|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.28 |
| EUR | ⚊ | € 434.49 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 502.96 |
| GEL | ⚊ | ₾ 137.53 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթը՝ ԱԺ-ում ՄԻՊ 2025 թվականի հաշվետվության քննարկման ժամանակ
«Առհասարակ դժվար է խոսել մարդու իրավունքներից մի դահլիճում, որն այս հինգ տարիների ընթացքում տեսել է դավաճանություն, անպատժելիություն, բռնության խոսք, բռնության վարք, քաղաքական մշակույթի տոտալ սնանկացում և արժեզրկում: Մի միջավայր, որը պարզապես բացառում է երկխոսությունը։ Դժվար է պատկերացնել, բայց այս դահլիճում, խորհրդարանական երկրի վարչապետի շուրթերից, վարչապետ, որը ժողովրդավարության և սիրո խոստովանություններ է շռայլում, լսել ենք հայհոյանք ատելության և արհամարհանքի խոսք ժողովրդի մի հատվածի նկատմամբ՝ նրան անվանելով շուն ու շանգյալ։
Եկեք առանց սեթևեթելու, միմյանց աչքերի մեջ նայելով ասենք, որ այս դահլիճում նստած են մարդիկ, ովքեր պարզապես տեսակային, արժեքային ընդհանրություն չունեն։ Այս դահլիճը արտացոլում է մեր հանրության պատկերը, հանրային բևեռացման, ատելության և հանրային անհանդուրժողականության քվինթէսենցիան։ Բացարձակապես պատահական չէ, որ Ազգային ժողովը վերջին բոլոր սոցհարցումներով ամենացածր հանրային վստահություն և հեղինակություն ունեցող ինստիտուտն է։ Որպես քաղաքական հնաբնակ չեմ կարող չափսոսալ սրա համար․ սա թե՛ ռազմավարական, թե՛ իմիջային կորուստ է, որը վերականգնելն այնքան էլ հեշտ չէ։ Դուք՝ քաղաքական մեծամասնությո՛ւն, կարմիր գծեր հատելու ոչ մի կաշկանդանք չունեք. ձեր թողած հետագիծը, մեր պատմությունից այլևս չջնջվող կորուստների և աղետների պատմություն է:
Բնականաբար, այս մթնոլորտում, նաև երկրի համար խիստ ճակատագրական հանգրվանում Մարդու իրավունքներից խոսելը իրապես դիսոնանս է առաջացնում։ Բայց կարծում եմ՝ պիտի խոսել, որովհետև ազգային և պետական ինստիտուտների և կոնկրետ ՄԻՊ ինստիտուտների հանրագումարով է գոյանում երկրի պատկերն ու որակը։
Տիկին Մանասյանը բավարար կամք և անկախություն ունենալու պարագայում կարող էր փոփոխություն բերել։
Բայց ինչ փոփոխություն, այն էլ մարդու իրավունքների պարագայում, երբ Հայաստանը տարիներ շարունակ, հակառակ ժողբաստիոնի ինքնաբրենդավորման, շարունակում է մնալ, որպես մասնակի ազատ, ավտորիտար ռեժիմի վերաճած մի երկրի, ուր իշխանության բոլոր ճյուղերը կենտրոնացած են մեկ մարդու ձեռքում, և երկիրը բռնել է հարաճուն ոստիկանապետության ճանապարհը:
Բռնությունը, դատական ոլորտի բարեփոխումների տապալումը, մարդու իրավունքի և հիմնարար ազատությունների ոտնահարումները, քաղաքական բանտարկյալները, սահմանադրական կարգի խախտումներն ու եկեղեցու հալածանքը մեր իրականության մշտական ուղեկիցն են:
Երեկ Վեդիում ձերբակալված, բռնության ենթարկված անչափահասների հորեղբայրը մեր երկրում տիրող մարդու պաշտպանվածության ամենացավալի և ցցուն պատկերն է։ Հայաստանում մարդը պաշտպանված չէ։ Մարդը դիմել է ինքիրավչության, որովհետև ամիսներ շարունակ անպաշտպան է եղել, իրավապահ համակարգի հանցավոր անգործության է դրսևորել: Լսում ես մանկավարժական կոլեկտիվի հարցազրույցներն ու հասկանում, որ պարզապես ոստիկանական ծածկադմփոց է տեղի ունեցել:
Այսպիսին է բարեվարքված և ռեֆորմախեղդ ոստիկանության պատկերը. Բա հո ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացու մասին չէ՞, որ միանգամից փռեին ասֆալտին՝ կողերն ու ծնոտ ջարդեին: Եվ կշարունակվեր ծածկադմփոցը, եթե չլիներ լրագրողի և փաստաբանների համառությունը:
Նորից եմ կրկնում՝ ինչպես ասացի երեկ գլխավոր դատախազին: Հայաստանում ՀՀ քաղաքացին պաշտպանված չէ: Բացակա պետությունն այսպես է լինում․․․ բոլոր ոլորտներում անտերություն և անպատասխանատվություն։
Հիմա հարց Ձեզ, Տիկին Մանասյան, ի՞նչ է փոխում հայ մարդու և մեր հասարակության կյանքում ձեր զեկույցը և առհասարակ կանխարգելման ազգային մեխանիզմ հանդիսացող ՄԻՊ ինստիտուտի գոյությունը։
Պատասխաններն ավելի քան ակնհայտ են, թվերով ամրագրված զեկույցի մեջ։ Եթե փաստաթուղթը 2025-ի թվագրությունը չունենար, կարելի էր անցնող չորս տարիների ցանկացած տարեթիվ գրել։
2022-2025թ.թ. վիճակագրությունը գրեթե նույն պատկերի վերարտադրությունն է։ Ձեր առաջարկների կատարումը 20–30%-ի շրջագծում է: Հաշվետու ժամանակահատվածում 487 առաջարկից ամբողջությամբ կատարվել է՝ 113-ը՝ ընդամենը 23.2%-ը: Խնդիրները նույնությամբ կրկնվում են՝
Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների և ազատությունների տասնյակ ոտնահարումներ և անպատժելիություն: Ավանի վարչական շրջանի և այլ օրինակներ…
Ծանր իրավիճակ քրեական արդարադատության ոլորտում՝ բանտերում խոշտանգումներ, բժշկական օգնության անբավարար մակարդակ, ինքնավնասում կատարած անձանց և ինքնասպանությունների աճ /8 դեպք 2025 –ին/, որոնք չեն դառնում պատշաճ քննության առարկա:
Ոստիկանության կողմից իրականացված խոշտանգումներ, ապօրինի զինատեսակներ գործածում և պատասխանատվության ենթարկված ոչ մի ոստիկան:
Բազմաթիվ խնդիրներ խոսքի ազատության ոլորտում, լրագրողների դեմ հարձակումներ, ապատեղեկատվության ու ատելության խոսքի բարձր մակարդակ, լրագրողների թիրախավորում: Այս ամենը միջազգային ինդեքսներում լրջագույն նահանջ են արձանագրել. Հայաստանը 34-րդից իջնել է 50-րդ հորիզոնականի։
Դուք, Տիկին Մանասյան, շարունակում եք լինել արձանագրող: Մի խոսքով՝ կայուն անարդյունավետություն՝ նույն խնդիրներով և նույն ցածր կատարողականով։ Երբ մի ինստիտուտի առաջարկների մոտ 70 տոկոսը կամ չի կատարվում, կամ կատարվում է կիսատ, դա արդեն ոչ թե տեխնիկական խնդիր է, այլ համակարգային խնդիր։
Մարդու իրավունքների պաշտպանությունը չի չափվում գրված էջերի քանակով, այլ փոխված կյանքերով։
Դուք սոսկ հայտարարություն տարածող ծառայություն չեք, ոչ էլ ՀԿ, այլ կանխարգելման ազգային մեխանիզմ՝ երաշխավորված ՄԱԿ-ի կոնվենցիայով և ՀՀ Սահմանադրությամբ:
Ձեր իրական չեզոքությունից և քաղաքացիական կամքով է պայմանավորված ձեր նկատմամբ վստահությունն ու իրական ազդեցություն ունեցող ինստիտուտ դառնալը:
Հատկապես շեշտում եմ ռազմագերիների և Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության խնդիրն ու Ռուբեն Վարդանյանի և Դավիթ Իշխանյանի ձեզ ուղղված դիմումները:
Հիշեցնեմ՝ ՀՀ սահմանադրությամբ Հայաստանից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիները գտնվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո։ Այո, ՄԻՊ-ի լիազորությունները սահմանափակ են, և ես չեմ առաջարկում փոխարինել պետության դիվանագիտական կամ իրավական գործիքներին։ Սակայն նույնիսկ այդ սահմաններում հնարավոր էր ցուցաբերել ավելի մեծ ակտիվություն, նախաձեռնողականություն և հետևողականություն։ Բաքու այցելելու հնարավորությունը, և ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել դրա կազմակերպմանը։ Սակայն այս նախաձեռնությունը դեռևս չի իրականացվել։
Բայց գերադասում եք լռությունն ու իշխող ուժի ալիքի վրա հարմարավետությունն ու նրա շահերի սպասարկումը: Ձեր գործունեության նկատմամբ անվստահությունը կառուցում եմ ինչպես արդյունքների վրա, այնպես էլ իշխանությունների նկատմամբ հավատարմության մի շարք դրվագներով, որոնք խորը հիմքեր են տալիս հարցականի տակ դնելու ձեր քաղաքական չեզոքությունը:
Առիթը բաց չեք թողնում հայտարարելու, թե անկախ մարմին եք, թաքնվում եք չվնասելու, գաղտնիության քողի տակ՝ կոծկելով ձեր և կառավարության անգործությունը։ Խնդիրը նույնն է՝ Միջազգային մոնիտորինգային մեխանիզմների գործարկման ուղղությամբ ոչինչ չեք արել։
Ինչու ՄԻՊ-ը չի փորձում մասնակցել խաղաղության օրակարգին, երբ առկա են հասարակական կազմակերպությունների փոխադարձ այցեր և շփումներ: Ձեր առաքելությունն ավելին է, քան օրենքները, մարդասիրություն, նախաձեռնողականություն, կարեկցանք։
«Մարդու իրավունքների պաշտպանության ժամանակակից համակարգերը պահանջում են, որպեսզի ազատազրկման ընթացքում անձանց իրավունքների պաշտպանության նպատակով առկա լինի միջազգայնորեն ճանաչված՝ անկախության սկզբունքի հիման վրա գործող անկախ մոնիթորինգային մեխանիզմ, ինչը սկզբունքային առաջնահերթություն է նաև այս համատեքստում»։
Լիլիթ Գալստյան