կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-24 12:15
Իրավական

2019-ի առաջին կիսամյակում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 920 ծառայողական քննություն. ոստիկանության շտաբի պետ

2019-ի առաջին կիսամյակում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 920 ծառայողական քննություն. ոստիկանության շտաբի պետ

2019 թվականի առաջին կիսամյակում հայտնաբերվել է  կոռուպցիոն բնույթի հանցագործության 634 դեպք. լրագրողներին հայտնեց ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը՝ նշելով, որ հասարակությունն ուզում է, որ հայտնաբերված դեպքերն ավելի շատ լինեն, մինչդեռ կոռուպցիայի դեմ պայքարի պայմաններում այս երևույթները թաքցվում են:

«Հայտնաբերվել է պետությանը, հասարական կազմակերպություններին և անձանց 11 միլիարդ 170 միլիոն դրամի վնաս հասցնելու դեպք: Վերականգնվել է շուրջ 237 միլիոնի վնաս»,- տեղեկացրեց նա:

Հաշվետու ժամանակահատվածում առգրավվել է 320 միավոր հրազեն, այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում առգրավվել էր 314 միավոր:

Ոստիկանության գնդապետը հայտնեց, որ 2019 թվականի առաջին կիսամյակում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 920 ծառայողական քննություն, մինչդեռ 2018-ին այս թիվը եղել է 687: «Սրա արդյունքում կարգապահական տույժի է ենթարկվել 503 ծառայող՝ նախորդ տարվա 357-ի փոխարեն: Ընդ որում` 503 ծառայողից 326-ը ստացել է նկատողություն, 154-ը՝ խիստ նկատողություն, 4 ծառայողի պաշտոնային դրույքաչափն իջեցվել է մինչև 3 ամիս ժամկետով, 2-ի դեպքում պաշտոնը մեկ աստիճանով իջեցվել է, 16 ծառայող էլ ազատվել է ծառայությունից: Բացի այս` ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված տարբեր օրինախախտումների փաստով 89 դեպք է արձանագրվել՝ 106 անձի վերաբերյալ»,- մանրամասնեց Ղուկասյանը:

Ինչ վերաբերում է պարգևատրումներին, ապա, նրա խոսքով, դրանց նպատակն է մոտիվացնել ծառայողներին, որ իրենց գործուն աջակցությունը ցուցաբերեն հանցագործությունների բացահայտման գործին։