կարևոր
2119 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-18 15:54
Քաղաքական

Արցախի կառավարությունը պետք է պահվի Հայաստանում՝ ապագայի համար

Արցախի կառավարությունը պետք է պահվի Հայաստանում՝ ապագայի համար

Արցախի կառավարությունը պետք է պահվի Հայաստանում՝ ապագայի համար, կարծում եմ՝ հանձնվելը սխալ է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանը։

«Ապագայի համար դա պետք է, որովհետեւ կարծում եմ՝ հանձնվելը սխալ է։ Ի վերջո ես կարծում եմ՝ միջազգային ատյանների, տարբեր գործընկերների հետ պետք է տարվեն աշխատանքներ, որովհետեւ երկիրը բռնազավթվել է, ժողովրդի նկատմամբ ցեղասպանական գործողություններ են կատարվել, եւ պետք է լինի մի մարմինը, որը կարողանա այդ ամենը ներկայացնել իրավական հարթության մեջ եւ փորձել արցախահայության իրավունքները պաշտպանել։ Դուք տեսնում եք ռազմաքաղաքական զարգացումները տարածաշրջանում ու հարակից շրջաններում, ամեն ինչ բավականին ակտիվ է ընթանում ու ամեն պահի կարող է նոր իրավիճակ ստեղծվել, մեզ համար կարող է շահեկան իրավիճակ ստեղծվել, եւ պետք է այդ ամենին ինչ-որ կերպ պատրաստ լինել։ Դա նաեւ թույլ կտա արցախահայության հետ կապված, մասնավորապես, սոցիալական հարցերը լուծել, Հայաստանում ինտեգրվելու, արցախահայության հավաքականությունը պահելու համար»,- ընդգծեց Վահրամ Բալայանը։

Անդրադառնալով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի կողմից Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հրամանագիրը չեղարկելու մասին հայտարարություններին՝ Բալայանն ասաց, որ հրամանագիրը իրավական տեսանկյունից ուժ չունի․ «Այդպիսի հրամանագիր լինել չի կարող։ Այն չունի իրավական հենք։ Իհարկե հնարավոր է Սահմանադրական դատարան դիմել՝ հրամանագրի սահմանադրականության հարցով։ Այդ հարցի շուրջ քննարկումները պետք է երկար ու կշռադատված լինեն»։

Անդրադառնալով այն դիտարկմանը Արցախի ընդդիմությունն է ընտրել Շահրամանյանին նախագահի պաշտոնում, եւ դրանով է պայմանավորված որ մինչեւ հիմա հրամանագիրը առոչինչ ճանաչելուն ուղղված քայլեր չեն ձեռնարկում, պատգամավորն արձագանքեց․

«Երբ Սամվել Շահրամանյանը նախագահ է ընտրվել, նա նաեւ նախընտրական մի փոքր ծրագիր էր ներկայացրել, որի հիմքում Արցախի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքի պաշտպանությունն էր։ Ձայն տվողներն ի՞նչ տրամաբանությամբ կարող էին տրամադրված լինել, որ այսպիսի բան լիներ, այսինքն՝ նպատակն այն է եղել, որ հնարավորինս եղածը օգտագործել, շարունակել պահպանել Արցախի Հանրապետությունը։ Հրամանագիրը իմ քննարկման հարցը չէ, կարծում եմ՝ դա պետք է ստորագրողները ներկայացնեն, թե ինչ պայմաններում է դա եղել, չնայած որոշակի ենթադրություններ կարելի է անել, չնայած, որ ակնհայտ էր ադրբեջանաթուրքական կոալիցիայի կողմից Արցախի վրա ճնշումները։ Այդ ամենին դիմակայելը բարդ էր, եւ աշխարհն էլ լուռ էր, երկիրն էլ 9 ամիս շրջափակման մեջ էր, ծանր կացության մեջ էր բոլոր առումներով, Ստեփանակերտից որտեղ նայում էիր ադրբեջանական դրոշ էր, պատճառները շատ են»։

Վահրամ Բալայանի խոսքով՝ ՀՅԴ-ի համար սպասելի չէր նման բովանդակությամբ հրամանագիրը․ «Եթե սպասելի լիներ ԱՀ ԱԺ նախագահը դաշնակցական էր, եւ Ադրբեջանն անընդհատ պահանջում էր Արցախի պետական մարմինների լուծարում, այսինքն՝ եթե նման տրամադրություններ լիներ, ապա ԱԺ-ն նման որոշում կկայացներ, ինքը կինքնալուծարվեր, հենց օրինակ՝ ԱԺ նախագահը ասում էր՝ նման բան լինել չէր կարող, դա մերժվում էր»։