կարևոր
1411 դիտում, 1 օր առաջ - 2025-02-20 12:13
Հասարակություն

Դիտարկումներ «Հայոց պատմության» 8-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ

Դիտարկումներ «Հայոց պատմության» 8-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ

Հայոց պատմություն: 8-րդ դասարանի դասագրքի (Ս. Հովհաննիսյան, Ա. Խառատյան, Զ. Հակոբյան, Երևան, «Մասնակցային դպրոց» ԿՀ, 2024, 112 էջ) վերաբերյալ

Ստորև ներկայացնում ենք մեր դիտարկումներն ու մեր կողմից նկատված սխալներն ու վրիպումները: Եվ այսպես.

  1.  Դասագրքի 5-րդ էջում գրված է հետևյալը. «Մեր դասագրքի յուրաքանչյուր թեմա սկսվում է ակնկալվող վերջնարդյունքների վերաբերյալ տեղեկությամբ (այս և հետագա ընդգծումները մեր կողմից են արված - Ա.Մ.) և թեմային առնչվող նկարով: Այստեղ դու կարող ես կարդալ, թե ինչ կիմանաս և կկարողանաս՝ ուսումնասիրելով այդ թեմայի դասերը»: Նախ՝ կրթական փաստաթղթերում և մասնագիտական գրականության մեջ վերջնարդյունքները սահմանվում են որպես «ձևակերպումներ՝ ինչ պետք է գիտենա, հասկանա և/կամ կարողանա դրսևորել սովորողը ուսուցման ավարտից հետո»: Ապա՝ յուրաքանչյուր թեմայի վերջնարդյունքները դուք՝ դասագրքի հեղինակներդ, վերցրել եք կոնկրետ փաստաթղթից՝ «Հայոց պատմություն» առարկայի ծրագրից (8-րդ դասարան), ուրեմն ինչո՞ւ, ի՞նչ իրավունքով եք «խմբագրել», փոփոխել այդ վերջնարդյունքները:
  2.  Էջ 6. «Դասագիրքն ավելի բաց ու ընդգրկուն դարձնելու համար որոշ դեպքերում տեղադրված են QR կոդեր: Դու կարող ես սկանավորել դրանք քո բջջայինով, բացվող տեղեկությունը համեմատել դասագրքում կարդացածի հետ և վերլուծել»: 1-ին դիտարկման մեջ գրված «Մեր դասագրքի յուրաքանչյուր թեմա սկսվում է… թեմային առնչվող նկարով» և այս երկրորդ դիտարկման մեջ գրվածի առնչությամբ նշենք, որ դասագրքի «Գլուխ 1.1 Իրադրությունը տարածաշրջանում՝ Անիի Բագրատունյաց Հայաստանի անկումից հետո» դասի մեջ զետեղված Նորավանքի և Գոշավանքի նկարների մոտ տեղադրված են QR կոդեր: Սկանավորում և բացում ենք դրանք. տեսնում ենք միայն վերոհիշյալ երկու վանական համալիրների 3D պատկերները: Պատասխանեք, խնդրեմ, վերոհիշյալ նկարները ինչո՞վ են առնչվում դասի թեմային, ապա՝ սովորողը չեղած տեղեկությունը ինչպե՞ս համեմատի դասագրքում չեղած, հետևաբար և՝ չկարդացած տեղեկության հետ:
  3. Էջ 7, 44. Թեմա 3.-ի վերնագրի ծրագրային «ԱԶԳԱՅԻՆ-ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ X-XIV ԴԴ.» ձևակերպումը դասագրքի հեղինակների քիմքին անհաճո է եղել, ուստի դարձել է «3. ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ XI-XIV ԴԱՐԵՐՈՒՄ»:
  4. Էջ 11. «Ավելին՝ կաթողիկոսությունն Անիից տեղափոխվեց արևմուտք՝ Կոստանդնուպոլիս, իսկ հետո՝ Սեբաստիա: Որոշ ժամանակ անց կաթողիկոս Պետրոս Գետադարձը կանչվեց Կոստանդնուպոլիս (1049 թ.) և մի քանի տարի այնտեղ պահվեց «պատվավոր աքսորում»»: Նախ նշենք, որ հայերեն բացատրական բառարանները տալիս են կաթողիկոսություն բառի հետևյալ բացատրությունները. 1. Կաթողիկոսի պաշտոնը՝ աստիճանը՝ տիտղոսը, հայրապետություն: 2. Կաթողիկոսի կողմից այդ պաշտոնը վարելու ժամանակաշրջանը: 3. Կաթողիկոսի իշխանությունը: 4. Կաթողիկոսական հիմնարկ, բարձրագույն հոգևոր իշխանություն: Թվարկված բացատրություններից ո՞րն եք նկատի ունեցել: Այնուհետև՝ ի՞նչ է ստացվում. «կաթողիկոսությունը» Սեբաստիա տեղափոխվելուց «Որոշ ժամանակ անց կաթողիկոս Պետրոս Գետադարձը կանչվեց Կոստանդնուպոլիս (1049 թ.) և մի քանի տարի այնտեղ պահվեց «պատվավոր աքսորում»: Իրո՞ք: Բյուզանդական կայսեր պահանջով՝ « …Պետրոս Ա Գետադարձը 1049-ին, Կ. Պոլիս մեկնելուց առաջ կաթողիկոսական օծմամբ Խաչիկ Բ Անեցուն թողել է փոխանորդ Անիում: Չորս տարի Կ. Պոլսում «պատվավոր աքսորականի» վիճակում պահելուց հետո, Պետրոս Ա Գետադարձին իրավունք են տվել հաստատվել Սեբաստիայում, որտեղ և մնացել է մինչև իր մահը» (տե՛ս Կարեն Մաթևոսյան, Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, 2002, էջ 861)։
  5. Էջ 12. Նկարի բացատրության մեջ Մանազկերտի փոխարեն գրված է Մալազկերտ: Նույն էջում նշված է հետևյալը. «Անիի Բագրատունյաց թագավորության անկումից երկու տարի անց՝ 1047 թ., սելջուկները ներխուժեցին Հայաստան: Օգտվելով բյուզանդական բանակի անգործությունից՝ նրանք գրավեցին և հիմնահատակ ոչնչացրին արհեստագործության ու առևտրի խոշորագույն կենտրոն Արծն քաղաքը (1049 թ.)»: Շարադրանքից արդյո՞ք հասկացվում է, թե Արծնի կործանումը տեղի է ունեցել հաջորդ՝ 1048 թ. (այս թվականն է նշված 7-րդ դասարանի նախկին երկու դասագրքերում և 10-րդ դասարանի դասագրքում) կամ, ըստ այս դասագրքի, երկու տարի հետո՝ 1049 թ.:
  6. Էջ 16. «Բեթանիա, Սուրբ Աստվածածին եկեղեցի»: Նախ՝ «Վրացական Բեթանիա» պետք է գրվեր, որովհետև Բեթանիան գտնվում էր Պաղեստինում՝ Ձիթենյաց լեռան հարավարևելյան լանջին, այն գյուղն էր, որտեղ Հիսուս Քրիստոսը մնաց իր երկրային կյանքի վերջին շաբաթը: Այս գյուղի պատվին էլ անվանակոչվել է Վրացական Բեթանիան: Երկրորդ՝ Վրացական Բեթանիայի գլխավոր եկեղեցին կոչվում է Սուրբ Աստվածածնի Ծննդյան եկեղեցի:
  7. Էջ 18. «Տիգրան Հոնենց եկեղեցին»: Տիգրան Հոնենցի կառուցած եկեղեցին կոչվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ:
  8. Էջ 22. Օլջեյթու խանի (1304-1316) մասին մոտ կես էջ լրացուցիչ նյութ է զետեղված, մինչդեռ Զաքարե և Իվանե Զաքարյանները դասում ընդամենը 5-7 նախադասությամբ են ներկայացված:
  9. Էջ 23. տեղադրված են «Հատված՝ Սևանավանքի դռան պատկերից» և «Հայր Աստծո պատկերաքանդակը Նորավանքում» պատկերները: Այս նկարները ևս չեն առնչվում բուն դասանյութին, հիմնավորված չէ նրանց առկայությունը:
  10. Դասագրքում 1-ին թեմայի երեք դասերում ներկայացված դասանյութերը մակերեսային են, ամբողջական պատկերացում չեն տալիս թեմայի մասին, դրանցով դժվար է ապահովել տրված վերջնարդյունքները:
  11. «Տնտեսությունը, առօրյա կյանքն ու կենցաղը, հասարակական հարաբերությունները Հայաստանում XI-XIV դարերում» և «Հայոց եկեղեցին զարգացած միջնադարում» ծրագրային թեմաներով առանձին դասեր կամ ենթավերնագրերով դասանյութեր չկան:
  12. Էջ 25. «Կիլիկիայում հայերը շատ արագ դարձան գերակշռող բնակչություն՝ քաղաքականապես գերազանցելով հույներին, ասորիներին, արաբներին և հրեաներին»: Բացատրեք, խնդրեմ, թե ինչ ասել է քաղաքականապես գերազանցել:
  13. Էջ 26. «Հայկական իշխանություններից առավել կենսունակ գտնվեց Ռուբինյան տոհմը, որը հաջողությամբ կարողացավ իր շուրջ համախմբել Կիլիկիայի հայությանը»: Էջ 27. «Ռուբինյանները, ինչպես և այլ հայկական իշխանություններ, սկզբում համագործակցում էին նրանց հետ»: Ռուբինյան տոհմը իշխանությո՞ւն է:
  14. Էջ 27. «1098 թ. փետրվարին հայ հոգևորականները դիմավորում են Եդեսիա մուտք գործող Բալդուին Բուլոնցուն: Հեղինակ՝ Ժոզեֆ-Նիկոլա Ռոբեր-Ֆլյորի (1797–1890), 1840 թ., «Խաչակրաց արշավանքները, ծագումը և հետևանքները»»: Իրականում Ռոբեր-Ֆլյորի կտավը կրում է «Բոդուենը տիրանում է Եդեսիա քաղաքին. 1097» («Baudouin s'empare de la ville d'Édesse. 1097») անվանումը:
  15. Էջ 35. «Վերջինիս (Զաբելի - Ա.Մ.) անչափահասության պատճառով նշանակվեց խնամակալ։ Շուտով խնամակալի պաշտոնն իր ձեռքը վերցրեց Կոստանդին Գունդստաբլը»: Ստացվում է, թե Զաբելի խնամակալը ուրիշ մեկն էր, հետո դարձավ Կոստանդին Գունդստաբլը: Այնինչ իրականում մանկահասակ Զաբելի համար նշանակվել էին երեք խնամակալներ՝ Հայոց կաթողիկոս Հովհաննես Զ. Սսեցին, Ատան պայլը և Կոստանդին Գունդստաբլը։ Ատան պայլի սպանությունից և կաթողիկոսի մահվանից հետո է Կոստանդին Գունդստաբլը մնացել որպես Զաբելի միակ խնամակալ։
  16. Էջ 41. «Առևտրին զարկ տալու համար կիլիկյան իշխանավորներն ու թագավորները դրամներ էին հատում արծաթից, պղնձից, իսկ առանձին դեպքերում՝ ոսկուց»: Արդյո՞ք կիլիկյան իշխանավորները դրամներ էին հատում, եթե դրամ հատելու բացառիկ մենաշնորհը պատկանում էր Կիլիկիայի մեծ իշխանին, իսկ թագավորություն հռչակվելուց հետո էլ՝ արքային:
  17. Էջ 42. «Ըստ եկեղեցական կանոնի՝ ամուսնանալիս փեսացուն պետք է լիներ ոչ պակաս, քան 14 տարեկան, իսկ հարսնացուն՝ առնվազն 12 տարեկան»: Ո՞րն է այս պնդման աղբյուրը, ո՞ր եկեղեցական կանոնը: Հայոց կաթողիկոս Ներսես Դ. Կլայեցին (Շնորհալի, 1166-1173 թթ.) իր տված անդրանիկ կաթողիկոսական կոնդակում (Թուղթ ընդհանրական, 1166 թ.), որն ունի իրավական ուժ, պահանջում է, որ « …պսակվելու համար հասուն տարիք պետք է ունենան, տղաները՝ 15-ը լրացրած, իսկ աղջիկները՝ 12-ը կամ ավելին, որպեսզի կարողանան բանականների նման հաճությամբ զուգվել իրար հետ, և հաստատուն լինի զուգավորումը»:
  18. «Կիլիկիայի հայկական թագավորության քաղաքակրթական ժառանգությունը» և «Կիլիկիայի հայկական պետության պետական բանակը, առօրյա կյանքն ու կենցաղը» ծրագրային թեմաներով առանձին դասեր կամ ենթավերնագրերով դասանյութեր չկան:
  19. Էջ 46. «Մասնավոր դպրոցների կատարած գործառույթները նման են ժամանակակից նախակրթարանների գործառույթներին։ Կրթության այս ձևը հարմար էր հատկապես աղջիկների համար»: Իսկ ի՞նչ գործառույթներ են իրականացնում ժամանակակից նախակրթարանները, սովորողներին հայտնի՞ է, կամ դա կրթության ի՞նչ ձև է, որ այդքան հարմար էր հատկապես աղջիկների համար: Ի՞նչ հասկացավ ընթերցողը, առավել ևս՝ 8-րդ դասարանցին:
  20. Էջ 46. «Տարրական դպրոցներում ուսման տևողությունը 2-5 տարի էր։ Ընդհանուր կրթության տևողությունը 7-8 տարի էր, իսկ բարձրագույն կրթությունը տևում էր 4-7 տարի»: Եթե տարրական կրթության տևողությունը 2-5 տարի էր, իսկ բարձրագույն կրթությանը՝ 4-7 տարի, ապա ընդհանուր կրթության տևողությունը կլինի 6-12 տարի, ոչ թե 7-8 տարի:
  21. Էջ 46. «Կրթական ծրագրի հիմքում «յոթ ազատ արվեստներն» էին։ Դրանք էին քերականությունը, ճարտասանությունը, տրամաբանությունը, մաթեմատիկան, երկրաչափությունը, աստղաբաշխությունը, երաժշտությունը»: Յոթ ազատ արվեստներն էին. քերականություն, ճարտասանություն, դիալեկտիկա, թվաբանություն, երկրաչափություն, աստղագիտություն և երաժշտություն (տե՛ս ՀՍՀ, հտ. 8, էջ 126):
  22. Էջ 47. «Հայաստանի նշանավոր կրթական կենտրոններից էր Գետիկի դպրոցը։ Ազատության, իրավահավասարության, արդարության մասին իր հայացքներն այստեղ է շարադրել Մխիթար Գոշը։ Վանքը, ի պատիվ Մխիթար Գոշի, նրա մահվանից հետո անվանվել է Գոշավանք»: Ոչ թե Գետիկի վանքն է անվանվել Գոշավանք, այլ Նոր Գետիկի վանքը (Գետիկի վանքը երկրաշարժից կործանվել էր, իսկ Նոր Գետիկի վանքը հիմնադրվում է նրանից մոտ 20 կմ հեռավորությամբ):
  23. Էջ 48. «Այս դպրոցի ուսուցչապետերից է եղել Թորոս երաժիշտը, որը Լևոն II և Հեթում II թագավորների օրոք եղել է Անգլիայում դեսպան»: Ըստ Ալիշանի՝ Թորոսին «ընդ Պաղտինի դեսպան առաքեալ էին Լևոն Գ և խնամակալ նորին Հեթում Բ՝ յամի 1307, զատ յայլոց՝ և առ Եդուարդ Բ թագաւոր Անգղիոյ» (Սիսուան, էջ 234-235): Այսինքն՝ եվրոպական պետություններից ու Հռոմի պապից օգնություն խնդրելու նպատակով դեսպանություն էին ուղարկել Եվրոպա, որը, «զատ յայլոց», այսինքն՝ ուրիշներից բացի, հանդիպել էր Անգլիայի թագավորին, ոչ թե Թորոսը «Լևոն II և Հեթում II թագավորների օրոք եղել է Անգլիայում դեսպան»: 1306 թ. Հեթում II-ը հրաժարվել էր գահից, այն հանձնել էր եղբորորդուն` Լևոն III-ին (1306-1307 թթ.), իսկ ինքը ստանձնել էր թագավորահոր՝ պայլի (ըստ Ալիշանի՝ «խնամակալ նորին Հեթում Բ») տիտղոսը: Դեսպանությունը դեռևս Եվրոպայում էր, երբ 1307 թ. նոյեմբերի 17-ին Կիլիկիայում գտնվող մոնղոլական զորքի հրամանատար Փիլարղունը Անարզաբա հրավիրեց Լևոն III-ին, Հեթում թագավորահորը, 40 իշխանների և դավադրաբար սպանեց: Ուստի և սխալ է գրել, թե Թորոս երաժիշտը Լևոն II (գահակալել է 1270-1289 թթ., 1307 թվականից 8 տարի առաջ մահացել էր) և Հեթում II (գահակալել է 1289-1306 թթ.) թագավորների օրոք եղել է Անգլիայում դեսպան:
  24. Էջ 48. «Լևոն II-ի հիմնադրած Մեծ Քարի դպրոցն արագ դարձել է հայտնի ու հռչակավոր՝ այնտեղ դասավանդող ուսուցիչների շնորհիվ, որոնցից մեկն էլ գիտնական, բանաստեղծ ու քերականագետ Հովհաննես Երզնկացին էր»: Նախ՝ պարզ չէ, թե խոսքը Լևոն II իշխանի՞, թե՞ Լևոն II թագավորի մասին է, ապա, ըստ Ալիշանի, Մեծքարի վանքի հիմնադիրը Մլեհն է (տե՛ս Սիսուան, էջ 57, հմմտ. Հ. Ոսկեան, Կիլիկիայի վանքերը, էջ 246):
  25. Էջ 48. «Բացատրի՛ր և բնութագրի՛ր • վարդապետական դպրոց • հասարակական դպրոց • տնային կամ մասնավոր դպրոց • գրչարվեստ • րաբունապետ • դպրապետ • իմաստասեր • քերթող • գանձարան • Կիլիկիա • Նարեկավանքի դպրոց • Վարագավանքի դպրոց • Սանահինի վանքի դպրոց • Հաղպատի վանքի դպրոց • Գլաձորի դպրոց… »: Սովորողից պահանջվում է բացատրել և բնութագրել վերը թվարկվածները, այնինչ դասանյութում ընդամենը հիշատակվում են վարդապետական դպրոց, Նարեկավանքի դպրոց, Հաղպատի դպրոց՝ առանց հավելյալ տեղեկության, Վարագավանքի դպրոցի անունն ընդհանրապես դասանյութում չի հիշատակվում, իսկ գանձարանի մասին էլ խոսվում է այս դասից երկու դաս հետո:
  26. Էջ 48. «Առանձնացրո՛ւ քեզ հետաքրքրող տեղեկությունը և քննարկի՛ր դասարանում։ Ո՞ր տեղեկությունն է քեզ ավելի հետաքրքիր թվում և ինչո՞ւ»: QR կոդով նշված տեսանյութում ներկայացվում է հետևյալը. «Եկեք անցնենք Երուսաղեմի պատմության այն հատվածներով, որոնք կապված են հայ թագուհիների հետ և ծանոթանանք նրանց թողած ժառանգությանը»: Բուն դասանյութին՝ «Հայկական մշակույթի վերելքի նախադրյալներն ու զարգացումը XI-XIV դարերում», հեռավոր աղերսներ ունեցող, ուսումնական ոչ կարևոր նշանակությամբ տեսանյութը դիտելու, տեղեկություն առանձնացնելու և դասարանում քննարկելու իմաստը ո՞րն է, ընդամենը դասաժամ սպառե՞լը:
  27. Էջ 49. «Տիրապետող դարձան ժամանակագրություններն ու տարեգրությունները»: Իսկ գուցե սովորողներին, և ոչ միայն, բացատրեի՞ք, թե ի՞նչ տարբերություններ կան ժամանակագրությունների ու տարեգրությունների միջև:
  28. Էջ 50. «Նա փորձում էր բացատրել ֆիզիկական երևույթների բնական պատճառները, քանի որ նրա փիլիսոփայության կարևոր հիմնահարցերից էր մարդու տեղը տիեզերքում»: Հետաքրքիր է, թե ֆիզիկական երևույթների բնական պատճառների բացատրությունը որքանո՞վ է նպաստում մարդու տեղը տիեզերքում հիմնահարցի լուսաբանմանը:
  29. Էջ 51. «Իրավական նորմերը կարգավորում էին սոցիալական կյանքը։ Դրանք նաև անհրաժեշտ էին, քանի որ մուսուլմանական տիրապետության տակ գտնվող հայերին մուսուլմանական դատարանները հրաժարվում էին օգնել»: Այսինքն՝ ի՞նչ, իսկ հայկական պետական կազմավորումների սահմաններում ապրող հայերին դատարանները օգնո՞ւմ էին, կամ այդ նորմերը ինչպե՞ս էին օգնելու մուսուլմանական տիրապետության տակ գտնվող հայերին:
  30. Էջ 52. Պահանջվում է բացատրել և բնութագրել Ներսես Շնորհալուն, որի մասին, սակայն, տվյալ դասանյութում տեղեկություն չկա, նույնիսկ անունը չի հիշատակված: Ընդհանրապես դասագրքում (այս դասի վերջում ևս) տրված են առաջադրանքներ, որոնք կատարելու համար դասի մեջ համապատասխան շարադրանք չկա, կամ էլ առաջադրանքներ, որոնք հեռավոր աղերս ունեն դասի հետ ու դրանց ուսումնական նպատակը մեթոդապես հիմնավորված չէ: Օրինակ՝ «Հայ պատմագրությունը, փիլիսոփայությունը, իրավագիտությունն ու բնական գիտությունները XI-XIV դարերում» դասից հետո տրված է այսպիսի առաջադրանք. «Վերլուծի՛ր: Գրավոր տեքստերում խոսակցական լեզվի օգտագործումն ինչպե՞ս կարող է ազդել տեքստի մատչելիության վրա»:
  31. Էջ 58. Պահանջվում է բացատրել և բնութագրել հուշկապարիկ բառը, որի մասին, սակայն, տվյալ դասանյութում (նաև՝ ամբողջ դասագրքում) տեղեկություն չկա:
  32. Էջ 61. «Այդ գործում մեծ էր Զաքարիա Աղթամարցու ներդրումը։ Վերջինս, միավորելով Աղթամարի և Էջմիածնի կաթողիկոսությունները, քայլեր ձեռնարկեց նաև երկրի քաղաքական միավորման ուղղությամբ»: Գուցե լուսաբանե՞ք, թե ինչ նկատի ունեք՝ գրելով «միավորելով Աղթամարի և Էջմիածնի կաթողիկոսությունները»:
  33. Էջ 70. «Հայաստանի ազատագրման գործը XVIII դ. կրկին կապվեց Եվրոպայի աջակցության հետ։ Սսի (Կիլիկիայի) կաթողիկոս Խաչատուր Գ Գաղաթացին նորից փորձում էր դրան հասնել Հռոմեական եկեղեցուն դավանական զիջումներ անելու ճանապարհով։ Նույն ժամանակ Եվրոպայի օգնությամբ հակաօսմանյան պայքարին մասնակցեցին նաև հայ վաճառականները, հատկապես Մահտեսի Մուրադը»: Խաչատուր Գ. Գաղատացին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս է եղել 1657–1674 թթ., իսկ Մահտեսի Մուրադն էլ (Շահմուրատ Բաղիշեցի) մահացել է 1684 թ., հետևաբար երկուսն էլ XVII դ. գործիչ են, ոչ թե XVIII դ.:
  34. Էջ 76. «ծովային և օվկիանոսային ուղիները», էջ 80. «ծովային և օվկիանոսային առևտուր» և «ծովային-օվկիանոսային առևտուրը»: «Ծովային ուղի» կամ «ծովային առևտուր» հասկացություններին օվկիանոսային բառն ավելացնելու իմաստը ո՞րն է, օվկիանոսային բառն այդ ի՞նչ նրբիմաստ ունի, որը չի տալիս ծովային բառը (նույնը վերաբերում է նաև «ցամաքային-քարավանային առևտուր» (էջ 76, 80) բառակապակցության մեջ ցամաքային բառին):
  35. Էջ 78. «Հայ ազատագրական պայքարը XVIII դարի երկրորդ կեսին» դասի մեջ որպես լրացուցիչ նյութ տրված է Հնդկահայ հայտնի առևտրական, խոշոր մտավորական Շահամիր Շահամիրյանի մոր՝ Աննա(մ) խաթունի նամակի մասին. « …նամակը տարբերվում է այլ նամակներից նրանով, որ պարունակում է կնոջ մազափունջ՝ կապված կարմիր բարակ ժապավենով»: Ապա, որպես առաջադրանք, տրված է այդ տեղեկության վերլուծություն. «Ի՞նչ ես կարծում, ի՞նչ գործոններ կարող էին ստիպել Աննա Խաթունին օգտագործել իր մազերը՝ որպես իր նամակի իսկությունը հաստատելու ձև։ Ինքդ նման դեպքում ուրիշ ի՞նչ միջոցի կդիմեիր՝ քո ինքնությունը հաստատելու համար։ Ի՞նչ նման օրինակներ կհիշես հեքիաթներից, վեպերից, ֆիլմերից և մշակույթի այլ ձևերից»: Պատասխանեք, խնդրեմ, այս առաջադրանքի կատարումը ստորև տրված 12 վերջնարդյունքներից որի՞ կատարումն է ապահովելու կամ որի՞ կատարմանն է դույզն-ինչ նպաստելու.

1.       Նկարագրի տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը և Հայաստանի ներքին ու արտաքին դրությունը XVIII դարում:

2.         Ներկայացնի և համեմատի XVIII դարի ազատագրական պայքարի առանցքային դրվագները, կարևոր փաստերը, երևույթները, իրադարձությունները, վերլուծի դրանց արդյունքներն ու հետևանքները:

3.         Նկարագրի արևելահայերի, արևմտահայերի և գաղութահայության սոցիալ-տնտեսական կյանքը, հասարակական հարաբերությունները, առօրյա կյանքն ու կենցաղը, բացահայտի ընդհանրություններն ու առանձնահատկությունները։

4.         Նկարագրի հայ առևտրական կապիտալի ձևավորման պայմանները, կենտրոնները, համաշխարհային առևտրի ու տնտեսության մեջ նրա ներգրավածությունը:

5.         Բնութագրի և համեմատի XVIII դարի ակնառու գործիչների գործունեությունը:

6.         Բացատրի հարաբերությունները հարևան և աշխարհի երկրների, ժողովուրդների հետ, ուրվագծի հարաբերությունների և պատմական զարգացումների այլըտրանքային տարբերակներ։

7.         Բացահայտի և մեկնաբանի XVIII դարում հայ ինքնությանը սպառնացող մարտահրավերները:

8.         Համեմատի Հայաստանի ազատագրության ծրագրերը, գործիչների առաջադիմական գաղափարները, աշխատությունները, արտահայտի դիրքորոշում  և տեսակետ դրանց վերաբերյալ, փորձի կազմել ծրագիր:

9.         Գնահատի Հայոց եկեղեցու ներդրումը ազատագրական պայքարում:

10.       Արժևորի XVIII դ. ազատագրական պայքարի արդյունքները՝ կարևորելով դրված նպատակների իրականացման գործում միասնական և փոխհամաձայնեցված պայքարի նշանակությունը:

11.       Գնահատի Արցախի և Սյունիքի ազատագրական պայքարի արդյունքներն ու նշանակությունը, արժևորի պատմական փորձի, ձեռքբերումների յուրացման ու հաջորդ սերունդներին փոխանցման անհրաժեշտությունը:

12.       Բացատրի ազատության գաղափարն իր ընկալմամբ և փորձի կազմել տվյալ ժամանակաշրջանում Հայաստանի ազատագրության ծրագրի նախագիծ։

  1. Էջ 84. «1828 թ. ապրիլին ռուսաց ցար Նիկոլայ I-ի հրամանագրով Արևելյան Հայաստանի նորագրավ տարածքներից ստեղծվեց Հայկական մարզը»: Հայկական մարզը տեղծվել է Նիկոլայ I-ի՝ 1828 թ. մարտի 21-ի հրամանագրով:
  2. Էջ 86. «Ախալցխայի ճակատամարտը (1828) նկարիչ՝ Յանուարի Սուխոդսկի»: Նկարչի ազգանունը Սուխոդոլսկի է, ոչ թե Սուխոդսկի:
  3. Էջ 92. «Ղրիմի պատերազմից հետո արևմտահայերը բախվեցին նոր խնդիրների. օսմանյան կառավարությունը սկսեց բռնագրավել նրանց հողերի մի մասը՝ այնտեղ Ղրիմից գաղթած չերքեզների բնակեցնելու համար»: Հայտնի փաստ է, որ 19-րդ դ. 50-60-ական թթ. Հյուսիսային Կովկասից Օսմանյան կայսրություն տեղափոխված  լեռնականների մեջ գերակշիռ մեծամասնություն էին կազմում չերքեզները և նրանց ազգակից ադըղեացիները: Թե որն է դասագրքի հեղինակների աղբյուրը, ըստ որի՝ Օսմանյան կայսրություն բերված գաղթականները՝ մուհաջիրները, եղել են Ղրիմից, մնում է անհայտ:
  4. «Զեյթունի ինքնավարությունը:  1862 թ. Զեյթունի հերոսամարտը» կամ «Ազատագրական պայքարի վերելքը: (Ֆիդայական շարժման) Առաջացման նախադրյալները, շարժման ծավալումը» ծրագրային թեմաներով առանձին դասեր կամ ենթավերնագրերով դասանյութեր չկան: 1862 թ. Զեյթունի հերոսամարտի մասին ընդամենը խոսվում է «Հայ ազատագրական խմբակներն ու կազմակերպությունները» ենթավերնագրի ներքո՝ այն էլ՝ վեց՝ լիարժեք պատկերացում չապահովող նախադասությամբ: Ի շարս դրանց՝ գված է հետևյալ նախադասությունը. «1862 թ. Զեյթունի ապստամբությունը օսմանյան կառավարության դեմ ուղղված ապստամբությունների սկիզբն էր, որոնք լայնածավալ աջակցություն ստացան կայսրության այլ վայրերում գտնվող հայերի կողմից»: Ոչ, 1862 թ. Զեյթունի ապստամբությունը ամենևին էլ օսմանյան կառավարության դեմ ուղղված ապստամբությունների սկիզբը չէր: XVI դ․ սկսած՝ Զեյթունի բնակչությունը զենքը ձեռքին մաքառել է իր անկախության համար և ապահովել իր կիսանկախ վիճակը (Մուրադ IV-ի՝ 1622 թ. հրովարտակով) Օսմանյան կայսրությունում։ Բայց Բ․ Դուռը երբեք չհաշտվեց նման դրության հետ և բազմիցս (միայն XVII–XIX դդ․ 1-ին կեսին՝ շուրջ 40 անգամ) փորձեց ընկճել լեռնագավառի ըմբոստ բնակիչներին և հպատակեցնել Զեյթունը։ Թուրքական ոտնձգություններին զեյթունցիներն ամեն անգամ պատասխանում էին ապստամբությամբ և հերոսական ինքնապաշտպանությամբ (տե՛ս ՀՍՀ, հտ. 3, էջ 684):
  5. Էջ 95. «Հնչակ» թերթի լուսանկարի տակ գրված է. ««Հնչակ» թերթի առաջին համարի առաջին էջը»: Գրքի էջը փոքր-ինչ մեծացնելուց հետո պարզորոշ կարդում ենք թերթի վրա  տպագրված հետևյալ նշումները. «ՔՍԱՆԵՒԵՕԹՆԵՐՈՐԴ   ՏԱՐԻ    № 2     ԴԵԿՏԵՄԲԵՐ       1914»:
  6. Էջ 103. «Սայաթ-Նովան ապրել է բազմալեզու միջավայրում՝ Թիֆլիսում, ուստի բացի հայերենից գրել է նաև հարավկովկասյան այլ լեզուներով»: Փաստորեն, այստեղ գործ ունենք լեզուների դասակարգման նոր փորձի հետ, ըստ որի՝ հայերենը նոր՝ հարավկովկասյան լեզվաընտանիքի կամ գոնե լեզվաճյուղի լեզու է, կամ էլ՝ կովկասյան լեզվաընտանիքի հարավկովկասյան ենթախմբի լեզու:
  7. Էջ 103. «XVI-XVIII դդ. չափածոյի տարատեսակ է պոեմը, որը գրվում է ինչպես տեղական և միջնադարյան հիմքի վրա (Գրիգոր Լուսավորչի և Ալեքսանդր Մակեդոնացու կյանքը լուսաբանող), այնպես էլ եվրոպական նորագույն թեմաներով ներշնչված»: Պոեմը միայն XVI-XVIII դդ. է՞ր չափածոյի տարատեսակ: Գուցե եվրոպական նորագույն թեմաներով ներշնչված և XVI-XVIII դդ. գրված որևէ պոեմ հիշատակեիք:
  8. Էջ 103. Խ. Աբովյանի դիմանկարի մոտ QR կոդով նշված տեսանյութում ներկայացվում է Խ. Աբովյանի կյանքն ու գործունեությունը, որն ավելի շատ նախատեսված է ու օգտակար կարող է լինել հայ գրականության ուսուցչի համար:
  9. Էջ 104. «Ճարտարապետների շարքում առանձնանում էր Թորոս Թորամանյանը, Հովհ. Քաջազնունին, Գ. Տեր-Միքայելյանը և ուրիշներ։ Նույն գործընթացներն էին ընթանում հայկական գաղթօջախներում, որտեղ գործել են մեծ համբավ վայելող հայ ճարտարապետներ»: Առանձնանում է՞ր, թե՞ առանձնանում էին, իսկ ինչո՞վ էին առանձնանում: Այդ ո՞ր նույն գործընթացների մասին է խոսքը՝ առանձնանալո՞ւ, թե՞ այլ: Իսկ ո՞վ է Գ. Տեր-Միքայելյանը, գուցե Գաբրիել Միքայելի Տեր-Միքելյա՞նը (Տեր-Միքելով, տե՛ս ՀՍՀ, հտ. 11, էջ 679). այդ դեպքում՝ ինչո՞ւ եք «սրբագրել» Տեր-Միքելյան ազգանունը և դարձրել Տեր-Միքայելյան:
  10. Էջ 107. «XX դարի սկզբին Հայոց եկեղեցին պայքար է մղել ցարական իշխանության վարած հակահայ քաղաքականության դեմ՝ Մկրտիչ Ա Խրիմյանի գլխավորությամբ։ Ազգային գույքը վերադարձվել է 1905 թ.»: Երկրորդ նախադասությունը գրելու իմաստը ո՞րն է, ի՞նչ կապ կա նախորդ նախադասության հետ:
  11. Էջ 108. «Անգնահատելի է Մխիթարյանների ներդրումը հայագիտության տարբեր ոլորտներում, ինչպիսիք են՝ կրոնագիտությունը, պատմությունը, լեզվաբանությունը, բառարանագրությունը և գեղարվեստական գրականութունը, ինչպես նաև բնագիտությունը և պատմական աշխարհագրությունը»: Հայագիտության տարբեր ոլորտներ են Հայոց պատմությունը, հայ լեզվաբանությունը, հայ բառարանագրությունը, Հայաստանի պատմական աշխարհագրությունը, հայ մշակույթի պատմությունը և այլն, բայց ո՛չ ձեր թվարկած անվանումները, մանավանդ՝ կրոնագիտությունն ու բնագիտությունը:
  12. Դասագրքում զետեղված են ընդհանուր թվով 8 քարտեզ, որոնք չունեն պայմանական նշանների համակարգ, իսկ պայմանական նշանները քարտեզի լեզուն են և օգնում են ընթերցողին, այս դեպքում՝ աշակերտին, յուրացնելու քարտեզի բովանդակությունը: Այսինքն՝ դասագրքում զետեղված քարտեզները չունեն ուսումնական նշանակություն, դրանք ընդամենը պատկերազարդումներ են: Քարտեզների մոտ առկա են QR կոդեր՝ հետևյալ մակագրությամբ. «Քարտեզի բարձրորակ պատկերը ներբեռնեք այս հղումով»: Բացում ենք հղումը: Իրոք, բարձորակ են: Բայց որքանո՞վ է արդյունավետ դրանց օգտագործումը: Քարտեզների մոտ առկա է հետևյալ նշումը. «Քարտեզը տրամադրել է ՀՀ Կադաստրի կոմիտեն»: Քարտեզի հեղինակը նշված չէ ո՛չ այստեղ, ո՛չ էլ դասագրքում: Իսկ դասագրքի վերջում (էջ 112) նշված է. «Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են»:
  13. Դասագրքում զգալի թիվ են կազմում վրիպակները, սխալները, այդ թվում՝ կետադրական և ուղղագրական, կան հատուկ անունների գործածության զուգաձևություններ (օրինակ, էջ 8, 13, 43, 59, 67, 70, 75, 84, 90, 92, 106 և այլն):
    Այսքանով, սակայն, չեն սպառվում խոտելի ու խոտանելի դասագրքում եղած մասնագիտական սխալները, վրիպումներն ու անճշտությունները: Հուսանք, որ մեր կատարած դիտարկումները հաշվի կառնվեն դասագրքի լրամշակման դեպքում և կնպաստեն դասագրքի որակի բարելավմանը, իսկ հեղինակն էլ, վերջապես, կընդունի իր կազմած անորակ դասագրքերը խոտանելու հրատապությունը:

 

Արման Մալոյան

Պատմական գիտությունների թեկնածու