ռազմավարության վրա:
Տվյալ դեպքում մեզ հետաքրքրում է կենտրոնասիական Ղազախստանը, որը նկատելի դեր է խաղում Հարավային Կովկասում: Վերջին իրադարձությունները հաստատում են դա: Մարտի 11-ին Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաեւը պաշտոնական այցով ժամանեց Ադրբեջան: Նույն օրը Տոկաեւն Ալիեւի հետ մասնակցեց Ղազախստանի եւ Ադրբեջանի բարձրագույն միջպետական խորհրդի առաջին նիստին: Երկու նախագահները ելույթ ունեցան նիստերում՝ հրապարակելով այն, ինչին հարկ է ուշադրություն դարձնել հետխորհրդային տարածության գործընթացները վերլուծելիս: Ահա Ալիեւը հայտարարեց.
«Ղազախստանը եւ Ադրբեջանը երկու եղբայրական պետություններ են: Երկար դարերի ընթացքում մեր ժողովուրդներն ապրում են խաղաղությամբ, եղբայրությամբ, համագործակցությամբ՝ անկախ հասարակական-քաղաքական ֆորմացիայից, իսկ որպես անկախ պետություններ ավելի քան 30 տարի ակտիվ փոխգործակցում են թե՛ միջազգային կառույցներում, թե՛ երկկողմ ձեւաչափով: Բայց վերջին ժամանակներս մեր փոխադարձ այցերի դինամիկան շատ պատկերավոր է եւ վկայում է այն մասին, որ հարաբերություններին նոր դինամիզմ է հաղորդվել: Մենք ուրախանում ենք Ղազախստանի հաջողություններով: <…> Մենք այսօր մանրամասն քննարկեցինք տարածաշրջանային խնդիրները: Ես տեղեկացրի Քասին-Ժոմարտ Քեմելովիչին Ադրբեջանի եւ Հայաստանի խաղաղության բանակցությունների գործընթացի մասին եւ հույս հայտնեցի, որ այդ գործընթացը կավարտվի խաղաղության պայմանագրի ստորագրումով եւ մեր պատմության այդ ծանր ու սեւ էջը շրջելով… Մենք երախտապարտք ենք Ադրբեջանի ինքնիշխանության վերականգնման գործում համերաշխության խոսքերի համար: Եվ իհարկե Ադրբեջանում, ես կարծում եմ, բոլորը գիտեն, որ Ղազախստանը մեր հուսալի ընկերն ու դաշնակիցն է»:
Ուշադրություն դարձնենք՝ Ալիեւը տեղեկացնում է Տոկաեւին հայ-ադրբեջանական բանակցությունների մասին: Դա շատ ուշագրավ է, քանի որ թյուրքական Ղազախստանը Հայաստանի հետ ՀԱՊԿ-ի կազմում է, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Առավել եւս, որ Տոկաեւը նույնպես ցուցադրեց Ղազախստանի առաջնահերթությունները, երբ իր ելույթում ասաց․ «դուք ադրբեջանում ժողովրդի համընդհանուր ճանաչված առաջնորդն եք, եւ հենց այդ որակով են Ձեզ ընկալում միջազգային ասպարեզում․․»
Հայտնի է, որ ադրբեջանական տեսակետի համաձայն՝ մինչեւ 2020-2023 թթ-ին Ղարաբաղը գտնվել է Հայաստանի եւ նրա զինված ուժերի հսկողության տակ, համապատասխանաբար պաշտոնական Բաքուն համարում է, որ 2020 թ-ի 44-օրյա պատերազմի եւ 2023 թ-ի սեպտեմբերի 19-20-ի ռազմական օպերացիայի ժամանակ Ադրբեջանը հաղթել է Հայաստանի զինված ուժերին։ Երբ Տոկաեւը շնորհավորում է Ադրբեջանին 2020-2023 ղարաբաղյան իրադարձությունների կապակցությամբ, նա փաստացի ուրախանում է Հայաստանի պարտությամբ, որը ՀԱԿՊ անդամ է։
Մյուս հետաքրքիր պահերից արժի նշել, որ կողմերը ստորգրեցին 14 համաձայնագիր, որոնք ընդգրկում են տարբեր ոլորտներ, այդ թվում եւ տրանսպորտայինը: Դրա մասին Ալիեւը համատեղ մամլո ասուլիսի ժամանակ ասաց.
«Մեզ բաժանում է միայն Կասպից ծովը: Բայց այսօր դա խոչընդոտ չէ: Հակառակը՝ Կասպիցը կամուրջ է ոչ միայն մեր երկրների միջեւ, այլեւ շատ այլ երկրների միջեւ, որովհետեւ Անդրկասպյան տրանսպորտային երթուղին այսօր լիովին բացում իր հնարվորությունները»:
Անդրկասպյան տրանսպորտային երթուղին սկսվում է Չինաստանից՝ անցնելով Ղազախստանով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով եւ Թուրքիայով եւ հասնելով եվրոպական երկրներ՝ շրջանցելով Ռուսաստանը: Այդ երթուղու շահառուներից մեկը Եվրամիությունն է:
Հաջորդ օրը՝ մարտի 12-ին, Տոկաեւը ծանոթացավ 2020 թ-ի հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի հսկողությանն անցած Ֆիզուլի քաղաքի զարգացման գլխավոր պլանին: Այնտեղ էլ երկու նախագահները մասնակցեցին ղազախ կոմպոզիտոր Կուրմանգազիի անվան մանկական ստեղծագործության կենտրոնի բացմանը: Ընդ որում, այդ կապկցությամբ Տոկաեւն ասաց ֆիզուլցիներին.
«Սա մեր նվերն է Ղազախստանի ժողովրդի անունից: Իմ կարգադրությամբ այդ նվերը մատուցում է BI Group մասնավոր ընկերությունը, եւ դա ամբողջ սրտով, ամբողջ ժողովրդի կողմից… »:
Տոկաեւի հիշատակած BI Group-ը մասնակցելու է նաեւ Ֆիզուլիի կենտրոնական քաղաքային հիվանդանոցի շինարարությանը: Ինչ վերաբերում է Ղազախստնի նախագահին, ապա նա նույն օրը գնաց Ղարաբաղի մարգարիտ Շուշի:
Ղազախա-ադրբեջանական հարաբերությունների հետագա ամրապնդումն ակնառու է՝ հիմնված ազգային-մշակութային առնչությունների եւ ընդհանուր տնտեսական շահերի վրա, որոնք վառ կերպով դրսեւորվում են Անդրկասպյան տրանսպորտային երթուղու իրականացմամբ:
Բայց ինքնանպատակ չէր մեր ուշադրությունը հրավիրելն այն հանգամանքի վրա, որ Ղազախստանը նկատելի դեր է խաղում Հարավային Կովկասում: Աստանայի ազդեցությունը տարածվում է ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Հայաստանի վրա: Բանն այն է, որ Հայաստանում ՀԱՊԿ-ից դուրս գալու կողմնակիցները մատնանշում են առանձին մասնակից երկրների դիրքորոշումը, որոնք շատ ամուր կապեր են հաստատել Ադրբեջանի հետ: Ղազախստանն այդպիսի երկրներից մեկն է, ընդ որում, Տոկաեւը դեռ 2023 թ-ի նոյեմբերի 3-ին շնորհավորեց Ալիեւին Ղարաբաղը նվաճելու համար։ Իսկ 2023 թ-ի դեկտեմբերի 8-ին Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց ունեցավ Տոկաեւի հետ: Ըստ ղազախական վարկածի՝ Տոկաեւը գնահատել է Ակտաու-Երեւան-Ակտաու ավիաչվերթների գործակումը, զրուցակիցները նաեւ անդրադարձել են համագործակցության զարգացմանն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տրանսպորտը, լոգիստիկան եւ առեւտուրը:
Այս բանակցությունների առնչությամբ նաեւ մի տարբերություն կա: Եթե ղազախական կողմը պնդել է՝ Տոկաեւի այցը Հայաստան ընդամենը քննարկվում է, ապա Փաշինյանի մամլո ծառայության համաձայն՝ Ղազախստանի նախագահը համաձայնել է այցելել Երեւան: Ինչո՞ւ ուշադրություն դարձրինք այս տարընթերցմանը:
Հայաստանի ներկայիս վարչապետը եւ նրա թիմը եվրոատլանտիստների համբավ ունեն, ձգտում են հաշտվել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, որպեսզի դուրս գան Ռուսաստանի մասնակցությամբ միավորումներից: Ղարաբաղյան կոնֆլիկտը եւ առհասարակ Ադրբեջանի հետ հարաբերությոնները հիմնարար են Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ:
Ղազախստանը չի թաքցնում, որ հայ-դրբեջանական հակամարտությունում իր համակրանքը Բաքվի կողմն է: Այսուհանդերձ, եթե Երեւանը հիմնավորապես փչացնում է Մոսկվայի հետ հարաբերությունները (փաշինյանականները մեղադրում են Ռուսաստանին Հայաստանի ռազմա-քաղաքական անհաջողությունների համար), ապա Աստանայի դեպքում դա տեղի չի ունենում:Հակառակը, մենք տեսնում ենք, որ նույն այդ Տոկաեւը Հայաստան է այցելել 2 անգամ (2019 թ-ի սեպտեմբերին եւ 2022 թ-ի հոկտեմբերին): Համեմատենք՝ Նուրսուլթան Նազարբաեւը, երկար տարիներ լինելով իշխանության ղեկին, այդ հարավկովկասյան երկիր է այցելել ընդամենը 2 անգամ (2001 թ-ի մայիսին եւ 2010 թ-ի օգոստոսին):
Ուրիշ ոլորտներ էլ կան, որոնցում նկատելի է Երեւանի եւ Աստանայի մերձեցումը: 2023 թ. դեկտեմբերի 7-8-ը Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը եւ նրա խորհրդական Անդրանիկ Տերտերյանը ղազախական կողմի հրավերով Աստանայում մասնակցեցին միջազգային «Սահմանադրական բարեփոխումները եւ ընտրական համակարգը» խորհրդա ժողովին: Այդտեղ երկու երկրների ԿԸՀ-ները փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին:
Երեւանի եւ Աստանայի մերձեցումն առնչվում է նաեւ ռազմական ոլորտին: Այս տարվա հունվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարը կենտրոնասիական երկրի պաշտպանության նախարարի հրավերով մեկնեց Ղազախստան: Ընդունելով հայկական պատվիրակությանը՝ Ղազախստանի պաշտպանության նախարարն ասաց.
«Ուրախ եմ ողջունել ձեզ ղազախական հողի վրա: Կարծում եմ՝ ձեր այցը լավ խթան կդառնա հայ-ղազախական հարաբերությունների զարգացման համար եւ կծառայի համագործակցության խորացմանը մեր գերատեսչությունների միջեւ»:
Բանակցություններիներից հետո նախարարները պաշտպանության համագործակցության պլան ստորագրեցին երկու երկրների ռազմական գերատեսչություն ների միջեւ: Նույն օրը Պապիկյանն այցելեց Ղազախստանի ՊՆ համալսարան: Հունվարի 24-ին Հայաստանի պաշտպանության նախարարը այցելեց Շչուչինսկում գտնվող ՊՆ Շոկան Ուալիխանովի անվան զինվորական քոլեջ: Այցի արդյունքը դարձավ ղազախական զինվորական քոլեջի եւ Հայաստանի ՊՆ սերժանտների պատրաստման կենտրոնի համագործակցութ յան զարգացման պայմանավորվածությունը:
Ինչո՞ւ Հայաստանը եւ Ղազախստանը որոշեցին երկկողմ համագործակցություն ծավալել: Դիտարկենք համատեքստը: Հայաստանը դե ֆակտո սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին եւ զրոյացրել է ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ: Ավելին, փաշինյանականները ցանկանում են հեռացնել ռուսական սահմանապահներին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից: Վերջապես, մեղադրելով Ռուսաստանին Բաքվի ու Անկարայի հետ հակահայկական դավադրության մեջ, փաշինյանականները բացահայտ խոսում են Ադրբեջանի հետ հաշտվելու մտադրւթյան եւ հայ-թուրքական սահմանը բացելու մասին։
Առավել հավանական պատասխանն այն է, որ փաշինյանականները ցանկանում են Ղազախստանի օգնությամբ հեշտացնել Հայաստանի եւ Ռուսաստանի կապերի խզման գործընթացը: Քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմի եւ Ռուսաստանի միջեւ Ղազախստանն ընտրում է իր թյուրքական եղբայրներին, ապա այդ դեպքում պաշտոնական Երեւանի համագործակցությունն Աստանայի հետ տրամաբանկան է թվում: Ընդ որում, հարկ է նկատի ունենալ մի հանգամանք: Ի տարբերություն փաշինյանականների՝ Ղազախստանը ջանում է շատ նուրբ գործել: Իզուր չէր, որ փետրվարի 29-ին Ղազախստանի արտաքին գործերի փոխնարարը հայտարարեց՝ Աստանան ՀԱՊԿ-ը լքելու մտադրություն չունի: Չմոռանանք նաեւ, որ ՀԱՊԿ-ի ներկայիս գլխավոր քարտւղարը Ղազախստանի ներկայացուցիչն է:
Բայց եթե ինքը՝ Ղազախստանը, չի պատրաստվում լքել ՀԱՊԿ-ը, դա չի նշանակում, որ Աստանան չի օգնի Երեւանին դա անել։ Քանի որ Թուրքիան եւ Ադրբեջանը շահագրգռված են Հայաստանի եւ Ռուսաստանի կապերի խզումով, թյուրքական համերաշխության շրջանակներում Ղազախստանը կարող է օգնել փաշինյանականներին այդ գործընթացում:
Պյոտր Մակեդոնցեւ
Թարգմ.՝ Գայանե Մանուկյանի