կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-30 16:20
Հասարակություն

Հիմնական նպատակը Մերձավոր Արևելքում Արցախի ճանաչողությունը բարձրացնելն է

Հիմնական նպատակը Մերձավոր Արևելքում Արցախի ճանաչողությունը բարձրացնելն է

Հուլիսի 20-22-ը Արցախում էին Մերձավոր Արևելքում Արցախի հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը և Արցախի գրասենյակի պատասխանատու Պետո Դեմիրճյանը:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հիմնադրման 25-ամյակի առիթով հավաքվել էին Արցախի բոլոր ներկայացուցչությունների պատասխանատուները: Արտաքին աշխարհում Արցախը ներկայացնողները մի շարք պաշտոնական հանդիպումներ են ունեցել, միմյանց լսելով, կարծիքներ փոխանակել և նախանշել առաջիկա գործունեության ուղղությունները:

Մերձավոր Արևելքում Արցախի գրասենյակի պատասխանատուի տեղեկացմամբ՝ ներկայացուցիչները հանձնարարական են ստացել աշխատելու Սփյուռքից գործարարների, առևտրականների, ներդնողների հետ, որոնց միջոցով Արցախում տնտեսական ներդրումներ պետք է արվեն: «Քաղաքական ներկայությունից բացի մենք հավելյալ ջանք պետք է թափենք, որպեսզի տնտեսական ներդնողներ գտնենք և ճիշտ ձևով ուղղորդենք նրանց: Մենք էլ տեղեկություններ ենք ստացել, թե ինչ ծրագրեր կարելի է իրագործել, ինչ շրջանների մեջ, ինչ բյուջեով»,-նշել է Պետո Դեմիրճյանը՝ ավելացնելով, որ շարունակելու են նաև գործունեությունը քաղաքական ոլորտում՝ Արցախի ճանաչում, պատվիրակությունների այցելություններ, լրագրողների այցելություններ, քույր քաղաքների հռչակում:

Ինչ վերաբերում է մայիսին Մարտակերտ և Պուրճ Համուտ, Կովսական և Այնճար քաղաքների միջև կնքված համագործակցության մասին համաձայնագրին, ապա թե Այնճարի և թե Պուրճ Համուտի քաղաքապետները արդեն մեկական ճանաչողական այց կատարել են դեպի Արցախ և քննարկում են գործնական ոլորտում իրար հետ աշխատելու ծրագրերը:

Պետո Դեմիրճյանի կարծիքով Արցախը հնարավոր է անուղղակի կերպով ճանաչվի ճանաչողության մակարդակի բարձրացումով, որը նշանակում է աշխատանք լրագրողական շրջանակներում, քաղաքական, համալսարանական, տնտեսական միջավայրերում, քույր քաղաքների միջոցով: «Հիմնական նպատակը պետք է լինի Արցախի ճանաչողությունը Մերձավոր Արևելքում բարձրացնելը, իսկ ճանաչումն, իհարկե, ԱՀ ԱԳՆ և ներկայացուցչությունների աշխատանքի հիմնական ուղղությունն է»,- ավելացրել է Պետո Դեմիրճյանը:

aparaj.am