Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը պետական դավաճանության մեջ մեղադրվող` ՊՆ նախկին պաշտոնյա, մայոր Գարիկ Մարությանի գործով հարցումներ է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն` ճշտելու, թե ադրբեջանական հատուկ ծառայություններին տրամադրված տեղեկատվությունն ի՞նչ գաղտնիք է պարունակում (պետական, ծառայողական և այլն): Այս մասին yerkir.am-ին հայտնեց Մարությանի հանրային պաշտան Մարինե Ֆարմանյանը: Նա նշեց նաև, որ գործով նշանակվել է համակարգչատեխնիկական փորձաքննություն, քանի որ, ըստ նախաքննության, տեղեկատվությունը փոխանցվել է համակարգչի միջոցով, այժմ սպասում են դրա արդյունքներին:
Համակարգչատեխնիկական փորձաքննության շնորհիվ, համակարգչային տեխնոլոգիաների կիրառմամբ, ստանում են կրիչների վրա առկա տեղեկատվության հասանելիություն` այդ տեղեկատվության հետազոտության, հետքային պատկերի ուսումնասիրության և ապացուցողական տեղեկատվության ստացման համար:
Մարինե Ֆարմանյանը տեղեկացրեց, որ դեռևս իր պաշտպանյալի կողմից առաջադրված մեղադրանքն ընդունել-չընդունելու հարցը քննարկման փուլում է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում, ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում, 2015թ. դեկտեմբերի 4-ին ձերբակալվել էր Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Արմավիրի մարզի բնակիչ, պահեստազորի մայոր՝ 38-ամյա Գարիկ Մարությանը: Ըստ նախաքննական մարմնի՝ Մարությանը, երկար տարիներ զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոնները, համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ է հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ և վարձատրության դիմաց նրանց փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած, այդ թվում՝ պետական գաղտնիք պարունակող տվյալներ: Հարուցվել է քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և Գ. Մարությանին առաջադրվել է մեղադրանք պետական դավաճանության համար: Կատարվում է նախաքննություն:
Նշենք, որ Գարիկ Մարությանը երկու անչափահաս երեխաների հայր է: