Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2023 թ․ սեպտեմբերի 19-ին՝ ցերեկվա ժամը 1-ին, ադրբեջանական զինուժը լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի դեմ՝ կիրառելով մեծաթիվ ծանր տեխնիկա, հրետանի և օդուժ։ Հերթական պատերազմը Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես ներկայացրին որպես հակաահաբեկչական գործողություն։ Նույն օրվա երեկոյան, մոտավորապես նույն ժամանակ, երբ ռազմական գործողությունները խիստ նվազել էին, իսկ թշնամուն չէր հաջողվել, բացի մի քանի պահակակետերի գրավումից, լուրջ առաջխաղացում արձանագրել, ադրբեջանական կողմը հայտարարեց, թե հնարավոր է դարձել հասնելու հակաահաբեկչական գործողությամբ սահմանված նպատակների իրականացմանը։ Տպավորությունն այն էր, թե սրանով հերթական ագրեսիան կդադարեցվի, սակայն, ադրբեջանական զինուժին հաջողվեց տարբեր ուղղություններով ճեղքել հայկական պաշտպանությունը և առաջ ընթանալ։ Հայտնի է, թե հաջորդ օրվա ճիշտ ցերեկվա ժամը 1-ին ինչ պայմաններով հնարավոր դարձավ հաստատել զինադադար։
Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ Ադրբեջանի իշխանություններն իրենց առջև առավելագույնին հասնելու նպատակը չէին դրել, այլ ցանկանում էին նախ՝ ոչնչացնել սահմանային գծով շարված հայկական կողմի ռադիոլոկացիոն սարքերը՝ հասնելու դիրքային նոր առավելությունների և հընթացս շոշափելու, ի դեմս խաղաղապահների, առաջին հերթին Ռուսաստանի և ապա արտաքին այլ ուժերի արձագանքը։ Իհարկե, սա էլ չի նշանակում, թե թուրք-ադրբեջանական ուժը նախապես չէր հաշվել, թե ինչպիսին կլինի միջազգային հնարավոր արձագանքը։ Իրավամբ էլ, նույն օրը ՄԱԿ-ից սկսած մինչև գերտերություններն ու այլ պետություններ և առանձին քաղաքական գործիչներ դատապարտող խոսքեր ասացին, պահանջեցին դադարեցնել ագրեսիան, սակայն Ադրբեջանը շարունակեց և ավարտին հասցրեց իր բարբարոսական ծրագիրը։ Սա նշանակում է, որ նա համարժեքորեն էր գնահատում այդ բոլոր հայտարարությունները՝ լավ հասկանալով, որ ինչպես մինչ այժմ դատարկ դատապարտումներին ու զգուշացումներին ոչինչ չի հետևել, նույնն էլ լինելու է այս անգամ։ Նույն այդ տերությունները բազմիցս բացահայտորեն հայտարարել են, որ Ադրբեջանից լուրջ ակնկալիքներ ունեն, մասնավորապես խոսքը վերաբերում է ռուսական էներգակիրներից հրաժարվելու պայմաններում դրանց մեկ մասը Ադրբեջանի հաշվին և Ադրբեջանի տարանցիկ ուղիներով լրացնելուն։
Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդի մենաշնորհին հավակնող Ռուսաստանը, հանուն Արցախի կամ Հայաստանի որևէ ցանկություն չի դրսևորում հարաբերությունները փչացնելու Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի հետ, երբ վերջիններիս հետ շաղկապված է ճանապարհային, լոգիստիկ, տնտեսական, իհարկե՝ քաղաքական զանազան կարևոր գործոններով։ Սրանով հանդերձ, օրեր անց եղավ տեղեկատվական արտահոսք, փաստող, որ շահագրգիռ դաշնակից երկու տերությունները ձեռքերը լվացած և մի կողմ քաշված չեն եղել։ Ինչպես հայտնեց ռուսաստանաբնակ արևելագետ Կարինե Գևորգյանը․ «Փաշինյանը ստել է՝ ասելով, որ ռուսական խաղաղապահ զորախումբը չի միջամտում իրավիճակին։ Ես կարող եմ կիսվել ներքին տեղեկություններով: Շոյգուն այցելել է Թեհրան, որտեղ ռուսական և իրանական կողմերն առաջարկել են լուծում, որը կարող է իրականացվել իրավիճակը փրկելու՝ անարյուն լուծման համար։ Լուծումը շատ խոստումնալից էր, բայց դրա համար անհրաժեշտ էր Փաշինյանի համաձայնությունը՝ օգտագործելու Հայաստանի տարածքը որպես հենարան։ Սակայն Փաշինյանը վախկոտորեն հրաժարվեց՝ ամբողջ աշխարհին հայտարարելով, որ Ռուսաստանը ոչինչ չի անում»։ Ըստ Կարինե Գևորգյանի՝ Շոյգուի և Իրանի ՊՆ նախարարի հանդիպմանը երեք անգամ հրավիրվել է Հայաստանի ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, սակայն նա մերժել է։ Այսպիսով՝ ևս մեկ անգամ ակնհայտ է դառնում, որ ամբողջովին Արևմուտքի ու թուրք-ադրբեջանական տանդեմի խամաճիկը դարձած Նիկոլ Փաշինյանը պատրաստ է փաստացի մասնակիցը դառնալ Արցախի վերջնական կործանմանն ու արցախահայության ցեղասպանությանը, բայց ունակ չէ կամ չի ցանկանում հրաժարվել Արևմուտքի ու ադրբեջանաթուրքական տանդեմի առջև ունեցած ծառայությունից։
Այս օրերին բացահայտվող տեղեկատվությունից հայտնի դարձավ նշանավոր ստախոսի ևս մեկ կեղծիքը․ պարզվում է, որ Ռուսաստանը չի հրաժարվել Հայաստանին զենք վաճառելուց, հրաժարվողը եղել է Հայաստանը, որի իշխանությունը նույնիսկ գնված զենքը չի ներկրել Հայաստան։ Հայաստանի ղեկավարությունը նույն կերպ հրաժարվել ու հրաժարվում է ռազմական համագործակցությունից այն միակ երկրի հետ, որի շահերից է օբեկտիվորեն բխում Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը։ Նիկոլ Փաշինյանը անգամ 44-օրյա ճակատագրական պատերազմի օրերին հրաժարվեց օգտվել իր դաշնակիցների օժանդակությունից, որովհետև դա լավ չէին ընդունելու վերջիններիս, ինչպես և Հայաստանի թշնամիները։ Իսկ արդեն վերջին ժամանակներում Հայաստանի իշխանությունը մերժեց Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը, անցել է հարաբերությունների բացահայտ սրման, միևնույն ժամանակ Հայաստանում կազմակերպում է հայ-ամերիկյան զորավարժություններ։ Բոլորովին ավելորդ չէ շաղկապելը Ռուսաստանին անհանգստացնող այս զորավարժությունների փաստը ճիշտ հաշվարկով Արցախի վրա ադրբեջանական հարձակման փաստի հետ։ Ակնհայտորեն Հայաստանի բախտախնդիր ու ազգադավ ղեկավարին գայթակղում է Զելենսկու «փառքը»։
Արցախը խորտակելու իր ծրագիրը կատարելուց հետո Նիկոլ Փաշինյանի ձեռքերն ազատ կլինեն՝ իրականացնելու արտաքին պատվիրատուների հաջորդ և ավելի կարևոր հանձնարարությունները՝ դադարեցնելու Ռուսաստանի հետ բոլոր տեսակի ռազմական համագործակցություններն ու երկրի տարածքից դուրս բերելու դաշնակից երկրի ողջ ռազմուժը, այդ թվում՝ հայ-թուրքական սահմանը պահող ռուսական սահմանապահ զորքերին և Զանգեզուրից, որպես միջանցք, տարածք տալու թուրք-ադրբեջանցիներին։ Այժմ, երբ ըստ արևմտաթուրքական դաշինքի՝ ամբողջովին լուծվել է Արցախի հարցը, առավել ևս հրատապ է դառնում հնարավորինս կարճ ժամանակահատվածում լուծելու այն խնդիրները, առանց որոնց առաջինի լուծումը մեծ արժեք չունի։ Եթե գլխավոր խնդիրը տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ուղիների հարթումն է, ապա առանց այս հարցերի լուծման վերջինս ևս անհնարին է։ Իսկ ժամանակը չի սպասում, աշխարհաքաղաքական և աշխարհակարգային փոփոխությունները իրականություն են դառնում զգալի արագությամբ և դժվար է կանխագուշակել, թե տեսանելի հեռանկարում ինչպիսի տեսք կստանա աշխարհաքաղաքական քարտեզը։ Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանի և նրա անհայրենիք խառնախմբի հայտնվելը Հայաստանի կառավարման ղեկի մոտ չսպասված նվեր էր, որն այլևս կարող է չկրկնվել երբևէ։ Հայ ժողովրդի սերունդները դժվար թե երբևէ այնքան ապուշ գտնվեն, որ ևս մեկ անգամ կրակեն սեփական սրտին։
Բազմաչարչար ու մայր հայրենիքի կողմից լքված Արցախի ստացած նոր, ծանր հարվածը կարծես թե Հայաստանում շատերի համար ունեցավ սթափեցնող նշանակություն և ակնհայտ դարձրեց ոչ միայն կատարվածի ողջ ողբերգականությունը, այլև հեռանկարի ահավորությունը։ Հայ ժողովուրդը կարծես թե ոտքի է ելել դավաճան ու հայրենակործան իշխանությանը անպայմանորեն հեռացնելու վճռականությամբ։ Ունակ և գիտակից կլինի՞ ժողովուրդը՝ չնահանջելու, պայքարը շարունակելու մինչև նպատակի վերջնական իրագործումը։ Իրականությունը փաստվում և վճռվում է հենց հիմա, իսկ այլընտրանքը դավաճանված Հայաստանի կործանումն է։
Արտաշես Շահբազյան
ՀՅԴ գաղափարաբան