Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ-ում հայտարարությամբ հանդես եկավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը․ ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Սիրելի հայրենակիցներ,
Այսօր ևս խոսելու եմ մարզային այցելությունների շրջանակներում վեր հանված կարևոր խնդիրների մասին։ Այս անգամ խոսքը վերաբերում է ՀՀ սահմանամերձ համայնքներին տրամադրվող պետական աջակցությանը։
Գաղտնիք չէ, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից և 2022 թվականի սեպտեմբերի ադրբեջանական հերթական ագրեսիայից հետո Հայաստանի բազմաթիվ համայնքներ փաստացի դարձան սահմանամերձ՝ իրենց բոլոր խնդիրներով և անվտանգային նոր սպառնալիքներով։ Մասնավորապես՝ Ադրբեջանի հետ Գեղարքունիքի սահմանը 70 կմ-ից դարձել է շուրջ 200 կմ։
Կառավարության համապատասխան փոփոխություններով մի շարք համայնքներ ավելացվել են սահմանամերձ համայնքների շարքին։ Սակայն մինչև օրս կան փաստացի սահմանամերձ դարձած բազմաթիվ համայնքներ, որոնք այդպես էլ չեն ստանում համապատասխան կարգավիճակ և, բնականաբար, նաև իրենց հասանելիք պետական աջակցությունը։
Մասնավորապես, խոսքը վերաբերում է Վարդենիսի խոշորացված համայնքի հետևյալ բնակավայրերին՝ Փամբակ, Դարանակ, Արեգունի, Գեղամասար, Տրետուկ, Ավազան, Արփունք, Կախակն, Կուտական, Ախպրաձոր։ Ընդ որում, վերջին չորս բնակավայրերը 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից հետո գտնվում են ադրբեջանական հրոսակների ուղիղ նշանառության տակ։
Փաստորեն, չնայած նրան, որ նշված բնակավայրերը դարձել են սահմանամերձ՝ գտնվում են թշնամու ուղիղ նշանառության տակ, առաջացել են անվտանգային լրջագույն սպառնալիքներ, սոցիալական, գյուղատնտեսական բազմաթիվ նոր խնդիրներ, սակայան կառավարությունը այդպես էլ չի շտապում այդ բնակավայրերին տրամադրել օրենքով նախատեսված կարգավիճակը և դրանից բխող՝ փոխհատուցվող աջակցությունները։
Այս խնդիրների մասին բազմիցս եմ բարձրաձայնել պատկան մարմիններին, ինչպես նաև Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նիստերում։ Բայց, ինչպես ասում են «սայլը տեղից չի շարժվում» և սահմանապահ բնակավայրերի հազարավոր բնակիչներ՝ առանց պետական հասանելի աջակցության, միայնակ են մնացել իրենց հին ու նոր բազմաբնույթ խնդիրների առջև։
Սա պետական կառավարման անհետևողական, անպատասխանատու և փնթի վարքագիծ է, որի հետևանքներն ամեն օր իրենց ուսերին զգում են սահմանապահ բնակավայրերի մեր հազարավոր հայրենակիցները»։