Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Ֆորդհամի համալսարանում աստվածաբանական գիտությունների դոկտորի կոչմանն արժանացած ԱՄՆ հայոց Արեւելյան թեմի Սրբոց Նահատակաց եկեղեցու (Նյու Յորք) հոգեւոր հովիվ Արժանապատիվ Տ. Աբրահամ քահանա Մալխասյանին։ Հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից։
Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Տեր Հայրն իր ուսումնառությունը շարունակել է Ֆորդհամի համալսարանի Կրոնագիտության ֆակուլտետում՝ պաշտպանելով դոկտորական թեզ «Հոգեւոր հոտից անջատման խնդիրը Հայ Եկեղեցում նոր հազարամյակին ընդառաջ» թեմայով, եւ դասախոսում է Նյու Յորքի Սուրբ Հովհաննեսի անվան համլսարանում։
Ներկայացնելով իր դոկտորական աշխատանքը Նորին Սրբությանը՝ Տեր Աբրահամն ընդգծեց, որ աշխատության նպատակն է բացահայտել այն արդի մարտահրավերները, որոնց արդյունքում երիտասարդ ընտանիքները դժվարանում են մասնակից լինել եկեղեցական կյանքին, եւ գտնել դրանց հաղթահարման ուղիները:
Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ Տեր Հոր գիտական ձեռքբերմանը՝ ընդգծելով, որ սույն աշխատությունը կարեւոր նպաստ է հովվական աստվածաբանության ոլորտում եւ հնարավորություն հոգեւորականներին ի մոտո ծանոթանալու երիտասարդությանը վերաբերող հիմնահարցերին։
Հայոց Հովվապետն ուրախությամբ արձանագրեց, որ եկեղեցականները հովվական ծառայությանը զուգահեռ ծավալում են նաեւ գիտական գործունեություն՝ հարստացնելով իրենց գիտելիքներն ի նպաստ հոգեւոր ծառայության առավել արդյունավորման:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը, որպես գնահատանք, Տեր Աբրահամին ընծայեց քահանայական լանջախաչ:
Վերջում Արժանապատիվ Տեր Հայրը Նորին Սրբությանը հանձնեց իր թեզի աշխատությունն ու դոկտորական կոչման վկայականը։