կարևոր
4222 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-10 12:14
Հասարակություն

Դու գնացիր մեծ օվկիանի քո նավարկությանը և չվերադարձար. այսօր Ալվարդ Պետրոսյանի հիշատակի օրն է

Դու գնացիր մեծ օվկիանի քո նավարկությանը և  չվերադարձար. այսօր Ալվարդ Պետրոսյանի հիշատակի օրն է

Բանաստեղծուհի, հրապարակախոս, «Ցոլքեր» գրական կենտրոնի ղեկավար և համանուն ամսագրի գլխավոր խմբագիր, Հայաստանի գրողների միության անդամ Հռիփսիմե Հովհաննիսյանը հիշատակի խոսք է հրապարակել արձակագիր, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ անդամ Ալվարդ Պետրոսյանի հիշատակի օրվա առիթով.

«Նամակ ց'պահանջ

Ալվարդս, հիշատակիդ օրն է, ուզեցի գրել քեզ։ Դու գնացիր մեծ օվկիանի քո նավարկությանը ու չվերադարձար, ինձ թողնելով ափին նստածի խաբկանքը...

Երանի օրերի կրկնություն լիներ ու նորից տեսնեի, թե ինչպես ես զարմանալի մանրությամբ, քնքշությամբ ու սիրով կտրատում սոխը և զրուցում ինձ հետ, իսկ մի գավաթ սուրճը անվերջանալի էր թվում։ Մեր հոգիները սավառնում էին Հայաստանից-Արցախ, բառից մինչև արվեստի բուրգ։ Երանելի էիր, որ չտեսար, ինչպես դու էիր ասում` Ղարաբաղի կորուստը, որը քո երկրորդ սերն էր, չզգացիր մեր երկրի անապագա ընթացքի գահավիժումը։ Դու մոխրամանի մեջ կկոտրեիր սիգարետդ, Հաստատ է, չէիր դիմանա... Կխոսեիր, կընդվզեիր, քո փոքրիկ բռունցքով կհարվածեիր սեղանին և նորից ալվարդավարի կասեիր` էդ բոզի տղեն կործանելու է մեր երկիրը։

Քեզ անվերջանալի կարոտում եմ։ Ինձ անվանում էիր` դմբո, այդչափ քնքշություն ո՞նց էիր տեղավորում մի հատիկ բառի մեջ։ Կարոտը տիեզերական զգացողություն է, ոչ թե միայն խոսք։ Տաղանդավորս, այլ պատկեր էր, երբ խմբագրում էի քո ընտրանին, ո՞նց էիր հարմարվում իմ բծախնդիր գրչի շարժումներին։ Դու արդարամիտ ու համեստ էիր, միայն դրսից էիր դիմացկուն, անխոցելի, ընդվզող։ Քո տանը կանացիություն էիր, քնքշություն, հայ մամիկ, ոչ`տիկին։

Լորենցին տեսնու՞մ ես։ Էդ ինչ նվիրում էր սավառնում երկուսիդ գլխավերևում։ Ես նայում էի թե ինչպես եք ձեռք-ձեռքի խոսում ամենայնից, ցավից մինչ ուրախություն։ Այդ պահերին նորից ինձ ասում էի, չէ, Հռիփսիմէ, սերը չի ծերանում, այլ ավելի է թանկանում և իմաստավորվում, դառնում արժեք։ Հարսիկիդ, Աննային չեմ հանդիպում, բայց գիտեմ նրա համար նորից մնում ես նույն հավերժամայրը։

Քո հմայքը մեծ սիրո մեջ էր... Դու որքան շռայլում էիր, այնքան գունավորվում ու ծավալուն էր դառնում։

Լիքը գրելիք ունեմ։

Դրսի ու ներսի Ալվարդը շատ էին տարբեր իրարից և այդտեղ էր քո նորոգվող, ամբարված գաղտնիքը։

Թանկս, ալիքին հակառակ գնացող մեծությունս, քո օրն է.. Ի՞նչ էլ գրեմ` կիսատ է, չի ամբողջացնելու տեդակդ։

Ընդունիր հիացումիս տաքությունը, սերը, խոնարհումը հիշատակիդ առաջ։

Հազար ափսոս, որ չգիտեմ հասցեդ, բառերի քչություն է...

Բայց, ինչպես դու էիր համոզված, կա', կա' երկրորդ կյանք, իսկ հանդիպումներ չեն կարող չլինել։

Մեծս, թանկս, անփոխարինելիս, թող օրհնված լինի օրդ, խնկաբույր ու աղոթքներով լի։

Երանի կարդայիր նամակս սիրուն, շատ սիրուն քո աչքերով։ Այնտեղ տիրամոր գորով կար...

Մնա Ալվարդս, օրերիս պտույտներում, որպես լուսատու ...

Բարևներով` քո Դմբո»։