Փոխարժեքներ
14 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Պարբերաբար ՀՀ ԱԺ-ում լսում ենք ինչ-որ օրենքների նախագծերի մասին, որոնք, իբրեւ թե, վերաբերում են խաղամոլությանը ու դրա դեմ պայքարին, սակայն ոլորտում իրավիճակը գնալով ավելի մտահոգիչ է դառնում:
Ամենավերջինը ՔՊ-ական պատգամավորներ Հասմիկ Հակոբյանի ու Գեւորգ Պապոյանի՝ ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն էր, որը ՔՊ-ի կողմից դրական եզրակացություն ստացավ:
Նախագիծն էլ իրենից ենթադրում էր, որ եթե մինչ այս օրենքը թույլ էր տալիս խաղացողներին իրենց խաղային հաշվին կցել այլ բանկային (այդ թվում՝ քարտային) հաշիվ եւ դրա միջոցով խաղադրույքներ կատարել ոչ միայն իրենց պատկանող միջոցներից, այլեւ ցանկացած այլ անձի պատկանող հաշիվների միջոցով, այդ թվում՝ իր ընտանիքի անդամների կամ երրորդ անձանց միջոցով, նախագիծն ընդունվելու դեպքում ամեն մարդ իր բաժին խաղադրույքի ու գույքի, գումարի տերն է լինելու:
Կարճ ասած՝ յուրաքանչյուր խաղացող պիտի կատարի խաղադրույք միայն իր խաղային հաշվից եւ իրեն պատկանող հաշվի միջոցներից: Իհարկե, գուցե լավ նախագիծ է, բայց այսպիսիք շատ են ընդունվել ՀՀ ԱԺ-ի կողմից. թղթի վրա խաղամոլությանը վերաբերող «թիթեռ են նկարել», իսկ իրական կյանքում Հայաստանում խաղամոլների թիվն աճել է հեղափոխական իշխանության տարիներին հեղափոխական տեմպերով:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր. «2017թ.-ին 138,5 մլրդ դրամի խաղադրույք է կատարվել Հայաստանում, 2018թ.-ին այդ թիվն աճել է՝ դառնալով 333,6 մլրդ դրամ, 2019թ.-ին հատել է 1 տրիլիոնի շեմը, 2020թ.-ին՝ մոտ 2 տրլն դրամ, 2021-ի ամբողջ տարում 3,9 տրլն դրամից ավելի խաղադրույք է կատարվել: 2022թ.-ի հունվարից նոյեմբեր՝ 9 ամիսներին, 5,3 տրլն դրամի խաղադրույք է կատարվել Հայաստանում»:
Նկատենք նաեւ, որ ՔՊ-ն, մի կողմից, խաղատնային գովազդները արգելող օրենքներ է ընդունում, մյուս կողմից՝ իշխանության սիրելի եւ հովանավորյալ Vivaro ընկերությունը մարդկանց գրավում է հրապուրիչ արտաքինով կանանց մասնակցությամբ գովազդներով, հայտնիների մասնակցությամբ խաղարկային հոլովակներով եւ այլն: VBet բուքմեյքերական ընկերության սեփականատերեր Վահե եւ Վիգեն Բադալյանները, որոնք իշխանության սիրելի անձանցից են (ավելին՝ Վիգեն Բադալյանի անունը կապվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, որը դեռ 2018 թվականին հայտարարեց, որ Vivaro-ի տեր Վիգեն Բադալյանն իր ընկերն է) անթաքույց շարունակում են իրենց գովազդային արշավները:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս խայտառակ վիճակագրության առիթով կապ հաստատել Vivaro ընկերության հետ՝ պարզելու, թե ինչպես են մեկնաբանում վերը նշված փաստերը, սակայն ապարդյուն:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում