կարևոր
4882 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-11 10:19
Հասարակություն

57․5 մլն դրամ՝ ոստիկանության զորքերի ծառայողների պաշաճ տեսքի համար․ նախագիծ կա

57․5 մլն դրամ՝ ոստիկանության զորքերի ծառայողների պաշաճ տեսքի համար․ նախագիծ կա

Կառավարության այսօրվա նիստում նախագիծ է ընդգրկված, որով սահմանվելու է ոստիկանության զորքերի համազգեստ կրելու կանոնները և դրանց տեսակը:

Հիմնավորման մեջ մասնավորապես նշվում է․

«ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2111-Ն որոշմամբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերում ներդրվեց ամառային համազգեստի տարբերակներ: 2022-2023 թվականների ընթացքում՝ ամառային համազգեստի կրման ժամանակահատվածում, պարզվեց, որ համազգեստը որոշ ժամանակ արևի ճառագայթների տակ կրելիս, համազգեստի բաղադրությունում առկա բամբակի մեծ պարունակությամբ պայմանավորված, այն ժամկետից շուտ կորցնում է իր գունային հատկությունները՝ նրանցում առաջացնելով այլ գունային երանգներ:

Բացի այդ, «Տաբատ՝ կիսաբամբակյա ամառային» և «Շապիկ ուսադիրներով ամառային» անվանումներով համազգեստը ոստիկանության զորքերի զինծառայողներին հատկացվում է տարեկան մեկ հատ, որն,ամենօրյա ռեժիմով կրելու դեպքում, շուտ է շարքից դուրս գալիս։ Միաժամանակ, անձնակազմը չունի փոխարինող համազգեստ:

Ըստ գործող որոշման՝ «Մարտաբաճկոն» հատկացվում է միայն հատուկ ստորաբաժանումների զինծառայողներին, սակայն ծառայողամարտական գործունեության ընթացքում, ստորաբաժանումներին առաջադրվող խնդիրներից ելնելով, պարզ է դարձել, որ անհրաժեշտ է, որպեսզի հասարակական կարգի պահպանության ստորաբաժանումները նույնպես կրեն «Մարտաբաճկոն», որի վրա հարմարեցվում են այն բոլոր պարագաները, որոնք ստանում են զինծառայողները՝ իրենց առջև դրված խնդիրների կատարման համար:

Ներկայացվող նախագծով նախատեսվում է ոստիկանության զորքերի ամառային համազգեստը ձեռք բերել այնպիսի բաղադրությամբ կտորից, որը կապահովի համազգեստի կրման հարմարավետություն և տեսքի պահպանման երկարակեցություն, ինչպես նաև փոխարինող համազգեստ ունենալու պարագայումկպահպանվեն հիգիենայի կանոնները։

Հասարակական կարգի պահպանության ստորաբաժանումները նույնպես կապահովվեն համապատասխան համազգեստի տեսակով, որը հարմարավետ կդարձնի նրանց ծառայողամարտական գործունեության իրականացումը՝ հատկացվող անհրաժեշտ զենքի, հատուկ միջոցների և անհրաժեշտ պարագաների ծառայության ընթացքում կրման ժամանակ:

Նախագծի ընդունմամբ «Տաբատ՝ամառային» և «Շապիկ ուսադիրներով ամառային» համազգեստի ձեռքբերման համար կառաջանա 57․5 մլն ՀՀ դրամի գումարի լրացուցիչ պահանջ, որը կիրականացվի ՀՀ ներքին գործերի նախարարության ընդհանուր հատկացումների շրջանակներում։

«Մարտաբաճկոն» հատուկ հանդերձանքի ձեռք բերման համար լրացուցիչ գումարի պահանջ չի առաջանա, քանի որ դրանք ձեռք կբերվեն ոստիկանության զորքերին հանդերձանքի համար հատկացվողգումարներով։

Վերջին երկու տարում արդեն իսկ ձեռք է բերվել որոշակի քանակությամբ «Մարտաբաճկոն», որը հատկացվում է հինգ տարի ժամկետով: Հաջորդ երկու տարում որոշակի քանակությամբ ձեռք բերելու պարագայում՝ ոստիկանության զորքերը ամբողջությամբ ապահովված կլինի անհրաժեշտ քանակությամբ «Մարտաբաճկոն»-ներով»,-ասվում է հիմնավորման մեջ։