կարևոր
5989 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-16 17:32
Քաղաքական

Հունվարի 1-ից ճամփորդել ԱԳՆ-ի հղումները թևատակին

Հունվարի 1-ից ճամփորդել ԱԳՆ-ի հղումները թևատակին

Հայաստանից դուրս գալու համար անձնագրերում հայտնի ելքի կնիքը 2024 թ. հունվարի 1-ից այլևս հարկավոր չէ: Առաջին հայացքից լավ որոշումը, որն ազատում է քաղաքացուն լրացուցիչ գլխացավանքից, ինչպես միշտ, կիրառվում է ծայրաստիճան փնթի ու խոցելի մեխանիզմներով՝ կրկնակի գլխացավանքի մեջ գցելով քաղաքացուն:

Ի՞նչն է խնդիրը. քանի որ անձնագրի՝ օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետը ցույց տվող էջում կա նաև անգլերեն գրառում, ցանկացած երկիր մտնելիս սահմանին աշխատակիցները կա՛մ պետք է մինչ հունվարի 1-ը անգիր սովորեն ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական ծանուցումներն ու կայքէջի որոշումները, կա՛մ նկատելով, որ անձնագիրը օտարերկրյա պետություններում վավեր չէ (քանի որ գրառում չկա այդ մասին), արգելեն ՀՀ քաղաքացուն մտնել տվյալ երկիր:

Ահա այդ ժամանակ էլ հենց, ըստ Փաշինյանի իշխանության հորդորների, ՀՀ քաղաքացին պետք է ներկայացնի իրեղեն ապացույցները՝ թևի տակից հանի ՀՀ ԱԳՆ կայքէջի հղումներն ու սկսի ապացուցել, որ այդ դատարկ էջը ոչ իր մեղքով է, և դա հիմք չէ իր մուտքն արգելելու: Հիշեցինք իշխանությունների՝ ԳորիսԿապան ճանապարհը «բանավոր ըմբռնումներով» թշնամուն հանձնելուց հետո արված  այն խայտառակ հայտարարությունը, ըստ որի՝ եթե թշնամին կառևանգի ձեզ, ձեր հետ ունեցեք ԱԱԾ հեռախոսահամարը և շտապ զանգեք:

Սույն զավեշտը դեռ ամենը չէ: Ինչո՞վ են մեղավոր այն պարտաճանաչ քաղաքացիները, ովքեր, օրինակ, մինչ 2030, 2031, 2032 թվականների համար վճարել են ելքի տուրքը: Արդարությունը և քաղաքացու հանդեպ տարրական հարգանքը պահանջում է, որ այդ գումարները հետ վերադարձվեն:

Ի՞նչ կարելի էր անել: Պարզապես հարկավոր էր անվճար ու հեշտացված կարգով բոլոր քաղաքացիների անձնագրերում մինչ անձնագրի ժամկետի ավարտը կատարել ելքի վավերականության մասին նշում, և հարցը դրանով փակել: Բնականաբար՝ նոր ստացվող անձնագրերում պետք է, որ այդ էջի պահանջը բացակայի:

 

Վահե Սարգսյան