Փոխարժեքներ
07 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շուրջ իշխանական օղակը սեղմվում է: Նա, որ Նիկոլ Փաշինյանի հետ իր մտերմությունը ամենուր չարաշահելով՝ դիրքերը օրեցօր ամրացրել է, սկսել է հարվածներ ստանալ հենց թիմի ներսից: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ կառավարությանը մոտ կանգնած իր աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ ԲՏԱ նախարարությունը նախաձեռնել է անջատել Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած «Ֆրինյուզ»-ի հեռուստաեթերը:
Պատճառը Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած հեռուստաընկերության կուտակած պարտքերն են: Այսինքն՝ ԱԺ նախագահի ընտանիքը, օգտվելով պետության, կառավարության բարեհաճությունից, ամիսներ շարունակ չի վճարել Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոհաղորդիչ ցանցին ամսական 1.5 մլն դրամ վճարը: Եւ, ահա, ԲՏԱ նոր նախարար Մխիթար Հայրապետյանն իր գործունեության առաջին օրերին նկատել է, որ մի շարք հեռուստաընկերություններ, այդ թվում՝ ԱԺ նախագահի կնոջ կողմից ղեկավարվող, պարտքեր են կուտակել, եւ նախաձեռնել է նրանց եթերազրկումը:
«Ժողովուրդ» օրաթերթը իրավիճակի շուրջ մեկնաբանությունների համար կապվեց ԱԺ նախագահի տիկնոջ՝ մեր գործընկեր Մարիամ Մարգարյանի հետ: Վերջինս հաստատեց մեր տեղեկությունը՝ հայտնելով, որ Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոհաղորդիչ ցանցին ամսական վճարի ուշացումն է եղել պատճառը, պարտք է կուտակվել, եւ ԲՏԱ նախարարությունը նախաձեռնել է հեռուստաեթերի ժամանակավոր անջատումներ մինչ պարտքի ամբողջական մարումը: «Սանկցիան կիրառվել է ոչ միայն մեր նկատմամբ: Գրեթե բոլոր հեռուստաընկերությունները նման խնդիր ունեցել են, մի մասն արդեն պարտքը մարել է, մյուսներն առայժմ ընթացքի մեջ են: «Ֆրինյուզ» հեռուստաընկերությունն այս ամիս փոխանցել է ամսական վճարը, առաջիկայում նաեւ կմարի կուտակված պարտքն ամբողջությամբ»: Մարգարյանը դժվարացավ պարտքի չափ նշել, բայց հաստատեց մեր ունեցած տեղեկությունը:
Հիշեցնենք, որ այս հեռուստաալիքը բացվել է Ալեն Սիմոնյանի որդու կնքահոր՝ Էդգար Ավագյանի կողմից, որը երկար տարիներ աշխատել է հայաստանյան տարբեր հեռուստաընկերություններում, հիմնականում՝ մենեջեր, այսօր էլ աշխատում է Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած «Ֆրինյուզ» ՀԸ-ում: Նա դատարանի կողմից սնանկ ճանաչված անձ է, բայց միաժամանակ խոշոր բիզնես նախագծերի մեջ է ներգրավվել: Ու անհասկանալի է, թե մոտ 20 հազար ԱՄՆ դոլարի համար դատարանի վճռով սնանկ ճանաչված Էդգար Ավագյանը ինչպես է հոգում հեռուստաընկերության եւ այլ ծախսերը, եթե չկան սեւ գումարներ, եւ եթե ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը որեւէ պաշտոնական առնչություն չունի այս պատմությունների հետ: Հարցեր են, որոնց պատասխանների հետքերով դեռ կգնանք:
Ամեն դեպքում, ուշագրավ է, որ ԲՏԱ նախարարությունը պատժամիջոց է կիրառել ԱԺ նախագահի տիկնոջ նկատմամբ:
Հաջորդիվ կանդրադառնանք մյուս հեռուստաընկերություններին առնչվող դեպքերին»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: