կարևոր
3142 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-04 09:15
Հասարակություն

Լռությունը շատ էր, բառերը՝ քիչ․ Լիլիթ Գալստյան

Լռությունը շատ էր, բառերը՝ քիչ․ Լիլիթ Գալստյան

«Ընկերներիս հետ Սասնաշենում էի՝ Արագածի բարձրադիր փեշերին փռված սասունցիաբնակ գյուղում։ Դիմացն Արարատը՝ մեր իմաստուն լեռը, մշուշի մեջ թաղված, ճեղքված-փեղեկված սրտով, ճերմակագագաթ․․․», - գրում է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Աշնանային արևոտ օրվա մեջ, խաղաղ թվացող երկնքի տակ, մեր վիրավոր հայրենիքն է, սիրել-փարվելու, նրանից ներողություն խնդրելու ՀԱՅՐԵՆԻՔԸ։

Սասնաշենից վեր ու Սասնաշենից վար սասունցիաբնակ ուրիշ գյուղեր էլ կան, ու բոլոր գյուղերի առջև տարին երեք հարյուր վաթսուհինգ օր ու արդեն մեկ դար և ավելի Արարատն է, մեր Սրբազան լեռը։ Բիբլիալան Արարատը միշտ է այնտեղ եղել, Նոյից էլ առաջ, բայց սասունցիների համար այն ուրիշ նշան է, դարից մի քիչ էլ երկար ձգվող նշան։

Սասնո Կոշակ գյուղում ծնված իմ Ֆայաթ/Ստեփան/ պապն ու Փշուտցի Ուստյան տատը, որ հետո Աշնակցի պիտի դառնային, շատերի նման հատելով Արաքսն ու դեգերելով Արևելյան Հայաստանի մի քանի ծաղկուն ու բերրի բնակավայրերում, եկել ու հաստատվել էին ծաղկած քարերի, ամռան տապից ցամաքող ջրերի ու մողեսաշատ ձորերի երկրում, հայացքներն ու միտքը՝ Արարատին, սահմանին մոտ․ ամեն օր ապրելով ու հավատալով ՏՈՒՆ—ԵՐԳԻՐ վերադառնալու երազանքին։

Մինչև վաթսունականները, շատերի նման, մերոնք էլ են ժամանկավոր հյուղակներում ապրել․․․ իրենց տունը, հողն ու ջուրը Սասունն էր, իրենց սիրտն էր Սասունում․․․

Այսօր, Արագածի բարձրադիր փեշին, Սասնաշեն գյուղում, խաղաղ թվացող երկնքի տակ, սասունցիների ու թալինցիների երրորդ կամ չորրորդ սերունդը/Գեղամը, Թադևոսը, Ագնեսը, Տարոնը․․․/ աղ ու հաց էր կիսում Թալինում ու գյուղերում հաստատված Արցախցի մեր եղբայրների հետ․․․

Լռությունը շատ էր, բառերը՝ քիչ․․․

Աչքերում չքողարկվող ցավ ու քարացած արցունք։

Մենք իրար հասկանում էինք անխոսք․․․

Եվ, բառերից անդին, ամենակարևորը՝ ԵՐԳԻՐ ու ԱՐՑԱԽ վերադառնալու կամքը երբեք չի մեռնի, քանի ունենք հավատ, իղձ ու արժանապատվություն։

Մենք՝ մեր տեսակը, հաստատ ունի․․․»։

02.12.2023