կարևոր
2413 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-02 18:17
Աշխարհ

Արևմտյան Եվրոպայում մոլեգնող «Կիարան» փոթորկի պատճառով Ֆրանսիայում կա առնվազն 1 զոհ

Արևմտյան Եվրոպայում մոլեգնող «Կիարան» փոթորկի պատճառով Ֆրանսիայում կա առնվազն 1 զոհ

Գիշերը Եվրոպայի արևմտյան հատվածին պատուհասած «Կիարան» փոթորկի պատճառով Ֆրանսիայում առնվազն 1 մարդ է մահացել, ավելի քան 1,2 միլիոն տներ մնացել են առանց էլեկտրականության, որոնց մեծ մասը՝ Բրետանում։

France 24 պարբերականը հաղորդում է, որ տարածաշրջանում գրանցվել են մի քանի տասնամյակի ընթացքում ամենաուժգին քամիները։ Պուենտ դյու Ռա հրվանդանում քամու արագությունը հասել է 207 կմ/ժ-ի։

Մինչ փոթորիկը շարժվում է դեպի Ֆրանսիայի խորքերը, երկրի 31 դեպարտամենտներում հայտարարվել է վտանգավոր եղանակի «նարնջագույն» մակարդակ։

Ատլանտյան օվկիանոսում ալիքների բարձրությունը կարող է հասնել 8-10 մետրի։ Մինչև նոյեմբերի 3-ի առավոտյան սպասվում են ուղևորությունների գրաֆիկի խափանումներ․ ամբողջ Ֆրանսիայում փակվել են մի շարք օդանավակայաններ և երկաթգծեր։

«Կիարան» փոթորիկը հասել է նաև Միացյալ Թագավորություն և Նորմանդյան կղզիներ։ Ըստ BBC-ի՝ Ջերսի կղզում տասնյակ մարդիկ տեղափոխվել են հյուրանոցներ 160 կմ/ժ արագությամբ քամիների պատճառով։ Անգլիայի հարավում ավելի քան 300 դպրոց է փակվել։ Քամիները քշել-տարել են տանիքներ, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության, գնացքների մի մասը դադարեցրել է աշխատանքը։ Անգլիայի, Շոտլանդիայի և Ուելսի մի քանի հատվածներում հայտարարվել է վտանգավոր եղանակի «դեղին» մակարդակ, որը նշանակում է, որ առկա է մարդկանց կյանքին և ունեցվածքին սպառնացող հնարավոր վտանգ :