Փոխարժեքներ
02 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 420.51 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 499.95 |
GEL | ⚊ | ₾ 141.88 |
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի ելույթը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, որում վերջինս անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչության հայրենազրկման խնդրին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Միությունն այդ մասին հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
«Ինչպես հայտնի է 2023թ․ հոկտեմբերի 31-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին իր ելույթում անդրադարձել է բռնի տեղահանվածների՝ այսօր չափազանց զգայուն դարձած խնդրին՝ ՄԱԿ-ի ԱԽ ուշադրությունը հրավիրելով աշխարհի մի շարք վայրերում բոլորովին վերջերս տեղի ունեցած այլևս անշրջելի գործընթացների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչության հայրենազրկման խնդրին։
Գերագույն հանձնակատարն իր խոսքում մասնավորապես արձանագրել է, որ հաշված օրերի ընթացքում ավելի քան 100 հազար հայեր հեռացել են Լեռնային Ղարաբաղից և ապաստան գտել Հայաստանում։ Հանձնակատարը սա իրավացիորեն համարում է մեկ այլ չլուծված խնդրի հետևանք, որին թույլ է տրվել «եփվել» տասնամյակներ շարունակ։
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խորապես շնորհակալ է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին այս արդարացի արձանագրման համար։ Այն հուշում է, որ ապագայի հանցագործությունները հնարավոր է կանխել միայն այսօր կատարվածների համար դրանց հեղինակներին պատասխանատվության կոչելու միջոցով։ Այո՛, Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ ավելի քան 10 ամիս ցեղասպան և ահաբեկչական վարքը, Լեռնային Ղարաբաղի ամբողջական և բռնի հայաթափումը հետևանք են մեկ այլ՝ առավել մեծ խնդրի, և այդ խնդիրն է Ադրբեջանի հակահայկական, ռասիստական և կրոնական խտրական պետական քաղաքականությունը, որն անշեղորեն «եփվել է» անցած տասնամյակների ընթացքում։
Վերջին հարյուրամյակում քանիցս հայ տարրը պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի տարածքում ենթարկվել է էթնիկ զտման և բռնի տեղահանման, որի համար ոչ ոք միջազգային պատասխանատվություն չի կրել։ Եթե պատժվեին 1918թ․ Բաքվի հայության կոտորածի կազմակերպիչները, վստահաբար չէին լինի 1988թ․ Սումգայիթի, 1990թ․ Բաքվի հայկական ջարդերը։ Եթե 1988-1992թթ․ ավելի քան կես միլիոն հայության բռնագաղթման համար Ադրբեջանը պատասխանատվություն կրեր, չէր լինի 2020-2023թթ․ Լեռնային Ղարաբաղի հայության տեղահանությունը, որն ուղեկցվել է մարդու իրավունքների բազմակի խախտումներով՝ սովամահության պարտադրանքով, մանկասպանությամբ, առևանգումներով, բռնությամբ կամ դրա սպառնալիքով, վախի և ատելության տրամադրությունների գերակայմամբ։
Ուստի, մենք կոչ ենք անում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին և ողջ միջազգային հանրությանը համարժեք և գործնականորեն արձագանքել քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ տեղի ունեցող զազրելի հանցանքներին և ձեռնամուխ լինել դրանց հեղինակների միջազգային պատժին։ Մենք խնդրում ենք գործնական քայլեր կատարել ինչպես 2020-2023թթ․ Լեռնային Ղարաբաղից բռնագաղթվածների, այնպես էլ մեր՝ 1988-1992թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի տարածքից տեղահանվածներիս բոլոր իրավունքների արդարացի վերականգնման ուղղությամբ»։